Պատգամավոր Նովոյի որդին եւ եղբորորդին գիծը փակել են

13/10/2011

Հոկտեմբերի 11-ին Արմավիր-Երեւան ավտոճանապարհին կատարվածը, թերեւս, հաստատեց մեր իրականության որոշ «ճշմարտություններ»: Արմավիր-Երեւան ճանապարհին` Արմավիր քաղաքից ոչ հեռու, հոկտեմբերի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում անհայտ անձինք խոչընդոտել են Արմավիր-Երեւան գիծը սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 0279Լ պետհամարանիշի ավոտմեքենայի աշխատանքը` մեքենայից դուրս բերելով եւ ծեծի ենթարկելով վարորդին եւ ձեռքից վերցնելով մեքենայի բանալիները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են Արմավիր-Երեւան գիծը սպասարկող վարորդները: «Գնում էի Մեծամոր, վերանորոգման բան կար մեքենայի վրա, պետք ա նայել տայի ու շարժվեի Երեւան` իմ աշխատանքին: Մեքենայիս դեմը կտրեց, մենակ էր, մարդ էր… իջավ մեքենայից, ասաց` խի՞ ես գնում Երեւան, դու իրավունք չունես գնաս Երեւանից պասաժիր բերես, խի՞ ես աշխատում այդ կազմում: Ասացի` բա ի՞նչ անեմ, ինձ ո՞վ է հաց տվողը: Ասացի` ես որտեղ կուզենամ, այնտեղ կաշխատեմ…

Բանալիները հանեց, մի ճլոտ էլ տվեց, բանալիները վերցրեց, զամոկը կոտրեց ու ինձ ասեց` գնա ստեղից: Մի քիչ լավ չէի զգում ինձ, նստեցի, մինչեւ տղերքը ջուր բերեցին»,- պատմեց «ԳԱԶել» մակնիշի 0279Լ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը: Նա նաեւ ասել է, թե անձամբ չի դիմել Ոստիկանություն, բայց Ոստիկանությունը տեղեկացել եւ եկել է. «Բացատրություն եմ տվել, ու հիմա ոստիկաններն այդտեղ են` մեքենայի մոտ»: Վարորդները նաեւ տեղեկացրել են, որ «ԳԱԶել» մակնիշի 0279Լ պետհամարանիշի ավտոմեքենան գտնվում է Արմավիր- Երեւան ճանապարհին: Ըստ վարորդների, ժամը 18:00-18:30-ի սահմաններում երկու ավտոմեքենա փակել են նաեւ նույն երթուղին սպասարկող ավտոբուսի ճանապարհը հենց Արմավիրի ավտոկայանում, հայտարարելով, որ «ավտոբուսը ոչ մի տեղ չպետք է գնա»: Թղթակցի հարցին, թե այդ անձինք իրավասություն ունեի՞ն խոչընդոտելու երթուղին սպասարկող ավտոմեքենաների աշխատանքը, վարորդները բացասական պատասխան են տվել` նշելով, որ «իրենց դուխով չթողեցին, որ մեքենաները շարժվեն»: «Իրանք Հոկտեմբերի գիծ ունեն, իրենց ավտոները բերել կանգնեցրել են այս ավտոկայանում, բայց դրա իրավունքը չունեն: Իրանք մեզ չթողեցին քշել, բայց իրենց ավտոները տեղափոխեցին պասաժիրներին: Եթե այդպես շարունակվի, չենք աշխատի: Մենք ի՞նչ անենք, եթե իրանք գալիս են, չեն թողնում քշենք: Դեպուտատ ա, դեպուտատի տղա ա»,- նշել են վարորդները: «Իրավական հասարակարգ են ստեղծում, բայց այսօր մեկը բռնանում է մյուսի կամքին, երբ պետական լիցենզիայով ենք աշխատում: Այդպե՞ս են իրավական համակարգ կառուցում: Այսօր 30 հոգի աշխատում են, եկել են մարդկանց ահաբեկում են»,- ասել է վարորդներից մեկը` նշելով, որ նախկինում էլ նման դեպքեր եղել են: Վարորդների խոսքով` իրենց աշխատանքը խոչընդոտել են պատգամավոր Նովոյի` ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին` Արտակը, եւ եղբորորդին` Բագրատը: Արմավիր-Երեւան երթուղային գիծը սպասարկում է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն, որի տնօրեն Հարություն Պետրոսյանը կայքի թղթակցին տեղեկացրել է, որ ընկերությունը տվյալ երթուղին սպասարկելու մրցույթում հաղթել է 2009 թվականին, եւ երթուղին սպասարկելու լիցենզիան տրված է մինչեւ 2013 թվականը: «Խնդիրն այն է, որ իրենք Հոկտեմբեր գյուղի տենդերն են շահել, եւ երթուղայինները պետք է Նորապատով գնան, բայց գալիս են Արմավիրի ավտոկայան, եւ ուզում են մեքենաներն աշխատեցնեն Արմավիր-Երեւան երթուղում: Իսկ այդ երթուղին մեր կազմակերպությունն է շահել: Ոստիկանություն ենք դիմել, եկել են այն մեքենաները հանել են, որ աշխատենք: Առավոտյան կտեսնենք` ո՞նց է ընթացքը լինելու: Առավոտյան վարորդները սովորականի պես դուրս են գալու երթուղի, իսկ Ոստիկանությունը խոսք է տվել, որ ապահովելու է անվտանգությունը, որ վարորդները կարողանան նորմալ աշխատել»,- ասել է Հ. Պետրոսյանը: Ի դեպ, լուսանկարների մի մասը, որոնց վրա պատկերված են երթուղային տաքսիների աշխատանքը խոչընդոտող մարդիկ, NEWS.am-ին տրամադրել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրինությունը:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն, հոկտեմբերի 11-ին, ժամը 22-ի սահմաններում Իշխան Մարտինի Մելքոնյանը («Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ վարորդ) ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 18-ի սահմաններում Արմավիր-Մեծամոր ճանապարհի 1-ին կմ-ին (ավտոկայանի տարածքում) վիճաբանության ժամանակ Բագրատ Քաջիկի Գեւորգյանը ձեռքով հարվածել է դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ: Մելքոնյանը հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից: Ձեռնարկվել են միջոցառումներ Բ. Գեւորգյանին հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն:

Այս միջադեպը Արմավիրի քաղաքացիների համար, կարծես, զարմանալի չէ: Ըստ քաղաքացիների` Արմավիր-Երեւան երթուղային գծի տերերը` ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը եւ Շուշան Խաչատրյանը (Նովոն ու Շուշոն, վարորդներն այդպես են անվանում) նորից երթուղիների վեճ էին սկսել: Ըստ վարորդների պատմածի, Շուշանն, ով ավելի կարող ուժ է համարվում, Երեւանի Կիլիկիա ավտոկայանում թույլ չի տալիս, որպեսզի Նահապետ Գեւորգյանին պատկանող մեքենաները կայանեն ավտոկայանում, ըստ այդմ, Նահապետ Գեւորգյանն էլ իրեն ավելի զորեղ զգալով Արմավիրում` որոշել է թույլ չտալ, որպեսզի Շուշան Խաչատրյանի երթուղային տաքսիները կայանեն Արմավիրի ավտոկայանում: Նրանց վեճը, ըստ ավտոկայանի աշխատակիցների, սկսվել է այս տարվա մայիսից: Վերջիններիս պատմելով` պարբերաբար գալիս-գոռում են իրար վրա, խանգարում տրանսպորտի եւ երթեւեկության կարգը: Ընդ որում` այս թատերական շոու-ծրագիրը, ըստ ավտոկայանի աշխատակիցների, կրկնվում է ժամանակ առ ժամանակ:

Ինչեւէ, հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում տաքսիները դուրս են բերվել ավտոկայանից. երկար տարիներ կայանում էին Արմավիրի ավտոկայանում: Գծատերերի վեճի արդյունքում էլ պարզվել է, որ երթուղային տաքսիների կայանումը ավտոկայանի ներսում` անօրինական է: Տաքսու վարորդների ասելով` ավտոկայանում կայանելու համար իրենց ամսական գումար են վճարում: Իսկ թե ինչքան գումար են վճարում, նրանք հրաժարվեցին ասել: Երեկվա դրությամբ վեճը հանդարտվել է: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները հատուկ հսկողություն են սահմանել Արմավիրի ավտոկայանում, վերահսկում են երթեւեկությունը եւ հետեւում, որպեսզի կուտակումներ չլինեն: