Բերքի փառատոնը` Հյուսիսային պողոտայում

18/10/2011

Հյուսիսային պողոտայում հոկտեմբերի 16-ին վաղ առավոտից «Բերքի եւ գոհաբանության» տոն էր անցկացվում, որը Գյուղատնտեսության նախարարության հովանու ներքո կազմակերպված նմանատիպ առաջին փառատոնն էր Հայաստանում: ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարի առաջին անգամ ՀՀ-ում նաեւ նշվում էր Գյուղատնտեսության աշխատողի օրը: Տոնի շրջանակներում Երեւանում եւ ՀՀ մարզերում անցկացվել են տարբեր միջոցառումներ, տոնավաճառներ, ցուցահանդեսներ, բերքի տոներ: «Բերքի եւ գոհաբանության» փառատոնի ընթացքում համտեսի համար յուրաքանչյուր մարզի հատկացվել էր 5-ական տաղավար, որտեղ գյուղացիական տնտեսությունները, կոոպերատիվները եւ վերամշակող կազմակերպությունները ներկայացրել էին սեփական արտադրանքը, բերքն ու բարիքը` յուրօրինակ ձեւավորմամբ: Մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի գյուղացիները, գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունները: Գյուղացիների արտադրանքը չէր վաճառվում, այլ հյուրասիրվում էր: Ի դեպ, կազմակերպիչների նախաձեռնությամբ` Ռադիոյի Ոսկե ֆոնդից հայկական ազգային երգեր էին ընտրվել, որոնք այդ օրը ներկայացվում էին ժամանակակից մատուցմամբ: Իր համերգային ծրագրով հանդես եկավ նաեւ դիջեյ Վակցինան: Նշենք, որ փառատոնի գաղափարի հեղինակը եւ կազմակերպիչը «Peoplemeter» ընկերությունն էր: Կիրակի օրը, ժամը 12:00-17:00-ը Հյուսիսային պողոտան լեփ-լեցուն էր մարդկանցով: Պողոտայում ազգագրական խմբերի, լարախաղացների մասնակցությամբ ներկայացվեցին համերգային կատարումներ, ինչպես նաեւ` ցուցադրվեցին թատերականացված ներկայացումներ: Մեր թղթակցի հարցին, թե փառատոնի կազմակերպման համար ՀՀ պետբյուջեից որքա՞ն գումար է հատկացվել, «Peoplemeter» ընկերության տնօրեն Նարեկ Մալյանը պատասխանեց. «Պետբյուջեից որեւէ լումա չի ծախսվել: Քանի որ գաղափարը մենք էինք առաջարկել ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը, ինքներս էլ հովանավորներ գտանք` փառատոնն անցկացնելու համար: Գլխավոր հովանավորներն էին` «Վիվա Սել-ՄՏՍ ընկերությունը եւ Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը»:

Փառատոնին Հյուսիսային պողոտայում մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մարզպետներ, կառավարության այլ անդամներ: