Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Սերգեյ Ավերչենկոյի նախօրեին արած հայտարարություններն այս օրերին կարող են համարվել դիվանագիտական հերթական սկանդալը:
Նա Երեւանում Մոսկվայի տանը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կազմակերպած «Հայ-ռուսական ռազմավարական համագործակցություն» քննարկման ժամանակ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին ներկայացրել է Հայաստանից Ռուսաստանի ակնկալիքները` առաջարկել է վերանայել օտարալեզու դպրոցների մասին վերջին օրինագծի հետ կապված մեր երկրի վերաբերմունքը:
ՌԴ դեսպանատան խորհրդականը գտնում է, որ մեր երկրում այնքան էլ շատ չէին այդ օրինագծի օգտին աջակցություն ցուցաբերող ձայները: Ս.Ավերչենկոն նաեւ գտնում է, որ ռուսաց լեզուն պետք է հայերին, որպեսզի նրանք լավագույնս զգան ռուսներին: Ավելին, նա նաեւ դժգոհ է Վլադիմիր Պուտինի առաջադրվելու շուրջ հայկական մամուլի արձագանքից: Խորհրդականը նաեւ զգուշացնում է, որ Պուտինի նախագահ դառնալն անհրաժեշտ է Հայաստանին:
«Պուտինը նախագահ էր, նա շատ բան է արել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման համար»,- հիշեցրել է խորհրդականը:
Եվ այս ամենը ՌԴ դեսպանատան աշխատակիցը ներկայացրել է ՀՀ բարձրագույն պաշտոնյաներից մեկին` ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Իսկ վերջինս իր երկրի շահերը պաշտպանելու փոխարեն` նույնիսկ ժպտալով չքմեղացել է` ասելով, թե «մենք մեծ ուշադրություն կդարձնենք, թե հավելյալ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մամուլն ավելի էֆեկտիվ ներկայացնի»: Ի՞նչ է սա նշանակում, Ռուսաստանի մի շարքային պաշտոնյա կարող է հրապարակայնորեն մա՞տ թափ տալ Հայաստանի ղեկավարության վրա, թե` վերահսկեք ձեր մամուլը, որ այստեղ իրենց երկրի ու հատկապես Վ.Պուտինի մասին դրական վերաբերմունք ձեւավորեն: Եվ մերոնք էլ, իհարկե, պետք է դա ապահովեն` ցուցաբերելով ֆորպոստին հատուկ հնազանդություն: Այս դեպքում, սակայն, իրեն հարգող երկրի իշխանությունները պետք է դիվանագիտական նոտա հղեին նման հայտարարություն անող երկրին, կամ` առնվազն այդ երկրի դեսպանին հրավիրեին Արտաքին գործերի նախարարություն` բացատրություն պահանջելու համար: Սակայն երեկ որքան էլ փորձեցինք, իշխանության ներկայացուցիչներից չկարողացանք որեւէ մեկնաբանություն ստանալ ՌԴ դեսպանատան այդ խորհրդականի հայտարարությունների հետ կապված: Մեզ հետ զրույցում կոալիցիոն պատգամավորները չքմեղանում էին, թե տեղյակ չեն, թե հայ եւ ռուս պաշտոնյաներն ինչ են հայտարարել: Այդ մասին նույնիսկ չէր լսել նաեւ ՀՀԿ փոխնախագահ, ամեն ինչից տեղյակ Գալուստ Սահակյանը: «Իհարկե, դա ոչ միայն մեր պատիվն է, այլ այդտեղ էթիկայի նորմերի խախտում կա»,- այնուամենայնիվ ասաց Գ.Սահակյանը:
«Սա մեր անկախ պետականության պատմության ընթացքում թերեւս ամենաանպարկեշտ միջամտությունն է ՀՀ ներքին գործերին: Այդ ռանգի դիվանագետը կարող է եւ, անշուշտ, պետք է հանդիպի Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության իր մակարդակի աշխատակիցների հետ` քննարկելու համար հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց: Այստեղ արտառոցն այն է, որ նրան ընդունում են այդքան բարձր պետական մակարդակում եւ քննարկում են հարցեր, որ իր լիազորությունների շրջանակից ընդհանրապես դուրս է: Այսինքն` նա քննարկում է կամ ցուցումներ է տալիս մեր ազգային խորհրդարանում քննարկվող օրինագծերի վերաբերյալ: Ինչպես նաեւ հորդորում է, որ մեր պետական պաշտոնյաներն ուղղորդեն հայաստանյան մամուլի հրապարակումները: Սա շատ արտառոց է, եւ առավել զավեշտականն այն տոնն է, որով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձն արդարանում է օտարերկրյա դիվանագետի եւ այլ երկրի հայրենակցական միության ներկայացուցչի առջեւ: Սա չլսված բան է եւ ուղղակի վիրավորական է Հայաստանի ցանկացած քաղաքացու համար: Ես չեմ զարմանա, որ վաղը Ռուսաստանի դեսպանի վարորդը գնա որեւէ նախարարություն եւ ցուցում տա, թե ինչպես մենք զարգացնենք մեր գյուղատնտեսությունը կամ ինչ անենք որեւէ այլ ոլորտում»,- ասում է ՀՀ նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նույնպես գտնում է, որ Ավերչենկոյի այդ հայտարարությունները պարզ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին: «Այդ վայ խորհրդականը պարզապես անթույլատրելի արարք է իրեն թույլ տվել, որը դուրս է իր դիվանագիտական առաքելության սահմաններից, դիվանագիտական էթիկայի կոպտագույն խախտում է: Ես կարծում եմ, որ այնտեղ ներկաները համապատասխան պարոնին պետք է ուղղակի կարգի հրավիրեին եւ ցույց տային իր հասանելիք տեղը, այլ ոչ թե մոտը չքմեղանային ու նույնիսկ ինչ-որ խոստումներ էլ տային, թե` կներեք, այսուհետ մենք մեզ խելոք կպահենք: Հայաստանի Հանրապետության հրապարակային ստորացում տեղի ունեցավ այդ դահլիճում»,- գտնում է Ռ.Մեհրաբյանը:
Դեսպանատան խորհրդականը նաեւ հայտարարել էր, թե Վ.Պուտինի ընտրությունը բխում է Հայաստանի ողջ հայության շահերից: «Որեւէ մեկը թող մեզ չքարոզի, թե որն է հայ ազգի վնասը կամ օգուտը, մանավանդ, երբ ինչ-որ երկրում նախագահի ընտրություններ են տեղի ունենալու: Այդ երկրի նախագահն առաջին հերթին ընտրվում է իր ժողովրդի շահերը պաշտպանելու համար»,- մեկնաբանում է Ռ.Մեհրաբյանը:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի խոսքերով` այդ հայտարարությունները ցույց են տալիս, թե մեր իշխանություններն ինչպես են պատկերացնում ազգային անվտանգությունը: «Եվ կարծում եմ, որ ՀՀ-ում կրթությունը բացառապես պետք է լինի հայկական: Մենք կարիք չունենք` որեւէ այլ երկրին լավ հասկանալու համար տվյալ երկրի լեզուն սովորել: Չեմ կարծում, որ ամերիկացիներին կամ անգլիացիներին հասկանալու համար Հայաստանում կրթությունը պետք է անգլերեն լինի, ֆրանսիացիներին հասկանալու համար` ֆրանսերեն, ոչ էլ ռուսներին լավ հասկանալու համար կրթությունը պետք է ռուսերեն լինի»,- ասում է Ա.Մարտիրոսյանը:
Պատգամավորի խոսքերով` Ա.Բաղդասարյանն ընդամենը փաստն է արձանագրել նաեւ այն առումով, որ Հայաստանում մամուլը, հատկապես` հեռուստաընկերությունները` վերահսկողության տակ են գտնվում: Հատկանշական է, որ հայրենի եւ ոչ մի հեռուստաընկերություն դեսպանի այդ ցուցումները եթեր չէր տվել:
Իսկ ռուսներին տրվելու հաջորդ ու հերթական քայլն այդ դահլիճում պատկանում էր քննարկման կազմակերպիչ Ա.Աբրահամյանին, ով իր հավաստիքը մատուցեց հայրենի Ռուսաստանին` իր ծննդավայրում հայտարարելով, թե` «Ռուսաստանի հայերն առանց տարակուսանքի 99 տոկոսով պատրաստ են իրենց ձայնը տալ Վ.Պուտինին»: Նա նաեւ հիշել է, որ դեռ 10 տարի առաջ է ծագել ՌԴ հայերի միություն ստեղծելու անհրաժեշտությունը` «Ելնելով այն հանգամանքից, երբ 2000թ. Դաշնության քաղաքներում ինքը քարոզում էր Վ.Պուտինի թեկնածությունը, հատուկենտ հայեր էին մասնակցում իր հետ հանդիպմանը»: Մի նկատառում եւս` Ա.Բաղդասարյանը միշտ ներկայացել է որպես եվրոպամետ կամ արեւմտյան արժեքներ կրող գործիչ: Եվ հիմա Ա.Աբրահամյանի կամ ՌԴ պաշտոնյաների հետ նրա հաճախակի շփումներն արդյո՞ք նշանակում են, որ նա հեռացել է իր դավանած արժեքներից եւ ապավինել է ՌԴ մեծ հովանավորությանը: «Ա.Բաղդասարյանը նաեւ ընդդիմադիր էր: Այնպես որ, որեւէ խնդիր չեմ տեսնում այդ առումով»,- ասում է Ա. Մարտիրոսյանը:
«Ինձ ոչ Ա.Բաղդասարյան, ոչ Ա.Աբրահամյան անձերը չեն հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է Հայաստանի պետության վարկանիշը: Նրանք անձնական ինչ խնդիրներ են լուծում կամ ինչպես են անում, թող երկուսն էլ իրենց ընտանիքներում լուծեն: ՀՀ անունից խոսելիս` նրանք պարտավոր են ենթարկվել ինչ-որ արարողակարգի: Եվ վիրավորական է, որ նման հայտարարություններով ու պահվածքով, իրենց անձնական խնդիրներով վիրավորում են Հայաստանի պետականությունը, հարցականի տակ են դնում մեր անկախությունն ընդհանրապես: Ես կհորդորեի, որ ամեն մեկն իր գործով զբաղվեր, մասնավորապես` օտարերկրյա քաղաքացիները գնային իրենց երկրներում իրենց գործերով զբաղվեին եւ ոչ թե այստեղ Հայաստանի ներքին գործերին միջամտեին»,- ավելացրեց Ա.Արզումանյանը: