«Գյումուշ ԳԷՍ-ն այստեղ թունել էր դնում, տարբեր տեղերից մասնագետներ հավաքեցին, բերեցին, 1945 թվին էլ էս բարաքները սարքեցին, որ մարդիկ ապրեն ու աշխատեն,- պատմում է 75-ամյա Հակոբ Հակոբյանը: -Թունելը սարքելուց հետո մասնագետների մի մասը գնաց, մյուս մասն էլ մնաց ու տնավորվեց այստեղ: Ամեն մի ընտանիք ունեցավ չորս-հինգ երեխա, սրանք էլ մեծացան, ամուսնացան, իրենց երեխաներն ունեցան ու բնակիչների թիվը շատացավ: Էդ թունել սարքող հիմնարկի անունը «Շրջանցիկ թունել» էր: Էս բնակավայրի վրա էդ անունն էլ մնաց: Հիմա մեր անձնագրի մեջ մեր հասցեն հենց այդպես էլ նշված է՝ Երեւան 52, Արաբկիր, Շրջանցիկ թունել, անուն-ազգանուն»:
«Շրջանցիկ թունել» բնակավայրը մեզ բոլորիս ավելի հայտնի է Կորեայի ձոր անունով: Տեղանքն, իրոք, ձոր է, շատ գեղեցիկ ու հարուստ կլիմայական պայմաններով: Գտնվում է Երեւանի «Շամպայն գործարանի» անմիջապես դիմաց: Ամռանն այստեղ բնությունը հեքիաթային է՝ փարթամ ու զով: Իսկ տեղանքը երեւանցիներին ավելի հայտնի է որպես խորոված անելու շատ հարմար վայր: Բնության գրկում եւ մաքուր օդում հաց ուտելու հայերի սովորությունը նրանց ստիպել է այստեղ ամառանոցներ կառուցել, ու բնակավայրն ավելի է ընդլայնվել: Այստեղ եղել է նաեւ մանկատուն: Բնակիչների պատմելով` հենց մանկատան պատճառով էլ ձորին կպել է Կորեա անվանումը:
«Քաղաքից ձոր մարդ է եկել, որբերին տեսել է մանկատան մոտ խմբված ու ասել է՝ էս ի՞նչ է, ոնց որ Կորեայի որբերը լինեն,- պատմում է Օֆելյա Խաչատրյանը: -Ու էդպես մեր բնակավայրի անունը մնում է Կորեայի ձոր»:
Այդ փոքրիկ բնակավայրը երկու մասի է բաժանված, մեկը, ինչպես նշեցինք, կոչվում է Շրջանցիկ թունել, մյուսն էլ՝ Մանկական քաղաք: Առաջինն ունի 74 տնտեսություն, իսկ երկրորդը՝ 40: Խորհրդային կարգերից հետո այս ընտանիքներում հարս եկածներին տան վրա չեն գրանցում, չեն գրանցում նաեւ բանակից զորացրված տղաներին ու նորածիններին: Բնակիչներից շատերն իրենց տների սեփականության վկայականը չունեն: Ուր էլ որ դիմել են՝ անձնագրային կամ կադաստրի բաժիններ, պաշտոնյաները նրանց պատասխանել են, թե «ձեր բնակավայրը քարտեզի վրա չկա, ձեզ չենք կարող գրանցել: Ու հիմա բոլոր հարսների ու բանակից վերադարձած տղաների անձնագրերում դրված շտամպի վրա «հաշվառված է» արտահայտության փոխարեն` գրված է` «փաստացի գրանցված է», որը նրանց սեփականության իրավունք չի տալիս:
«Ժամանակին այս տեղի վրա շատ պաշտոնյաներ են աչք ունեցել,- ասում է Գվիդոն Գրիգորյանը: -Դրա համար էլ մեզ չթողեցին սեփականության վկայականներ ստանալ: Սա դաչայի համար շատ հարմար տեղ է: Մեկ ուզում էին վերցնեն, իբր թե գազանանոց սարքեն ու էդպես մեջ-մեջ անեն: Մեկ էլ ասում էին, թե տուրբազա պիտի սարքեն: Ու մենք էսպես մնացինք օդում կախված: Էն վերեւներում արդեն դաչաներ սարքել են, չգիտենք էլ, թե ովքեր են: Քարե ընենց զաբոռներ են քաշել, որ բան չի էրեւում, սիրուն-սիրուն մեքենաներով գալիս մտնում են, հետո գնում են: Բան չենք տեսնում: Այ, որ նրանց հարցնեք, կտեսնեք, որ սեփականության վկայական ունեն: Նրանց տվել են, մերոնցից մի քանիսին էլ են տվել: Ով ծանոթ-բարեկամ է գտել կամ փող է տվել՝ ստացել է, մենք էլ մնացել ենք օդից կախված»:
Քարտեզից դուրս գտնվող այս վայրի բնակիչներն ուրախ են, որ գոնե «ԱրմենՏելի», ջրմուղի ու էլցանցի բաժանորդներ են, նրանք նաեւ Արաբկիր համայնքի ընտրող են: Այս տարի Շրջանցիկ թունել, Մանկական քաղաք ու «ՀայՌուսգազարդի» հարեւանությամբ գտնվող Նավթահետախուզական արշավախումբ բնակավայրերի 125 ընտանիքները նամակով դիմել են վարչապետին: Թաղային համայնքի նախագահ Գոհար Սահակյանն էլ այս նամակի տակ 125 ընտանիքներից ստորագրություններ է հավաքել ու ուղարկել է հասցեատիրոջը. «Բա ի՞նչ անենք, մինչեւ ե՞րբ այսպես ապրենք,- դժգոհում է տիկին Սահակյանը: -Վաղը-մյուս օրը կարող է մի փողատեր գա ու մեզ դուրս հանի մեր տներից, թե` ձեզ էլ, հողն էլ, տունն էլ առել եմ»:
Տների սեփականության վկայական չունենալը չէ միայն այս բնակիչների միակ խնդիրը: Կորեայի ձորը Երեւանին կապող տրանսպորտային ոչ մի միջոց չկա: Բնակիչներն ավելի քան 1 կմ «դիք» են բարձրանում, որ հասնեն Թբիլիսյան խճուղի ու երթուղային տաքսիներով քաղաք հասնեն: Բոլոր քաղաքապետերն ու թաղապետերը խոստացել են երթուղային գիծ բացել քաղաքից դեպի Կորեայի ձոր, բացել են, բայց 2 ամսից ավելի չի տեւել:
«Ընտրությունների ժամանակ էդ տրանսպորտն աշխատացնում էին, հետո՝ հանում,- ասում է տիկին Օֆելյան: -Մեր երեխաները ձմեռվա բքին ոտով են հասնում խաչմերուկ, որ դպրոց գնան: Գոնե մի փոքր կայանատեղի էլ չեն սարքել, որ անցնող ավտոները տեսնեն` կանգառ է, մեր հարսներին սիգնալ չտան»:
Կորեայի ձորի բնակիչները տրանսպորտի պատճառով չեն կարողանում Երեւանում աշխատել, տեղում էլ աշխատող հիմնարկ չկա:
«Մնացել ենք մեր թոշակների ու էս մի կտոր հողի հույսին,- ասում է Հ. Հակոբյանը: -Հող էլ չկա, ամեն մեկը մի պուճուր տնամերձ ունի, հողն էլ մեքենաներով ենք կրել-բերել, որ մի երկու բան ենք աճեցնում: Կրովի հողով մեծ բոստան չես ունենա: Էս հողը որ մի 20 սանտիմ հետ տաս՝ տակը քար է»:
Եթե վարչապետն իրենց խնդրանքին չընդառաջի, քարտեզից դուրս գտնվող այս բնակիչները որոշել են մի նամակ էլ Կորեայի Հանրապետության նախագահին գրել ու նրանից խնդրել, որ թույլ տա, գնան այդ երկիրը:
«Մեր ղեկավարներն ասում են, թե մեր քարտեզի վրա Կորեայի ձոր չկա,- ասում է Գվիդոնը: -Կարող է Կորեայի Հանրապետությունից ենք ու մենք էլ լավ չգիտենք»: