«Հայաստանն արյունահոսում է»,- ասում է Միջին Արեւելքի հայտնի գյուղատնտես, Բեյրութի ամերիկյան համալսարանի գյուղատնտես Եսայի Հավաթյանը

15/10/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը:

– Հայաստանի գյուղացիներին բնորոշող, թերեւս, ամենահարմար բառը ոչ թե աղքատ, այլ` թշվառ բառն է: 10 տարի առաջ իմ տեսած գյուղերն ավելի մեծ հետընթաց են ապրել` հայտնվելով ողբերգական պայմաններում: Օրեր առաջ այցելեցի Արարատյան դաշտի գյուղեր, ընդ որում` խոսքը մի դաշտավայրի մասին է, որն արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք կերակրել ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Կովկասը: Լիբանանը, լինելով փոքր պետություն, հսկայական արտահանումներ է կատարում դեպի արաբական աշխարհի երկրներ, մինչդեռ Հայաստանը` ունենալով բանջարեղենի եւ մրգի արտադրություն ծավալելու հսկա ներուժ, չի օգտագործում այն: Արարատյան դաշտավայրի հողերը լքված են, անգամ դաշտի գույնն է փոխվել` դառնալով դեղին: Ինչո՞ւ ենք այստեղ հասել, ինչո՞ւ գյուղացին չի մշակում իր առջեւ եղած հողը: Մի քանի օր է` հետաքրքրվում եմ սերմերի եւ պարարտանյութի գներով: Ի դեպ, նշեմ, որ Լիբանանում զբաղվում եմ դրանց առեւտրով: Որպես օրինակ` նշեմ գազոնի խոտի գինը: Եթե Լիբանանում դրա վաճառքի գինը 6 դոլար է, ապա Հայաստանում` 16 դոլար է, ընդ որում` խոսքը նույն արտադրությամբ ապրանքի մասին է: Գյուղատնտեսության մեջ լայնորեն օգտագործվող 25 կգ-անոց քիմիական նյութը, որը Լիբանանում վաճառվում է 48 դոլարով, Հայաստանում արժե 133 դոլար: Հետեւաբար, խնդիրն այն է, որ Հայաստանի գյուղատնտեսության ծախսը բարձր է` սերմը, ջուրը, պարարտանյութը, դեղորայքը չափազանց թանկ են, եւ այս ամենի արդյունքում ձեռնտու չէ զբաղվել գյուղատնտեսական արտադրությամբ: Իսկ վաճառվող միրգն ու բանջարեղենը ոչ միայն անորակ են, այլեւ` թանկ: Ինչպե՞ս կարելի է, օրինակ, 1 կիլոգրամ տանձը վաճառել 3 դոլարով, այն էլ` անորակ: Այն նույնիսկ անհամեմատ մատչելի գնով չեն կարող վաճառել Լիբանանում: Լիբանանը կազմում է Հայաստանի տարածքի մեկ երրորդ մասը, բայց այնտեղ կան շուրջ 40 գյուղատնտեսական ընկերություններ, որոնց միջեւ մրցակցությունն այնքան զորավոր է, որ որեւէ մեկը չի կարող բարձր գին դնել, եթե այն կրկնակի էժան վաճառվում է հարեւանությամբ:

– Պարոն Հավաթյան, որեւէ մեկի համար գաղտնիք չէ Հայաստանում տիրող մենաշնորհը, որն իշխում է նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Գյուղացին չունի այլընտրանք` գնում է այն, ինչ ներկրվում է: Խոսքը փորձաքննության չենթարկվող սերմերի, թանկ պարարտանյութի, ավելի հստակ` ազոտական պարարտանյութի մասին է: Ի՞նչ անել այս պարագայում:

– Լիբանան ներկրվող գյուղատնտեսական բոլոր տեսակի ապրանքները զերծ են հարկերից: Դրանք համարվում են հում նյութ գյուղատնտեսության համար: Հայաստանում գյուղատնտեսական ընկերություն չկա, որ մատնացույց կանի, թե տվյալ սերմն արդյո՞ք նպատակահարմար է տվյալ հողին: Լիբանանում կամ մեկ այլ տեղ լավ աճող բույսը կարող է լավ կամ ընդհանրապես չաճել Հայաստանում: Այսինքն` տվյալ պարագայում կարեւոր են բնակլիմայական պայմանները, հողը, արեւը եւ այլն: Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը, մեղմ ասած` լքված ու բարձիթողի վիճակում է: Ավելի ճիշտ` այստեղ ոչ միայն գյուղատնտեսությունը, այլեւ տնտեսությունն է մենաշնորհային: Հայաստանի քաղաքացիները հստակ գիտեն, թե ում է պատկանում բենզինի, ալյուրի կամ մյուս ապրանքների բիզնեսը: Մինչդեռ դա պարզապես անթույլատրելի է:

– Այնուամենայնիվ, ինչպե՞ս վերահսկել այդ ոլորտները, եթե դրանց առաջնորդներն են օրենք ընդունողները:

– Խնդիրը վերահսկողությունը չէ, այլ երկրի քաղաքականությունը: Միայն քաղաքական որոշմամբ կարող է ջնջվել երկրի մենաշնորհային բիզնեսը: Ինչո՞ւ է մենաշնորհվել երկրի հիմնական նյութերի ներկրումը: Իհարկե, դրանք, թերեւս, չեն մենաշնորհվել օրենքով, բայց այս երեւույթի համար պետք է պատասխանատվություն ունենան: Լիբանանահայ գործընկերներիցս մեկն ամիսներ առաջ բանանի ներկրմամբ էր զբաղվում Հայաստանում, սակայն դժվարությունների մատնվեց, քանի որ այստեղ բանանը պետք է միայն մի ընկերություն ներկրի, եւ ուղղակի անհնարին են դարձնում երկրորդ ընկերության ասպարեզ մտնելը: Իսկ ստեղծված իրավիճակում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկ են, հասարակությունն այլեւս հիասթափվում է: Իշխանություններն ի՞նչ են անում, որպեսզի գյուղացիները չհեռանան երկրից: Այս երկրի գյուղացիների վիճակը կանվանեի ահազանգային: Հայաստանը կդառնա մի քանի փոքրիկ քաղաքներից կազմված երկիր, եթե գյուղերում տիրող վիճակը շտկելու համար չկիրառեն արագ լուծումներ:

– Հաշվի առնելով ոչ միայն Լիբանանում, այլեւ Միջին Արեւելքում գյուղատնտեսի Ձեր համբավը` ի՞նչ հրատապ քայլեր եք առաջարկում:

– Այն երկիրը, որտեղ գյուղացիները չունեն արժանապատիվ ապրելու միջոց, ապագա չունի: Մենք պետք է կարողանանք էժան արտադրելու հնարավորություն տալ գյուղացիներին: Միեւնույն ժամանակ` այն օգտակար կլինի, որպեսզի «արյունահոսությունն» ընդհատվի: Հայաստանի «արյունահոսությունն» այս երկրից մեկնողներն են, որոնք ոչ թե առժամյա, այլ մնայուն մեկնողներ են: Մենք արյունաքամ կլինենք, եթե երկրի «արյունահոսությունը» չընդհատենք: Իսկ դրա համար պետք է քայլեր կիրառվեն: Պետք է նվազեցնել գյուղատնտեսության ծախսերը, բարձրացնել արտադրության որակը: Լիբանանում գյուղացին 10.000 մետրից պակաս հող չի մշակում, քանի որ փոքր տարածք մշակելն ավելի ծախսատար է, իսկ եկամուտն էլ` ցածր: Այնինչ Հայաստանի գյուղացիների մոտ հակառակ պատկերն է: Ի՞նչ պետք է շահի գյուղացին 1000 մետր լոլիկ մշակելով:

– Ի դեպ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպել է «Ագրոֆորում» համաժողով, որի բացումը տեղի ունեցավ երեկ: Ստացվում է այնպես, որ մեր երկրի համապատասխան գերատեսչությունները ցուցադրական ֆորումներով ու քահանաների օրհնությամբ են բարելավում երկրի գյուղատնտեսության վիճակը, այո՞:

– Աշխարհում բոլոր փոփոխությունները սկսում են մարդկանց մտքերից: Կարեւոր է այն հանգամանքը, որ Հայաստանն օգտվի սփյուռքի փորձառությունից: Ճիշտ է, ես հայ եմ, Լիբանանի քաղաքացի եմ, բայց, իսկապես, մեծ ցանկություն ունեմ հայրենիքիս օգնելու: Ավելի կարեւոր է, որ գործադիր իշխանությունը գործի վերածի ժողովի ժամանակ հնչած կարծիքները, այլ ոչ թե համաժողով անենք, վերջում խմբակային լուսանկարվենք, եւ ամեն մեկս գնա իր տուն: