Թեթեւ արդյունաբերության ծանր ժամանակները

16/11/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Մեր տնտեսության ոլորտներից մեկը՝ թեթեւ արդյունաբերությունը, չնայած հսկայական պոտենցիալին, այսօր զարգացման առումով մեծ հիմնախնդիրներ ունի: Ոլորտի խոշոր ձեռնարկություններից է «Գարուն» արտադրական միավորումը: Գոհար Ենոքյանը, լինելով պրոֆ. տեխնիկական ուսումնարանի կարի ճյուղի եւ Կիեւի թեթեւ արդյունաբերության ինստիտուտի սան, երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոլորտի ձեռնարկություններում, իսկ 1985թ. հոկտեմբերի 28-ից մինչ այսօր «Գարուն» արտադրական միավորման տնօրենն է: Թեթեւ արդյունաբերության զարգացման խնդիրների շուրջ զրուցեցինք Գ. Ենոքյանի հետ:

1989թ. Մ. Գորբաչովի որոշմամբ 5մլն դոլար է հատկացվել «Գարուն» արտադրական միավորմանը` ձեռնարկությունը վերազինելու նպատակով: Ֆրանսիական «Ալբերտ» ֆիրման ֆաբրիկան ամբողջությամբ վերազինեց նոր սարքավորումներով: Դրությունը, սակայն, բարդացավ Սովետական Միության փլուզումից հետո: Հումքի ներմուծման ճանապարհները փակվեցին: Եթե նախկինում այն բերվում էր ԽՍՀՄ երկրներից, ապա այդուհետ պետք էր աշխատել պատվիրատուի հումքով՝ օգտագործելով միայն էժան աշխատուժը: «1992թ. վերջերին հոլանդահայ եղբայրներ եկան Հայաստան, ծանոթացան մեր ձեռնարկության հետ եւ ցանկություն հայտնեցին մեզ հետ համագործակցել: Համակարգն այսպես էր գործում. ինքնաթիռ էին վարձում Ռուսաստանից, Հոլանդիայից բերվում էր հումքը: Մի ամսում մենք կարում էինք արտադրանքը, եւ մի ամիս հետո պատրաստի վիճակում նույն ինքնաթիռով ապրանքը տեղափոխվում էր Հոլանդիա: 4 տարի հետո ռուսական ինքնաթիռների վառելիքի գինը կրկնակի աճեց: Ինքնաթիռ վարձելն այլեւս ձեռնտու չէր: Մի տարի փորձեցինք աշխատել Երեւան-Ամստերդամ թռիչքով, որն այն ժամանակ գործում էր շաբաթը մեկ անգամ: Սակայն այս պարագայում էլ այլ խնդիր ծագեց: Ծաղիկ ներմուծողները մեզ խանգարում էին. ինքնաթիռը բարձում էին ծաղիկներով եւ մեր հումքին տեղ չէր մնում: Շաբաթներով հումքի մուտքը ուշանում էր: Նույն տարում Հոլանդիայում ներմուծման մաքսադրույքը մոտ 2 անգամ բարձրացավ: Հոլանդիայի մեր գործընկերները հետզհետե պակասեցրին պատվերների ծավալները»,- պատմում է Գ. Ենոքյանը:

1995-ից «Գարուն» արտադրական միավորումը սկսել է աշխատել ամերիկյան «Ամերեքս» ֆիրմայի հետ: Այնուհետեւ վերջինս սկսել է համագործակցել նաեւ Վանաձորի, Գյումրիի, Ախուրյանի եւ Երեւանի կարի այլ ֆաբրիկաների հետ (թվով 10-12), սակայն դա տեւել է մինչեւ 2001թ. սեպտեմբերի 11-ը, երբ ամերիկյան տնտեսությունը նույնպես հայտնվեց ոչ բարենպաստ վիճակում: Ամերիկյան ընկերությունը նվազեցրել է կարելավարձը եւ պատվերների քանակը, ինչը ձեռնտու չէր «Գարուն» միավորմանը, եւ վերջինս 2002թ. հրաժարվել է շարունակել համագործակցությունը:

