Ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն

18/10/2011 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հոկտեմբերի 16-ին ժամը 13:00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X5» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ կա դիակ:

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, Քրեական հետախուզության գլխավոր վարչության սպանությունների բաժնի, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Քրեական հետախուզության վարչության աշխատակիցները: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում` հայտնաբերել է «BMW X5» մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է «Արայ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր, Երեւանի բնակիչ, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին, մատը ձգանին «ՏՏ» մակնիշի ատրճանակ: Քննչական մարմինը ավտոմեքենայի աջ նստատեղին դրված կաշվե սեւ պայուսակի միջից հայտնաբերել է բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտներով, «ՏՏ» մակնիշի ատրճանակի 6 փամփուշտ եւ մեկ կրակված պարկուճ: Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ: Մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքից անմիջապես հետո գրեթե բոլոր հաղորդագրություններում կատարվածը որակվում էր որպես ինքնասպանություն: Որոշ ժամանակ անց լուրեր տարածվեցին, թե նրան դրդել են ինքնասպանության: Սակայն շատերի մոտ կասկածներ էր հարուցել Արմեն Պետրոսյանի մարմնի, ձեռքերի դիրքը: «Արայի» սեփականատիրոջ մահը երեկ «Facebook»-ում ամենաքննարկվող թեմաներից էր: Օրինակ, լուսանկարիչ Գերման Ավագյանը որոշ հարցեր է առաջ քաշել` դիտելով դեպքի մասին պատմող լուսանկարները: «Ֆիզիկայի օրենքների համաձայն, եթե կրակոցը ձախ կողմից է իրականացվում, գլուխը աջ է թեքվում եւ հակառակը: Եթե անգամ ես հավատամ, որ ֆիզիկայի օրենքները չեն գործել այս պարագայում, ապա ինչպե՞ս կբացատրեք ելքային անցքը: Եթե ատրճանակը դրվել է աջ քունքին, ապա ելքային անցքի տրամագիծն այնքան մեծ պիտի լինի, որ արյունոտ անցքը պետք է երեւա նկարում` գլխի ձախ կողմում, եւ ոչ մի կաթիլ արյուն` կողքի ապակուն…»,- գրել է լուսանկարիչը:

Երեկ տեղի է ունեցել Ա. Պետրոսյանի հոգեհանգիստը. հավաքվածների մոտ հիմնականում միեւնույն` պաշտոնական վարկածն էր` ինքնասպանություն: Սակայն որեւէ մեկը չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչը կարող էր Ա. Պետրոսյանին, ով կայացած բիզնեսներ ուներ նաեւ Արաբական Էմիրություններում` դրդել ինքնասպանության: Այդ էր, թերեւս, պատճառը, որ երեկ Երեւանում ինքնասպանության վարկածին զուգահեռ` համառորեն շրջում էր նաեւ սպանության վարկածը: Ավելին, դիտելով Գ. Շամշյանի կողմից արված լուսանկարները` շատերը վստահաբար ասում էին. «Նկարներից երեւում ա` գլխից խփած` զենքը ձեռքը դրած ա»:

Ա. Պետրոսյանը գործի բերումով հիմնականում Դուբայ էր այցելում: «Արայի» կառավարմամբ նա սկսել էր զբաղվել հոր մահվանից հետո: Ի դեպ, պատմում են, որ Դուբայում մշտապես շրջում էր շքախմբով` թիկնապահների ուղեկցությամբ: Չճշտված լուրերի համաձայն` Ա. Պետրոսյանի նկատմամբ նույնիսկ Դուբայում մի քանի տարի առաջ մահափորձ է կատարվել:

Հիշեցնենք, որ 2009թ. բնակարանների գողությամբ զբաղվող մի խումբ փորձել էր ներխուժել «Արայի» տնօրենի Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 101 հասցեում գտնվող առանձնատուն: Մինչ այդ ավազակային խումբը ներխուժել էր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի տուն, զենքի սպառնալիքով հափշտակել էր 7500 ԱՄՆ դոլար, 7.579.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բջջային հեռախոսներ: Այնուհետեւ նրանք մուտք էին գործել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Շահգալդյանի տուն: Հանցագործ նույն խումբը 2010թ. փորձել էր ներխուժել «Արայի» տնօրեն Արմեն Պետրոսյանի տուն: Մինչ այդ, նրանք մի քանի օր շարունակ ուսումնասիրել էին տան տարածքը: Տեսնելով տան անվտանգության աշխատակցին, զենքով հարձակվել էին նրա վրա, ծեծի ենթարկել` մարմնական վնասվածքներ պատճառելով, ապա` գումար էին պահանջել: Իսկ երբ «Արայի» սեփականատիրոջ տան բակ էին եկել ընկերության անվտանգության ծառայության ղեկավարն ու նրա ընկերը, հանցավոր խումբը զենքի սպառնալիքով նրանց էլ էր գետնին պառկեցրել, ծեծել: Կարծելով, թե տանտերերն են, պահանջել են բացել առանձնատան դռները, ցույց տալ փողի ու զարդերի տեղը: Քիչ անց դեպքի վայր էին հասել Ոստիկանության աշխատակիցները: Հանցագործները կրակելով` փախուստի են դիմել, սակայն, ի վերջո, հաջողվել է ձերբակալել խմբի անդամներից մեկին, ապա ձերբակալել ամբողջ խմբին:

Երեկ Ա. Պետրոսյանի հոգեհանգստին մասնակցելու էին եկել Դուբայի նրա ընկերները: Պատմում են, որ բոլորը տարակուսած էին կատարվածից եւ որեւէ կերպ չէին կարողանում հասկանալ տեղի ունեցածը: Այսօր տեղի կունենա Ա. Պետրոսյանի հուղարկավորությունը: Երեկվա դրությամբ` «Արայ» ընկերության բոլոր մասնաճյուղերն անժամկետ փակ էին, չէին գործում: Որեւէ տեղեկություն դեռեւս հնարավոր չէր պարզել, քանի որ նրան ճանաչողները շոկի մեջ էին: Ա. Պետրոսյանն ամուսնացած էր, ուներ 1 անչափահաս երեխա: