«Էն, ինչը չկարողացան անել Լեւոնն ու Սերժը՝ արեց ֆուտբոլի մեր հավաքականը»

13/10/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանի հավաքականի վերջին շրջանի ֆուտբոլային հաջողությունները Հայաստանում, մասնավորապես` Երեւանում, մեծ ոգեւորություն առաջացրեցին: Ավելին, ֆուտբոլիստները եւ նրանց գրանցած հաջողություններն ինչ-որ իմաստով համախմբեցին ողջ ժողովրդին:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող թեման ֆուտբոլն էր: Հաղթանակի զգացումը բոլորինս էր, եւ մարդկանց վերաբերմունքն էլ միմյանց հանդեպ մի տեսակ փոխվել էր: Քաղաքը վերջապես ուրախացել էր, բարձր տրամադրություն էր տիրում եւ փողոցներում, եւ տներում. ամենուր տոն էր: Խանութների վաճառողուհիները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ ֆուտբոլային խաղերի օրերին ամենավաճառվող ապրանքը գարեջուրը, չիպսերը, պոպ-կորնը, արեւածաղկի սերմը եւ հյութերն են եղել: Այդ օրերին, ըստ վաճառողների` սուպերմարկետներն ու մյուս խանութները հատկապես գարեջուր` կրկնակի, եռակի խմբաքանակով են ստացել: Հոկտեմբերի 11-ին Հայաստան-Իռլանդիա խաղը դեռ չէր սկսվել, երբ սրճարաններում տեղ ու դադար չկար: Քաղաքի տարբեր փողոցների մեծ էկրանների շուրջ հավաքված ֆուտբոլասերների պատճառով` մասնավորապես Օպերայից դեպի Բաղրամյան տանող ճանապարհը փակ-անանցանելի էր: Քաղաքի կենտրոնը, բառիս բուն իմաստով` թնդում էր: Նույնիսկ տաքսիստները, որոնք մի 600 դրամ աշխատելու համար ամենաանհարմար պահին չեն հրաժարվում սպասարկել` հոկտեմբերի 11-ին աշխատելու փոխարեն` նախընտրում էին փողոցում ֆուտբոլին հետեւել: Այս օրերին մենք զրուցեցինք տաքսու վարորդների հետ, որոնք Հայաստան-Մակեդոնիա խաղի հաղթանակից այնքան էին ոգեւորված, որ զարմանալիորեն նույնիսկ մոռացել էին «1000-ի մանր չունեմ» արտահայտությունը:

«Հիմա Լեւոնն էլ, Սերժն էլ թող գնան հասկանան, որ ժողովուրդը էշ չի, ժողովուրդը ոտքի ա կանգնում, երբ մի բանի հավատում ա»

Վարորդ Ռուբեն Սարգսյանն ասում է, որ Հայաստանում ֆուտբոլային վերջին հաղթանակները հասարակության մեջ շատ բան փոխեցին: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջապես մեր ժողովուրդը համախմբվեց որեւէ գաղափարի շուրջ։ «Այն, ինչ արեց մեր հավաքականը` էս 20 տարի ա, ուզում են անեն Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Էս երկուսին եւ նախորդներին չհաջողվեց ժողովրդին ոտքի հանել, բայց մեր տղերքին հաջողվեց: Հիմա Լեւոնն էլ, Սերժն էլ թող գնան մտածեն, որ ժողովուրդը էշ չի, ժողովուրդը ոտքի ա կանգնում, երբ մի բանի հավատում ա: Էն, ինչ էս վերջին օրերին կատարվեց Երեւանում` դա աննկարագրելի մի երջանկություն ա: Մարդկանց մեջ մի տեսակ ուրախություն, ոգեւորություն, հավատ առաջացավ: Ոնց որ երկար տարիներ կոմայի մեջ գտնվող մարդն անսպասելի արթնանա: Պատկերացրեգք, որ ինչքան ուղեւոր ունեցել եմ` ֆուտբոլից ա խոսացել ու` շատ ոգեւորված: Շատ մեծ էներգիա եկավ մեր մեջ: Էս փաստը հետաքրքիր էր նրանով, որ հազիվ մի անգամ մոռացանք, թե մեզնից ով ա սերժական ու ով` լեւոնական: Երկուսի կողմնակիցներն էլ ուրախանում էին ու իրար հանդեպ էն թարախն էլ էին մոռացել: Ամենակարեւոր բանն էն ա, որ ժողովուրդը ինքնակամ, ոգեւորված, ուրախությունից փողոց էր դուրս եկել: Ես էդ օրերին մի աննկարագրելի երջանկություն ապրեցի: Մտածում էի` տեսնես Լեւոնն ու Սերժը հասկացա՞ն, որ ժողովրդին զոռով փողոց չես հանի, որ ժողովուրդը ոչխար չի: Ասում եմ` տեսնես մեր արածից մանթո չընկա՞ն»,- ծիծաղելով ասում է Ռ. Սարգսյանը` իշխանական եւ ընդդիմադիր լիդերներին կոչ անելով մարդկանց զգացմունքների հետ չխաղալ, քանի որ ժողովուրդը շատ նուրբ է եւ արձագանքում է այն դեպքերում, երբ սիրտը հուշում է:

«Կարեւորն էն ա, որ մեր հավաքականը զարթնել ա»

Վարորդ Սերյոժա Թադեւոսյանն ասում է, որ Հայաստան-Իռլանդիա խաղի արդյունքում թեեւ մենք պարտվեցինք, այդուհանդերձ, Հայաստանի հավաքականի որակյալ խաղը չի հուսահատեցրել իրեն: «Բոլորս էլ տեսանք, որ Բերեզովսկուն խաղից հեռացնելն անարդար էր: Դրա համար էլ ես ներել եմ էդ պարտությունը եւ տղերքին ասում եմ` կեցցեք, ես ձեր ցավը տանեմ: Անարդարությունն ամեն տեղ ա, ու զարմանալի չի, որ գնդակ տշելու մեջ էլ պիտի լիներ: Կարեւորն էն ա, որ մեր հավաքականը զարթնել ա ու մեզ հրաշալի պահեր ա պարգեւում: Անկեղծ ասած` ես խաղերի օրերին չեմ աշխատել, որովհետեւ նախ` երթեւեկելն անհնար էր, երկրորդն էլ` ընտանիքով ենք հետեւել խաղին: Մայրս, կինս, երեխեքս, բոլորն էլ հետաքրքրությամբ նայել են ու գոլերի ժամանակ նենց ենք գոռացել, որ տունը թնդացել ա: Ամենահետաքրքիրն էն ա, որ գոլերի ժամանակ որ բղավում էինք` մայրս ասում էր` ամոթ ա, կամաց գոռացեք, հարեւանները կբողոքեն: Հետո պարզվեց, որ բոլոր հարեւաններիս տանը նույն վիճակն ա եղել ու բոլորն էդ պահին ասել են` ամոթ ա, հարեւանները կբողոքեն: Չնայած, Եվրոյի խաղերին մենք չենք ներկայանա, բայց մի բանում վստահ եմ, որ ֆուտբոլն արդեն ֆուտբոլի ա նմանվում Հայաստանում, ու առաջընթաց հաստատ լինելու ա»,- վստահեցնում է Սերյոժան` այս հարցում կարեւորելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դերակատարումը: «Մարդը հասավ իր նպատակին: Ասեց` պիտի առաջ գնանք` արեց: Ճիշտ ա` բացի իրանից ոչ ոք չէր հավատում, որ մեր ֆուտբոլը ոտքի կկանգնի, բայց փաստ ա, որ մեր ֆուտբոլիստները հաճելիորեն մեզ զարմացրին: Ռուբեն Հայրապետյանը պիտի հասկանա, որ իր տեղը քաղաքականությունը չէ, ֆուտբոլի ֆեդերացիան ա: Եթե մեր երկրում ամեն մարդ իր գործով զբաղվի` տարբեր ոլորտներում մենք հաջողություններ կունենանք: Վերջին շրջանում հայերի կողմից արձանագրած հաղթանակները պետք ա գնահատել: Օրինակ` շախմատ, ծանրամարտ, բռնցքամարտ, ֆուտբոլ, էս բաները մեր ժողովրդին շատ մեծ բան տվեցին: Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ մի օր էլ գիտության մեջ հաղթանակ ունենանք: Մեր սիրտը երեւի չդիմանա դրան: Անկախանալուց հետո մենք շատ քիչ հաղթանակներ ենք ունեցել, ավելին` մենակ դժբախտություններ ու ցավեր ենք տեսել: Մենք արդեն մոռացել էինք` ինչ բան ա ուրախությունից գոռալը: Ապրեն մեր տղերքը: Մենակ քաղաքում, փողոցներում չէր էդ վիճակը, անգամ ընտանիքներում էր ինչ-որ բան փոխվել: Էդ մի քանի ժամը մոռանում էինք մեր առօրյա հոգսերը, ծանր կյանքը ու բալետ էինք անում մեր տղերքին: Ոնց որ ամեն մեկիս հաղթանակը լիներ»,- ասում է Սերյոժան:

«Մարդը հեռախոսով ֆուտբոլ էր լսում»

Վարորդ Գագիկ Վարդանյանը թեեւ Հայաստան-Իռլանդիա խաղից մեծ հիասթափություն է ապրել, այդուհանդերձ հաստատում է, որ ֆուտբոլային խաղերի օրերին հասարակական արձագանքը անսպասելի մեծ է եղել: «Ինչ մեղքս թաքցնեմ` մենակ էդ աժիոտաժի համար արժեր էդ ֆուտբոլը: Երեւանը մի տեսակ կենդանացավ: Հետաքրքիր բան ասեմ, որ ֆուտբոլի օրերին, երբ փողոցներում խցանում էր լինում` իրար չէին քֆրտում: Մարդիկ շատ համբերատար, հանդուրժող էին դարձել: Հա, ես էլ եմ համարում, որ մեր ազգը էդ օրերին անճանաչելի դարձավ: Նույնիսկ էն ամենամունդառ բնավորություն ունեցող իմ ուղեւորները էդ օրերին ինձ չեն նեղացրել, չեն ասել` սենց գնա, նենց արա, որ էս պրոպկից դուրս գաս: Շատ մեծ հաճույքով հետս «լռվել» են պրոպկեքի մեջ: Օրինակ` Հայաստան-Մակեդոնիա խաղի ժամանակ ես Համալսարանի մոտակայքում երկար ժամանակ խցանման մեջ եմ եղել: Մի ջահել, երեւի 28-30 տարեկան աղջիկ էր մոր հետ: Պատկերացրեք` ինչ նստել ա մեքենաս` հեռախոսն ականջին ա եղել: Զանգել էր ծանոթներից մեկին, որը ստադիոնում էր, ու նա պատմում էր, թե ինչ ա կատարվում: Մարդը հեռախոսով ֆուտբոլ էր լսում: Էդ օրը հազիվ բոլորս զբաղված էինք: Բայց մի հարեւան ունեմ, նենց լավ փող աշխատեց էդ օրերին: Մարդը տոմսն առնում` եռակի գնով վերավաճառում էր: Արա, դե մարդ պիտի քթածակ ունենա էլի: Եթե մեջդ առեւտրականը կա, ուրեմն` ամեն առիթով փող կաշխատես»,- ծիծաղելով պատմում է Գ. Վարդանյանը` ենթադրելով, որ այդ օրերին բջջային օպերատորները հավանաբար միլիոնավոր շահույթներ են ստացել, քանի որ շատերն են հեռախոսի միջոցով փորձել խաղից տեղյակ լինել: Ի դեպ, նա վստահեցնում է, որ հայերը նույնիսկ «Արարատ 73» թիմի խաղերի ժամանակ այսքան ակտիվ փողոց դուրս չեն եկել: «Չնայած էն ժամանակ ուրիշ էր, կաֆեներում նայելու հնարավորություն չկար, էկրաններ չկային: Ով կարողանում էր` գնում էր ստադիոն, ով էլ չէ` տանն էր նայում: Բայց մեր տղերքը մալադեց, իսկականից մալադե՜ց: Ամբողջ ժողովուրդը դարձավ ֆուտբոլի բալելշչիկ: Անգամ էն մարդիկ, ովքեր ֆուտբոլից ալերգիա ունեին` սկսեցին հետեւել խաղերին: Ափսոս, որ Իռլանդիայի հետ խաղում կռիսություն եղավ, թե չէ` հայերովս թնդալու էինք: Արա, բայց դե ճիշտ եմ ասում էլի` էս մեր տղերքը ամենա էն կայֆ պահին ուդառ նիժե պոյըս են անում մարդու: Էն ինքնագոլն էլ խայտառակություն էր, էդ մեկը մեզ պազոռ էր: Դե լավ է, դարդոտեցի: Հիշո՞ւմ եք, առաջ մարդիկ դառնում էին հոկտեմբերիկ, հետո` պիոներ, հետո` կոմերիտական… Հիմա մեր ֆուտբոլը պիոներ ա դարձել, վզկապը քաշել ա, մնում ա` կոմերիտականի կոչումն ունենա: Էս ասեցի ու մեր քաղաքական գործիչներին հիշեցի: Առաջ այ էդ աստիճաններով էր մարդը մի բանի հասնում, դրա համար սովորում էր էլի էդ բարձունքներին: Հիմա հոկտեմբերիկից թռնում են եսիմ ուր, դրա համար էլ սենց չտես-գյորմամիշ են»,- կրկին անդրադառնալով քաղաքականությանը` մեր զրուցակիցը բարկանալով եզրափակում է խոսքը: