Սերժանտները ծեծել են իրենց ծառայակցին

18/10/2011

ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողների միջեւ ոչ կանոնադրային հարաբերությունների դրսեւորմամբ հերթական միջադեպն է արձանագրվել: Յոթ սերժանտներ դաժան ծեծի են ենթարկել իրենց ծառայակից ընկերոջը, տեղացել սեռական բնույթի հայհոյանքներ: Տուժողը մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել, կոտրել են նրա քիթը: Նրանց ծեծկռտուքը սկսվել է կատակից, վերածվել հայհոյանքների, այնուհետեւ` ծեծի: Պաշտպանության նախարարությունը ձեռք բերված տեսանյութով տեղեկացել է կատարվածի մասին: Պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը Ռազմական ոստիկանությունում հանդիպել է միջադեպի մասնակիցներին: Նրա խոսքով` միջադեպը կարող էր վերաճել արագ զարգացող սիտուացիոն հանցագործության: Եթե նախարարությունը շուտ չտիրապետեր իրավիճակին, չէր կարողանա կանխել հերթական դժբախտությունը. միջադեպի հաջորդ օրը զինծառայողը, որին ծեծել էին ընկերները, ծառայողական զենքով պետք է հերթապահության կանգներ, եւ Վ. Գասպարյանը մտավախություն ուներ, որ տուժողը կարող էր հաշվեհարդար տեսնել: Նրա խոսքով` բանակում նման դեպքերն այլեւս չեն կարող թաքնված լինել: «Ստեղծված են մեխանիզմներ, որ, եթե 24 ժամվա ընթացքում չբացահայտվեն, կիմացվեն 48 ժամվա ընթացքում, բայց ոչ 3 օրից ավելի»,- ասել է նա: Նրա խոսքով` միջադեպի մասնակիցները զղջում են իրենց արարքի համար: Հանդիպմանը ներկա սպաների փոխանցմամբ` «սերժանտներից յուրաքանչյուրն առանձին-առանձին նորմալ վարքի տեր անհատներ են, աչքի են ընկել կարգապահությամբ, սակայն տարօրինակ է, որ միասին նրանք նման դաժանություն են ցուցաբերել ծառայակից ընկերոջ հանդեպ»: Բոլոր զինծառայողներն էլ մոտ 45 օրից պետք է զորացրվեին: