«Ռոյալ Արմենիա» – Մաքսային պետական կոմիտե հակամարտությունը նոր երանգներ է ստանում։ Հայտնվել է երրորդ կողմը՝ «Ֆեդերալ Ինվեստ գրուպ» ընկերության ներկայացուցիչ Վաչե Պետրոսյանը, որի անունը սկսում է ավելի ու ավելի հաճախ հոլովվել այս խառը պատմության մեջ։
Երեկ «Ռոյալ Արմենիա» (ՌԱ) ընկերության ներկայացուցիչները մամլո ասուլիս էին հրավիրել «Մարիոթ» հյուրանոցում։ Փաստաբաններ Գեւորգ Մինասյանը եւ Աշոտ Սարգսյանը պահանջում էին ազատ արձակել ՌԱ ընկերության նախագահ, բաժնետեր Գագիկ Հակոբյանին եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանին, ովքեր ձերբակալվել են հոկտեմբերի 11-ին։ Հրապարակվեց «Ռոյալ Արմենիա» ՀՁ ՍՊԸ տնօրեն Տոնի Էլ Լաբակիի, ընկերության օտարերկրյա մասնակից Լ. Ախուլաս-Գոնսալեսի եւ ընկերության իրավաբան Գեւորգ Մինասյանի համատեղ հայտարարությունն այն մասին, որ կալանավորումը կատարվել է Վաչե Պետրոսյանի զրպարտության եւ Մաքսային կոմիտեի շինծու արձանագրության հիման վրա։ Հրապարակվեց նաեւ նույն անձանց բողոքն՝ ուղղված ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին եւ այլ պաշտոնատար անձանց, որտեղ ապացուցում են, որ ընկերության ղեկավարների կալանավորումն անհիմն է եւ խնդրում են ազատ արձակել ՌԱ-ի ղեկավարներին։
Համառոտ հիշեցնենք, թե ինչից է սկսվել այս ամենը։ ՌԱ-ն սուրճ է ներկրում դեռ 1996 թվականից։ Ընկերություն, որ փորձել է գործունեություն ծավալել օրինական դաշտում։ Մասնավորապես, ըստ ընկերության ղեկավարության նախկինում հնչեցրած հայտարարության, իրենք մերժել են Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) այն առաջարկությունը, որ կարող են սուրճի գնման փոքր արժեք հայտարարագրել, դրա հիման վրա վճարել ավելի փոքր մաքսատուրք, իսկ տարբերությունը կիսել։ Արդյունքում առաջացել է ՌԱ-ՄՊԿ հակամարտությունը, որը գնալով խորացել է։ Գագիկ Հակոբյանը եւ Արամ Ղազարյանը մեղադրվում են «Ֆեդերալ Ինվեստ գրուպ» (ՖԻԳ) ընկերության (որը ՌԱ-ի նախկին մատակարարն է) թվով 18 հաշիվ ապրանքագրերը կեղծելու մեջ։ Փորձագիտական քննությունը հանգել է այն եզրակացության, որ «Ֆեդերալ Ինվեստ գրուպի» կողմից ՌԱ-ին ուղարկված եւ վերջինիս կողմից դրանք ՄՊԿ ներկայացված հաշիվ-ապրանքագրերի վրայի վիետնամական կլոր կնիքների եւ հետագայում ՖԻԳ-ի կողմից ՄՊԿ-ին տրամադրված կլոր կնիքների դրոշմները չեն համընկնում։ Հետեւաբար, ՌԱ-ն կեղծել է կնիքները։ Ընկերության ներկայացուցիչներն այս եզրակացությունը համարում են անհիմն, նշելով, որ ՖԻԳ-ը կարող էր ներկայացնել մեկ այլ կնիք (ընկերությանը չի արգելվում մի քանի կլոր կնիք ունենալ)։ Եվ, բացի այդ, այդտեղ տրամաբանություն չկա, քանի որ ցանկացած կեղծում կատարվում է հարկերից խուսափելու նպատակով, սակայն ՌԱ-ն այդպիսի խնդիրներ չուներ։ Այն օտարերկրյա համատեղ ձեռնարկություն է եւ «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով մինչեւ 01.05.2005թ. ազատված է եղել մաքսատուրքից, իսկ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով՝ ազատված է եղել 2002-2003թթ.՝ 100%-ով, իսկ 2004թ.՝ 50%-ով։
Ընկերության ղեկավարները՝ Գ. Հակոբյանը եւ Ա. Ղազարյանը, մեղադրվում են նաեւ խարդախության մեջ։ Նրանց կալանավորել են ՖԻԳ-ի ներկայացուցիչ Վաչե Պետրոսյանի դիմումի հիման վրա, որը պնդում է, որ Գ. Հակոբյանն իրեն պարտք է եւ հրաժարվում է այն մարել։ Ընկերության փաստաբանն անհիմն որակեց Վ. Պետրոսյանի մեղադրանքները եւ նշեց, որ իրենց տվյալներով` որեւէ կոնկրետ ապացույց Պետրոսյանը չի ներկայացրել։
Ամեն ինչ սկսել է նրանից, որ Գ. Հակոբյանը եւ Վ. Պետրոսյանը որոշել են ԱՄՆ-ում սուրճ վերամշակող գործարան կառուցել եւ յուրաքանչյուրը ներդրել է 300 հազար դոլար։ Գործարկման նախաշեմին որոշել են պատրաստի գործարանը վաճառել, սակայն ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար պայմանավորվել են, որ Գ. Հակոբյանին եւ իր եղբորը պատկանող 50% բաժնեմասի վաճառք կձեւակերպեն Վ. Պետրոսյանին։ Վերջինս, պատճառաբանելով, որ չի կարող ցույց տալ 300 հազար դոլարի օրինական ծագումը՝ առաջարկել է գործարքն իրականացնել անվանականից ցածր գնով՝ 119.817 դոլարով։ Նա պարտավորվել է իրական ողջ գումարը փոխանցել Գ. Հակոբյանին եւ գործարանի օտարումից հետո վճարել նաեւ վաճառքից ստացած ավելցուկային գումարի կեսը։ 2002թ. այժմ վճարվել է 152.804 դոլար։ Հետագայում Վ. Պետրոսյանը հրաժարվել է գործարանը վաճառելու մտքից, իսկ գումարի մնացած մասն այդպես էլ չի վճարել։ Համենայն դեպս, ընկերության ներկայացուցիչների պնդմամբ, ոչ թե Գ. Հակոբյանն է պարտք, այլ Վ. Պետրոսյանն է պարտք Գ. Հակոբյանին, որի չափը, ըստ հաշվարկների, կազմում է 347 հազար դոլար։ Իսկ ինչո՞վ է համոզված եղել Գ. Հակոբյանը, որ Վ. Պետրոսյանը խոստման տերը կլինի։ Նրանով, որ 2001թ. Գ. Հակոբյանը Կիպրոսի BANQUE SBA բանկում Վ. Պետրոսյանի խնդրանքով իր անվամբ հաշիվ է բացել, որտեղ վերջինս գումարներ է կուտակել։ Այդ հաշվին եղել է մոտ 400 հազար դոլար, եւ քանի որ Գ. Հակոբյանը Պետրոսյանին հաշիվը տնօրինելու լիազորագիր չի տվել, ապա վստահ է եղել, որ այդտեղ եղած գումարը յուրատեսակ ապահովագրություն է։ Սակայն «Վաչե Պետրոսյանը կեղծիքի միջոցով տնօրինել է այդ գումարները։ 400 հազար դոլար գնացել-եկել է։ Փաստորեն, փող է լվացվել»։ Նշենք, որ ՖԻԳ-ը եւ ՌԱ-ն սկսել են համագործակցել 1999 թվականից։ Ըստ ՌԱ-ի ներկայացուցիչների՝ 2003-2004թթ. նրանց կողմից մատակարարվող սուրճի որակը ցածր է եղել, եւ ՌԱ-ն 2004թ. դադարեցրել է համագործակցությունը։ Սա էլ, ըստ էության, հիմք է դրել հակամարտությանը։
Մեր այն հարցին, թե ընկերության համար ո՞րն է այս խնդրի ցանկալի հանգուցալուծումը, պրն Մինասյանը նշեց, որ «թեեւ հասնում է որոշ մարդկանց, որ պատասխանատվության ենթարկվեն, սակայն մենք, վերջին հաշվով, գործարարներ ենք, եւ մեզ այդքան էլ շատ չի անհանգստացնում ՄՊԿ-ում տիրող կոռուպցիան։ Մեզ պարզապես անհրաժեշտ է, որպեսզի թողնեն այս երկրում օրինական կերպով աշխատենք»։
Ինչեւէ, ամեն ինչ կախված է վերաքննիչ դատարանի որոշումից, եթե նա արդարացի որոշում կայացնի, ապա` լավ, իսկ եթե «գործի ըստ պատվերի», ապա ընկերության ներկայացուցիչները խոստացան նորից մամուլի ասուլիս հրավիրել եւ նոր փաստեր հրապարակել։