«Ես երբեք չեմ քննադատել պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականությունը: Ես պարզապես զգուշացնում էի, որ պաշտոնական Բաքվի մոտ բացակայում են արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչն էլ լուրջ բարդություններ է առաջացնելու: Ցավով նշում եմ, որ հենց այդպես էլ եղել է»,- ռուսական «Regnum» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ, Բաքվի Արեւելք-Արեւմուտք հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արասթուն Օրուջլուն` ավելացնելով. «Պաշտոնական Բաքուն երկար ժամանակ պնդում էր, որ իրականացնում է արտաքին քաղաքականության հավասարակշռված կուրս: Սակայն այսօր քաղաքականությունից այնքան էլ չհասկացող մարդու համար ակնհայտ է, որ անհնար է միաժամանակ լավ հարաբերություններ ունենալը Իրանի եւ ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ռուսաստանի, Իրանի եւ Իսրայելի, Թուրքիայի եւ Իսրայելի հետ։ Ես դեռ չեմ թվարկել այդ «հավասարակշռության» բոլոր տարբերակները: Այսօր անհնար է գտնել գեթ մեկ երկիր, որին կարելի լինի համարձակորեն անվանել Ադրբեջանի դաշնակից: Եթե պաշտոնական Բաքվի այդ քաղաքականությունը հանգեցրել է անգամ եղբայրական Թուրքիայի հետ բարդությունների առաջացմանը, ապա Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մասին կարելի է ընդհանրապես չխոսել:
Եթե այնպիսի «թույլ» գործիքը, ինչպիսին որ «Wikileaks»-ն է, ի վիճակի է եղել խարխլելու պաշտոնական Բաքվի ու նրա գործընկերների միջեւ վստահությունը, ապա դա նշանակում է, որ որեւէ գործընկերային հարաբերություն չի էլ եղել»: