«Այդ հրաժարական-մրաժարականը երբեք չի լինելու: Դա բացառվում է, որովհետեւ Սահմանադրությամբ նախատեսված որեւէ հիմքեր` իրավական, քաղաքական, տնտեսական, առողջական եւ այլն, չկան` հրաժարականներ տալու կամ արտահերթ ընտրությունների համար: Բնականոն ձեւով մենք ընդդիմության հետ նախապատրաստվելու ենք ընտրություններին»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա կարծիքով, ընտրություններում դարձյալ հաղթելու է իշխանությունը, որովհետեւ, ըստ նրա` կոալիցիան «շատ ավելի հզոր է, քան որեւէ ՀԱԿ կամ այլ կուսակցություն: Եթե Հայաստանի բոլոր կուսակցություններն էլ միանան, ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի չափ հզոր լինել չեն կարող»: ՀԱԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանն էլ հակադարձել է` ասելով. «Իշխանությունը, բացի բռնությունից, զենքից, զինամթերքից, ոչինչ չունի»: «Դուք օրական մի ձեւով եք մտածում… Իմ խորհուրդը ձեզ կլինի այն, որ շարունակեք նախապատրաստվել ընտրությունների»,- դիմելով ՀԱԿ ներկայացուցչին` խորհուրդ է տվել ՀՀԿ-ական Պետրոսյանը: