«Այստեղ հավաքել ենք գյուղական համայնքների ղեկավարներին, որպեսզի լուրջ խնդիրներ քննարկենք: Ձեր ելույթից այս մարդիկ կարող է մտածեն, թե ճգնաժամը եկել, չոքել է մեր դռանը»,- Գյուղական համայնքների առաջին համաժողովի ընթացքում` արձագանքելով Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափի ելույթին` ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, թե դեռեւս որեւէ մեկը չի բնորոշել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքն այստեղ առկա է: «Չի կարելի վատ սպասումներ ձեւավորել: Փորձագետների կարծիքն այս առումով միանշանակ չէ: Շնորհակալ ենք, որ միշտ մեզ զգուշացնում եք, որ կա ճգնաժամ, ընդունում ենք, որ կա, բայց այդ ալիքն այստեղ չի հասել»,- հայտարարել է Ս. Սարգսյանը: Ժան Միշել Հափը, տեղեկացնելով, որ ՀԲ պորտֆելի մոտ 60 տոկոսից ավելին տեղակայված է ՀՀ գյուղական վայրերում, նշել է, որ հայկական տնտեսությունը դեմ առ դեմ կանգնած է եվրոգոտու ճգնաժամից առաջացած խառնաշփոթի առջեւ: Վիճակն, ըստ նրա, ավելի է վատանում սննդամթերքի գների աճի պատճառով: Ժան Միշել Հափի դիտարկմամբ` գյուղատնտեսությունը ՀՀ-ում մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած: Ըստ «tert.am»-ի` ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Ս. Սարգսյանի արձագանքից հետո կեսկատակ-կեսլուրջ նկատել է, որ «Ժան Միշելի ելույթից հետո կարելի է ենթադրել, որ ՀԲ-ն կմեծացնի Հայաստանի ֆինանսավորումը»: