Թիկնազորի պետը նաեւ ջայլամ է բուծում

16/11/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ավելին, ԱԱԾ աշխատակիցներն իրավունք չունեն ծառայությունը համատեղել այլ վճարովի աշխատանքի հետ, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական գործունեությամբ զբաղվելուց, եթե դա չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների կատարմանը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա կապված է ծառայողական անհրաժեշտության հետ): ՀՀ նախագահի Անվտանգության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանն Արարատի մարզի Ջրաշեն գյուղում հսկայական տարածությամբ մի անասնաբուծական ֆերմա ունի, որտեղ բազմացվում են կովեր, խոզեր, ճտեր եւ նույնիսկ ջայլամներ: Վերջերս դրսից բերվել է թվով 10 ջայլամ, որից, դժբախտաբար, կենդանի են մնացել ընդամենը 4-ը: Ասում են, որ այդ խեղճ ջայլամները սատկել են մետաղալարեր ուտելու պատճառով: Այս ֆերմայի հսկիչներն ու աշխատակիցներն Անվտանգության ծառայության աշխատակիցներ եւ զինծառայողներ են, իսկ թե մասնավորապես ովքեր են խնամում ջայլամներին՝ հայտնի չէ: Ջրաշենի անասնաբուծական ֆերմայի սեփականատեր Գրիշա Սարկիսյանն ամիսը 1-2 անգամ այցելում է ֆերմա։ Ջայլամի առեւտուրը մեզանում էլիտար բիզնես է համարվում, քանի որ թե միսը, թե մորթին արժեքավոր են: Մի քաղաքացի, որը նույնպես ջայլամաբուծությամբ է զբաղվում, պատմում էր, թե ինչպես կարելի է ջայլամ մեծացնելով եկամուտ ստանալ: Օրինակ, ասում են, որ Գ. Սարկիսյանի ֆերմայից ջայլամի մեկ ձուն կարելի է գնել 50-70 դոլարով: Փոքրիկ ջայլամիկները վաճառվում են 150 դոլարով, իսկ արդեն խոշոր ջայլամները վաճառվում են 3000-4000 դոլարով: Մեր զրուցակից ջայլամաբույծները պատմում են, որ միայն Մոսկվայի ռեստորաններում ջայլամի մսից պատրաստված մեկ բաժին ուտեստն արժե 1000 դոլար: Հայաստանում ջայլամի մսից կերակուրներ շատ քիչ ռեստորաններում են պատրաստում, քանի որ ջայլամի միս ձեռք բերելը դժվար է: Օբյեկտների տերերն ասում են, որ եթե հաճախորդին սովորեցնես ջայլամի մսով կերակուրներին, ապա մսի ձեռքբերման հետ կապված դժվարությունների պատճառով հետո կարող ես հաճախորդ կորցնել: Ջայլամի միս մշտապես չես կարող ապահովել։

Ջայլամի մսի 1կգ-ն արժե 100-150 դոլար։ Ավելի, քան արժեքավոր է այս թռչնի փետուրը, քանի որ դրանից ստացվում են թանկարժեք մուշտակներ։ Բացի դա, ջայլամի փետուրից են պատրաստում ամենահարգի հովհարները։ Օրինակ, եվրոպական երկրների օպերային երգչուհիներն ու դերասանուհիները պատրաստ են մի ամբողջ կարողություն վճարել ջայլամի մորթուց պատրաստված շքեղ հովհար գնելու համար։ «Ջայլամը լավ թռչուն է, գեղեցիկ է, ու, եթե խնամում ես, սկսում է քեզ ենթարկվել։ Իմ տան բակում եմ ջայլամներիս մեծացնում։ Կերակրում եմ ամեն ինչով, հիմնականում կոմբիկերը ցորենով խառնած՝ դա իրենց սիրած կերակուրն է։ Պետք է ուշադիր խնամես, որովհետեւ ամեն ինչ ուտում են. փայտ, կեղտ, ինչ ասես։ Ամենաշատը կավիճ են սիրում, ու կավիճը պարտադիր պիտի տաս, որ աճեն։ Դրսում, որ ազատ թողնում եմ, արագ վազում են դեպի մետաղալարերը, սրանք շատ են սիրում «պռովոլկեք» ու եթե ուշադիր չլինես, աչքիցդ հեռու կուտեն՝ կսատկեն։ Միակ դժվարությունը սրանց բռնելն է, շատ արագավազ են: Ժամերով պիտի հետեւներից վազես, եթե ուզում ես բռնես-տանես իրենց բունը»,- պատմեց ջայլամաբույծներից մեկը։ Ջայլամաբուծությունն իսկապես հետաքրքիր ու զվարճալի է։