Հոկտեմբերի 9-ին ԼՂՀ Պաշտպանության բանակում, Մարտակերտի զորամասերից մեկում մահացել է 1992թ. ծնված` 19-ամյա ժամկետային զինծառայող Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության համաձայն` «Հոկտեմբերի 9-ին, ժամը 10:40-ի սահմանում հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել»: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Մեր տեղեկություններով` այսօր սպասվում է մի քանի անձանց ձերբակալություն, ովքեր դրդել են նրան այդ քայլին: Ըստ հավաստի աղբյուրների` 19-ամյա զինվորը թեեւ հոգեբանական ապրումներ է ունեցել ընտանիքում խնդիրների պատճառով, քանի որ ծնողներն ամուսնալուծվել են, սակայն ինքնասպանության պատճառն այլ է եղել: Ավելին, տղան ինքնասպանությունից առաջ ձեռքի վրա գրել է այն անձանց անուններն, ովքեր իրեն դրդել են այդ քայլին: