Երեկվանից Հայաստանում մեկնարկել է մարդահամարը, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 21-ը։ Այս միջոցառման վրա ծախսվելու է 2.5 միլիարդ դրամ, որի 56%-ը տրամադրել է կառավարությունը, մնացած մասը՝ միջազգային կառույցներ ու երկրներ։
Շուրջ 12 հազար հաշվարարներ շրջելու են բոլորի տներով, հաշվառեն ու լրացնեն 33 հարցից բաղկացած մի հարցաշար, որի կետերից շատերը կարող են անգամ ծիծաղ հարուցել։ Բայց, ասում են, պետք է. անհրաժեշտ է։
Իսկ իրո՞ք պետք է մարդահամարը ընդհանրապես, եւ մեր երկրում՝ մասնավորապես։ Գործընկերներիցս մեկն արդարացիորեն նշել էր, որ դրա կարիքն ինչ-որ տեղ չկա (կամ չափազանցված է), քանի որ ՀՀ բոլոր քաղաքացիների վերաբերյալ ամենատարբեր տեղեկությունները պետություն ունի եւ պարբերաբար թարմացնում է։ Ասենք՝ ԶԱԳՍ-ը գրանցում է ծնունդները, մահերը, ամուսնություններն ու ամուսնալուծությունները, հարկային մարմինն ունի բոլորի գրանցված եկամուտների մասին տեղեկատվություն եւ այլն։ Սրա մեջ ճշմարտություն կա, սակայն մարդահամարն ամեն դեպքում պետք է։ Միգուցե համեմատությունը մի քիչ գեղեցիկ չէ, սակայն եկեք երկիրը համեմատենք ապրանքային խոշոր պահեստի հետ։ Պահեստապետը հստակ գիտի՝ ի սկզբանե որքան ապրանք է այդտեղ եղել, ընթացքում որքան է մտել, որքան դուրս եկել, եւ այլն։ Այսինքն՝ ունենալով ելակետային, նախնական տվյալները, եւ կանոնավոր, պարտաճանաչ կերպով գրանցելով յուրաքանչյուր օրվա փոփոխությունները՝ պահեստապետը ձեզ առանց դժվարության կասի, թե տվյալ պահին պահեստում որ ապրանքից որքան կա։ Սակայն, չնայած դրան՝ ժամանակ առ ժամանակ անց է կացվում գույքագրում, որովհետեւ ընթացքում պահեստապետը կարող է ինչ-որ վրիպում թույլ տված լինի (միտումնավոր կամ պատահական)։ Այնպես որ, ժամանակ առ ժամանակ հաշվառելուց վնաս չկա։
Տեղեկատվությունը ամենակարեւոր բանն է։ Իսկ երկիրը կառավարելու գործում բնակչության հաշվառում անցկացնելու կարեւորությունը գիտակցում էին դեռ հին հույներն ու եգիպտացիները հազարամյակներ առաջ։ Այսինքն՝ առանց իրական վիճակի մասին ճշգրիտ պատկերացում ունենալու՝ հնարավոր չէ ճիշտ սոցիալ-տնտեսական քաղաքականություն իրականացնել։ Նույն տրամաբանությամբ՝ մասնավոր ընկերությունները մեծ գումարներ են ծախսում շուկան ուսումնասիրելու, իրենց պոտենցիալ հաճախորդների նախասիրություններն ու հնարավորությունները պարզելու համար։ Իհարկե, ի տարբերություն մասնավոր ընկերության՝ պետությունն այդ տեղեկատվությունը ստանալու համար ծախսում է ոչ թե սեփական փողերը, այլ` հենց ուսումնասիրվողների եւ մի քանի միջազգային կառույցների։
Այլ հարց է, թե որքանո՞վ է այդ մարդահամարը ճշգրիտ արտահայտելու պատկերը։ Բանն այն է, որ հասարակության մեջ կա տոտալ անվստահություն իշխանությունների նկատմամբ։ Իսկ դա չի կարող չազդել մարդահամարի արդյունքների վրա, քանի որ տվյալները հավաքվում են անհատ մարդկանց պատասխանների հիման վրա։ Այս գործոնը եւ հասարակության մեջ առկա ստվերն ահագին աղավաղելու են պատկերը։ Մանավանդ, երբ խոսքը վերաբերում է եկամտի աղբյուրներին։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ արձագանքելով հարցաթերթի նկատմամբ հնչած քննադատություններին։ Մասնավորապես, հատուկ նշվել էր, որ հարցաթերթիկում չի պահանջվում լրացնել տեղեկատվություն եկամուտների չափի վերաբերյալ: Հարցաթերթի 20-րդ հարցը` «ո՞րն է գոյության միջոցի հիմնական աղբյուրը», նախատեսում է գոյության միջոցների միայն աղբյուրների տեսակների վերաբերյալ պատասխաններ (շարադրված են պատասխանների 16 հնարավոր տարբերակներ, օրինակ` վարձու աշխատանք, կենսաթոշակ, դրամական օգնություն, խնամքի տակ), այլ ոչ թե գոյամիջոցների (եկամտի) չափեր։ Այն, որ եկամտի չափը հարցնելն անիմաստ կլիներ (հաշվի առնելով իրական եւ «թղթի վրա» նշված աշխատավարձերի հսկայական տարբերությունը), ի սկզբանե պարզ էր։ Օրինակ՝ շինանյութի խանութների ցանցում վաճառող աշխատող երիտասարդը չի ասի, որ ամսական ստանում է 100-150 հազար դրամ աշխատավարձ, որովհետեւ «թղթի վրա» նրա աշխատավարձը ընդամենը 45-50 հազար դրամ է։ Սակայն եկամտի աղբյուրի մասին հարցը նույնպես ճշգրիտ չի արտացոլելու վիճակը։ Օրինակ՝ մշտական աշխատանք չունեցող, Զբաղվածության ծառայությունում հաշվառված մարդը չի ասի, որ առիթից առիթ որոշակի գումարի դիմաց վերանորոգման աշխատանքներ է իրականացնում, որովհետեւ կարող են իրեն զրկել գործազրկության նպաստից։ Կամ՝ տարեց, չունեւոր ամուսինները չեն ասի, որ Ռուսաստանում շինարարություն անող իրենց որդին ամսական մի 100-150 դոլար գումար է ուղարկում իրենց, որովհետեւ վախենում են, որ պետությունն այդ մասին իմանալով՝ կարող է զրկել իրենց «Փարոսի» նպաստից։ Բոլորը, ոչ իրենց մեղքով, ինչ-որ բան թաքցնում են եւ ամբողջ ինֆորմացիան չեն տրամադրի, հատկապես, երբ խոսքը վերաբերում է եկամուտներին։ Իսկ եկամտային մասը՝ այլ կերպ ասած, սոցիալական վիճակի վերաբերյալ տվյալները, ամենակարեւոր բաղադրիչներից են։ Այս մասով պատկերը լինելու է թերի։ Եվ այս 10 օրերին երկրով մեկ իսկական թատրոն է խաղացվելու. հաշվարարը հարցնելու է` ինչպե՞ս եք գոյատեւում, մարդիկ պատասխանելու են՝ թոշակով։ Սեփական շքեղ առանձնատան մեջ ապրող պետական պաշտոնյային հարցնելու են՝ ո՞րն է ձեր եկամտի աղբյուրը, ասելու է՝ վարձու աշխատանքը։
Մարդահամարի ամենամեծ պատասխանը, որը բնակչությունն ակնկալում է ստանալ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակն է։ Այդ թիվը (իրական թիվը) իշխանությունները կունենան մարդահամարից հետո, սակայն ի՞նչ թիվ կներկայացնեն՝ դա արդեն դժվար է ասել։ Ամեն դեպքում, դժվար է հավատալ, որ արդյունքում հայտարարվի շատ ավելի փոքր թիվ, քան ներկայումս հայտարարվող 3.2 միլիոնն է։ Դրա փորձն արդեն կա։ Ներկա եւ նախկին (նկատի ունենք Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի) իշխանությունները հաճախ են նշում, որ հիմնական արտագաղթը Հայաստանից տեղի է ունեցել 1990-ականների առաջին կեսին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ արտագաղթողների թիվը տատանվում է` 500-հազարից մինչեւ մեկ միլիոն մարդ։ 1990-ականների երկրորդ կեսին ներգաղթ կամ ծնելիության բարձր աճ չի եղել։ Սակայն 2001թ. անցկացված մարդահամարի արդյունքներով՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 3.2 միլիոն էր։ Այսօր, ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, այդ թիվը գրեթե փոփոխություն չի կրել։ Ամենահետաքրքիրն այն է, որ տարբեր միջազգային կառույցներ Հայաստանի բնակչության վերաբերյալ բոլորովին այլ թվեր են ներկայացնում։ Օրինակ՝ ՄԱԿ-ի կայքում նշված է, որ ՀՀ բնակչությունը 2008թ. եղել է 3 միլիոն 77 հազար, Համաշխարհային բանկը 2010թ. նշում է մեկ այլ թիվ՝ 3 միլիոն 90 հազար։ Մինչդեռ ԱՎԾ-ի «Հայաստանի կանայք եւ տղամարդիկ» զեկույցի համաձայն` 2010թ. Հայաստանում մշտական բնակչության թիվը եղել է 3 միլիոն 213 հազար մարդ։ Այս տարբերությունը կարելի է բացատրել 2 կերպ. առաջին՝ միջազգային կառույցները ՀՀ պաշտոնական վիճակագրությանը չեն վստահում եւ ունեն սեփական աղբյուրները, կամ էլ՝ ՀՀ ԱՎԾ-ն այս կառույցներին է վստահում եւ նրանց հայտնել է իրականին մոտ թիվ։ Ամեն դեպքում, բնակչության իրական թվի հարցում իշխանությունները մանեւրելու քիչ տեղ ունեն, քանի որ դրանց հետ սերտորեն կապված է ընտրությունների հարցը։ Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ մենք հրապարակել էինք մի տեղեկություն, որի համաձայն` վերջերս հատուկ ծառայությունների կողմից կատարված փորձագիտական հարցման արդյունքներով, Հայաստանի իրական բնակչության թիվը կազմում է 1.4-1.6 մլն մարդ: Ինչեւէ: Դժվար է հավատալ նաեւ, որ ճիշտ կներկայացվեն գործազրկության կամ աղքատության մակարդակի վերաբերյալ իրական ցուցանիշները։ Մանավանդ, որ առջեւում ընտրություններ են։
Ի դեպ, մարդահամարի անցկացումն ընտրությունների նախաշեմին նույնպես այլ առումով կարող է «օգտակար» լինել։ Մարդահամարը հստակ տվյալներ կապահովի, թե քանի հոգի փաստացի Հայաստանում չեն, սակայն թղթի վրա այստեղ են։ Քանի հոգի փաստացի մահացել են, սակայն տարբեր ցուցակներում դեռ կենդանի են, եւ այլն։ Այլ կերպ ասած՝ մարդահամարը շատ լավ հնարավորություն է՝ թվանկարչության ռեսուրսը թարմացնելու, կեղծելու հնարավորություններն ու «մեռած հոգիների» ցուցակները ճշտելու համար։ Բացի այդ՝ այն լուրջ գործիք կդառնա անցանկալի անձանցից ազատվելու համար։ «Անցանկալի» տեղեկությունները (գործազրկություն, աղքատություն, արտագաղթ եւ այլն) մեղմացված կներկայացվեն հանրությանը, սակայն իշխանության տրամադրության տակ կլինի ճշգրիտ դաժան պատկերը, որը կարելի է անհրաժեշտության դեպքում դնել համապատասխան ոլորտների պատասխանատուների դիմաց։