«2003թ. դիմեցինք Պաշտպանության նախարարությանը եւ մասնակցելով տենդերի՝ շահեցինք զինվորական հագուստ կարելու պատվերներ, ինչը մինչ այժմ շարունակում ենք կատարել»,- ասում է տիկին Ենոքյանը: Միավորումը այժմ պատվերներ ունի Ֆրանսիայից եւ Ռուսաստանից, սակայն, այնուամենայնիվ, աշխատում է ոչ լրիվ արտադրական հզորություններով: Պատվիրատուներ գտնելը, ըստ Գ. Ենոքյանի, նույնպես շատ դժվար գործընթաց է, ինչին խանգարում է նաեւ օտարերկրյա գործարարների անվստահությունը հայաստանյան տնտեսական ու քաղաքական իրավիճակի նկատմամբ:

Ճանապարհային ծախսերը սովորաբար հոգում է պատվիրատուն: Տիկին Ենոքյանը պատմեց այս առնչությամբ ծագած հիմնախնդիրներից մեկի մասին. «3-4 տարի առաջ գտել էինք մի պատվիրատու՝ անգլիական «Սյուզեն Մարտին» ֆիրման, որը պատվիրեց 50 հազար վերարկու: Սակայն ճանապարհի հետ կապված հսկայական պրոբլեմներ ծագեցին: Անգլիայի խանութները պայմանագրի համաձայն պահանջում էին ընկերությունից` 40 օրում պատրաստի ապրանքը հասցնել խանութ, իսկ ավտոմեքենայով Լոնդոնից Հայաստան հումքի բերելն ու պատրաստի արտադրանքի հետադարձ ճանապարհը տեւում էր մոտ 29 օր: Այսինքն, 10 օրում անհնար էր 4000-5000 վերարկու կարել: Մի քանի անգամ ժամկետների մեջ չտեղավորվելուց հետո ֆիրման դադարեցրեց համագործակցությունը»:

Ինչո՞ւ «Գարունը» չի մատակարարում տեղական շուկան: Որովհետեւ նախ` այն շատ փոքր է, եւ երկրորդ` այն հագեցած է արտասահմանյան էժանագին արտադրանքով (հիմնականում` չինական, թուրքական, պարսկական): «Մեր ապրանքն այսօրվա դրությամբ մրցունակ չէ, քանզի ավելի թանկ է: Պատճառն այն է, որ մենք չունենք հումք արտադրող ձեռնարկություններ: Եվ, քանի որ մենք հումքը ներկրում ենք, տրանսպորտային ծախսեր են ավելանում: Օրինակ, Չինաստանում աշխատուժն անհամեմատ ավելի էժան է, այդ պատճառով մեր արտադրանքը չինականից մոտ 2 անգամ թանկ է: Էլեկտրաէներգիան էլ է թանկ: Այս հսկա ձեռնարկությունները, որ ստեղծվել են ԽՍՀՄ օրոք, նպատակ են ունեցել արտադրանքի մոտ 80%-ն արտահանել ԽՍՀՄ երկրներ: Այսօր դրանք հնարավոր չէ աշխատեցնել, որովհետեւ ծախսերը շատ են: Միայն ձմեռվա ընթացքում ջեռուցմանը տրամադրում ենք ամսական 1-1,5 մլն դրամ, ընդ որում՝ 3 արտադրական հարկերից միայն մեկն ենք աշխատեցնում»,- հավաստիացնում է Գ. Ենոքյանը: Բացի այդ, Գ. Ենոքյանի խոսքերով, տնայնագործները Հայաստանում շատ են: Մի քանի հոգանոց ձեռնարկությունները կարող են մատակարարել տեղական շուկան: Ընդ որում, Հայաստանի շուկաներում եւ խանութներում հիմնականում տեղական արտադրանքներ են, որոնց պիտակներն են արտասահմանյան: Դրանց կեսից ավելին այստեղ է պատրաստվում:

Հայաստանի նվազ «գրավչության» պատճառներից մեկն էլ այն էր, որ Ջորջ Բուշն աֆրիկյան 5 երկրներից, այնուհետեւ` նաեւ Վիետնամից, ներմուծման համար սահմանեց զրոյական մաքսադրույքներ՝ հնարավորություն տալով այդ աղքատ երկրներին «ոտքի կանգնել»: Բնականաբար, ամերիկյան գործարարները «թեքվեցին» դեպի այդ երկրներ: Նույնը արեցին նաեւ «Ամերեքսը» եւ «Գարունի» հնդկական պատվիրատուն: «Մենք դիմեցինք Հայաստանի նախագահին՝ մաքսադրույքները զրոյականացնելու միջոցով մեր արտահանումը ԱՄՆ խրախուսելու խնդրանքով: Մերժեցին: Ամենայն հավանականությամբ, ամերիկյան ուժերը դա թույլ չտվեցին: Իհարկե, դա արվեց «քաղաքակիրթ» ձեւով, թույլատրվեց բնական մորթիներից եւ արհեստական կաշվից արտադրանքի ազատ արտահանումը, ինչի արտադրությամբ Հայաստանը չի կարող զբաղվել, եւ որի նկատմամբ պահանջարկ էլ չկա»,- ասաց Գ. Ենոքյանը:

Դեռեւս ԽՍՀՄ օրոք ամենացածր վարձատրվող աշխատանքը եղել է կարի ճյուղինը: Այժմ աշխատողները ստանում են առավելագույնը 35-40 հազար դրամ աշխատավարձ: Թեեւ գործազրկության մակարդակը երկրում շարունակում է բարձր մնալ, այնուամենայնիվ, բանվորների պահանջ է զգացվում: «Մեր հայտարարություններին չեն արձագանքում: Ժողովուրդը ծուլացել է, արտասահմանից օգնություն ստացողը չի էլ ուզում աշխատել: Եթե նույնիսկ այսօր ամբողջ հզորությամբ հնարավոր լինի ֆաբրիկան աշխատեցնել, բանվորների պակասություն ենք ունենալու: Հնարավոր է նաեւ մարզերից կանչել, բայց դա էլ շատ ծախսատար կլինի»,- ասում է Գ. Ենոքյանը: Ի դեպ, «Գարուն» արտադրական միավորումում այժմ զբաղված է մոտ 170 աշխատող:

Արտահանողի համար հիմնախնդիր է նաեւ դոլարի փոխարժեքի անկումը, ինչը դոլարի գնողունակությունը նվազեցնում է եւ հանգեցնում արտասահմանյան պատվերների եկամտաբերության նվազման: Դրանից տուժում է նաեւ բանվորը, որի իրական աշխատավարձը նվազում է, եւ տեղի է ունենում կադրերի արտահոսք:

Ի՞նչն է խանգարում թեթեւ արդյունաբերության զարգացմանը: «Այն պետության ուշադրությունից դուրս գտնվող ճյուղ է: Կառավարությունը չի խրախուսում ոլորտի զարգացումը, չկա թեթեւ արդյունաբերության զարգացման ազգային ծրագիր: Յուրաքանչյուր ձեռնարկատեր մնացել է ինքն իր պրոբլեմների մեջ: Դրան գումարվում են նաեւ բարձր հարկերն ու ներմուծվող սարքավորումների, հումքի եւ պահեստամասերի նկատմամբ կիրառվող մաքսադրույքները. չէ՞ որ դրանք կարող են թեթեւացնել տեղական արտադրողի բեռը»,- նշեց Գոհար Ենոքյանը: Թեթեւ արդյունաբերության ոլորտում խոշոր արտադրողների համար հեռանկարներ նա չի տեսնում այնքան ժամանակ, քանի դեռ ոլորտի զարգացման համար գլոբալ այս բոլոր հիմնախնդիրները երկրում մնում են անլուծելի: