«Հիանալի համատեղում ենք»

15/10/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Սոյուզնիկի. ՕԴԿԲ» ամսագրին տված հարցազրույցում ասել է, թե չնայած Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից բազմամյա շրջափակմանը, ՀՀ տնտեսությունը զարգանում է: «Կարծում եմ, մեր հաջողության գրավականը մեր ժողովրդի աշխատասիրության, հետեւողական տնտեսական քաղաքականության ու բանկային համակարգի կայունության համադրումն է: Ներկայումս ՀՀ-ում արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առողջապահության ու նորարար տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում ներդրումների համար հուսալի, բարենպաստ բիզնես միջավայր է ստեղծվել»: Նաեւ վստահություն է հայտնել, թե անվտանգության հարցերի լուծումն ու տարածաշրջանում վստահության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորումը «նոր ազդակ կհաղորդի մեր երկրների զարգացմանը` ինչպես առանձին-առանձին, այնպես էլ ողջ տարածաշրջանում»: Ըստ Ս. Սարգսյանի` այդկերպ երկրներից յուրաքանչյուրի ներուժն ավելի արդյունավետ կօգտագործվի, կապահովվեն Հարավային Կովկասի ժողովուրդների անվտանգությունն ու բարեկեցությունը: Հարցին, թե` «ՀՀ-ն բոլոր ժամանակներում ավանդաբար կողմնորոշվել է դեպի ՌԴ-ն: Այսօր այն ՌԴ-ի ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունի եւ անդամակցում է ՀԱՊԿ-ին: Ինչպե՞ս եք Դուք` որպես ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գնահատում մասնակցությունը ՀԱՊԿ-ին», Ս. Սարգսյանը պատասխանել է. «Մի հարցազրույցի շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունները նկարագրելը բավականին բարդ խնդիր է: Մեր ժողովուրդները կապված են պատմական, հոգեւոր, սոցիալական, տնտեսական ու քաղաքական թելերով: Մեր երկրների միջեւ համագործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի, իսկ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունն էլ ավելի է ամրապնդել հայ-ռուսական դինամիկ զարգացող հարաբերությունները: ՀԱՊԿ գործունեությունը եւ բոլոր ուղղություններով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունն, անկասկած, դրական են ազդել մեր երկրի մարտունակության վրա եւ նպաստել են մեր տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Վերջին մի քանի տարվա ընթացքում մեզ հաջողվել է էականորեն ակտիվացնել կազմակերպության գործունեությունը, ձեւակերպվել են անվտանգության, պաշտպանության ու արտաքին քաղաքականության ոլորտներում ՀԱՊԿ անդամ երկրների գործողությունների համակարգման հիմնական մեխանիզմները: Գործնական մեխանիզմներ են ստեղծվում ռազմա-տեխնիկական ու ռազմա-տնտեսական համագործակցության, կադրերի համատեղ պատրաստման համար: …Խոսելով կովկասյան ուղղության մասին եւ հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում բարդ ու դժվար կանխատեսելի իրավիճակը, պետք է նշել, որ երկկողմ համաձայնության հիման վրա ստեղծված ՀՀ Զինված ուժերի եւ ՌԴ Զինված ուժերի Միավորված զորախմբի առկայությունը մեր երկրի տարածքում ՀՀ-ի շահերին համահունչ է ու ծառայում է` որպես տարածաշրջանային անվտանգության հուսալի երաշխիք: Զորախմբի կազմի մեջ է մտնում Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ բազան, որի կարգավիճակը սահմանված է միջպետական պայմանագրով: Նախորդ տարի ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի` ՀՀ կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց արձանագրություն մեր երկրի տարածքում ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու եւ պատասխանատվության շրջանակներն ընդլայնելու մասին: Փաստաթղթում ամրագրված է, որ ՌԴ-ն օժանդակություն կցուցաբերի ՀՀ Զինված ուժերին ժամանակակից ու համատեղելի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով»: Խոսելով Հարավային Կովկասում կայունության պահպանման ու անվտանգության ապահովման գործում ՀՀ դերակատարության մասին, Ս. Սարգսյանն ասել է. «ՀՀ-ն տարածաշրջանում առկա տարաձայնությունները հաղթահարելու հարցում իր կառուցողականությունն ու նպատակասլացությունը բազմիցս է դրսեւորել: Նաեւ մեր միջազգային գործընկերներն են ընդունում դա եւ գնահատում այն, որ մեր խոսքը երբեք գործից չի տարբերվում: Դա լավագույնս ի ցույց դրվեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում` Հայաստանի ու Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրման ժամանակ, եւ ընթացիկ տարվա հունիսի 25-ին Կազանում, սակայն, ցավոք սրտի, անհրաժեշտ արդյունքի հասնել չհաջողվեց Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ ուժի չկիրառման տեսանկյունից հատուկ կարեւորություն ունի ՀՀ պաշտպանական հնարավորությունների զարգացումը: Դա վկայում է հրադադարի ռեժիմի 17-ամյա պահպանումն` առանց արտաքին միջամտության: Հետեւաբար, հսկայական նշանակություն ունի տարածաշրջանում ուժերի ողջամիտ հավասարակշռության պահպանման խնդիրը»: Պատասխանելով հարցին, թե` ինչպիսի՞ն է այսօր ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը, ՀՀ նախագահն ասել է. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է փոխադարձ շահավետ համագործակցության վրա, որտեղ գերիշխում են առողջ բանականությունն ու անկեղծ փոխըմբռնումը: Մենք մշտապես առաջնորդվել ենք` «հարաբերությունների հաստատում` առանց գործընկերներին վնասելու» սկզբունքով: Դա ներգրավվածության քաղաքականությունն է` ՀՀ-ն ակտիվ մասնակցում է այն բոլոր ձեւաչափերին, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում ու աշխարհում զարգացմանն ու փոխգործակցությանը, խաղաղության ու կայունության հաստատմանը: Եվ կարծում եմ, որ դա մեզ հաջողվել է: Մենք հիանալի կերպով համատեղում ենք մեր անդամությունը ԱՊՀ-ին ու Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին ու Սեւծովյան տնտեսական համագործակցությանը: Հանդիսանալով ՀԱՊԿ ակտիվ անդամ` մենք արդյունավետ կերպով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ եւ մասնակցում ենք միջազգային խաղաղապահ առաքելությունների: Համագործակցում ենք Եվրոպական Միության հետ, որը մեզ աջակցում է մեր երկրում արմատական բարեփոխումների անցկացմանն ու եվրաինտեգրացիայի գործընթացում: Ամփոփելով` կարելի է ասել, որ փոխադարձ հարգանքն ու փոխընկալումը ճանապարհ են հարթում դեպի արդյունավետ արտաքին քաղաքականությունը»: