Պատասխան են պահանջում

15/10/2011

Երեկ ՀՀ նախագահական նստավայրի առջեւ դարձյալ բողոքի ցույց էին անցկացնում սպանված զինվորների մայրերը: Չնայած մեծաթիվ ոստիկանների առկայությանը, որդեկորույս մայրերին հաջողվել է հատել Բաղրամյան պողոտան եւ մոտենալ նախագահի նստավայրին, ովքեր կոչ էին անում ՀՀ նախագահին դուրս գալ եւ պատասխան տալ, թե ինչու չեն պատժվում իրենց որդիների սպանության մեղավորները: Որդեկորույս մայրերի հետ նախագահական նստավայրի առջեւ էին նաեւ հասարակական մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Որդեկորույս մայրերի պնդմամբ` քննչական մարմնի եզրակացությունը, թե իրենց որդիներն ինքնասպան են եղել` չի համապատասխանում իրականությանը, քանի որ, նրանց խոսքով` իրենց երեխաները ոչ թե ինքնասպան են եղել, այլ` նրանց սպանել են: Զոհված զինվորների մայրերը երեկ նշում էին, որ իրենց երեխաների սպանությունները չբացահայտելու համար այլեւս մեղավոր են համարում երկրի նախագահին, քանի որ, նրանց խոսքով` «եթե Սերժ Սարգսյանը ուզենա, ապա մեկ հայտարարությամբ կարող է կանխել բանակում կատարվող բռնությունները»: «Ոնց որ երեկ ֆուտբոլի մասին ելույթ էր ունենում, թող ելույթ ունենա, ասի` եթե մի զորամասից մի սպանված զինվոր բերեցին իրենց մայրերին հանձնեցին, ուրեմն զորամասի ողջ սպայական անձնակազմը ձերբակալվելու է ցմահ բանտարկության: Եթե երկրի նախագահը այդ հայտարարությունը անի ու կատարի իր խոստումը, էլ չի լինի սպանություն»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է սպանված զինվորի մայր Նանան: Երեկ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց որդեկորույս ծնողների հետ հանդիպման եկավ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի աշխատակազմի ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը: Նա ցուցարարներին հրավիրեց Ռազմական ոստիկանություն` ասելով` այնտեղ են հավաքվել բոլոր կայազորերի քննչական պետերը, ովքեր պատրաստ են լսել մահացած զինծառայողների հարազատներին: Սակայն մայրերը հրաժարվեցին գնալ ՌՈ` նշելով, որ իրենք պահանջում են հանդիպում ՀՀ նախագահի հետ: Ծնողների ասելով` «հենց այդ նույն քննիչները ամիսներ, տարիներ շարունակ խաբել են իրենց, իսկ որդիների սպանության գործերը` կոծկել»: Նշենք, որ այդպես էլ սպանված ծնողների մայրերին ոչ ոք չընդունեց ՀՀ նախագահի նստավայրում: