Այժմեական չէ նաեւ նոր պահանջը

11/10/2011

«Երբ ընդդիմությունը փոքր-ինչ սթափվի եւ ավելի հստակ գիտակցի քաղաքական իրողությունները, այդ ժամանակ նոր միայն կարող ենք անդրադարձ կատարել երկխոսությանը»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով ստեղծված իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ իշխանական պատվիրակությունը նոր նախաձեռնությամբ հանդես գա եւ ՀԱԿ-ին երկխոսելու առաջարկ անի: Դ. Հարությունյանի փոխանցմամբ, այսօրվա իրավիճակում երկխոսությունն արդյունավետ չի կարող լինել, եթե մի կողմը պահանջում է, որ մյուս կողմը խնդրի երկխոսություն: «Մենք համարում ենք, որ միշտ էլ կան երկխոսության համար թեմաներ, որոնք ունեն կարեւոր նշանակություն երկրի համար: Սակայն մենք ավելին չենք պատրաստվում խնդրել երկխոսության շրջանակներում դա քննարկելու: Երկխոսությունը դա պետք է լինի երկու կողմի գիտակցված կամքը եւ ցանկությունը, այլ ոչ թե մի կողմը պետք է գա խնդրի, եւ մյուս կողմը սկսի մտածել` արդյո՞ք երկխոսել, թե՞ ոչ: Ես կարծում եմ, երբ այդ գիտակցությունը լինի ընդդիմության մոտ, մենք կարող ենք այդ տարբերակի մասին` երկխոսության մասին, նորից խոսել: Իսկ մինչ այդ, կարծում եմ, խոսելը վաղ է»,- ասել է Դ. Հարությունյանը: Հիշեցնենք` անցած շաբաթ իշխանական պատվիրակությունը հայտարարել է, թե կվերսկսի երկխոսությունը, եթե ՀԱԿ-ը դադարեցնի հանրահավաքները, իսկ Կոնգրեսն էլ պատասխանել է, թե երկխոսելու հարցը իրենք կքննարկեն միայն այն դեպքում, երբ իշխանությունը խնդրի իրենց այդ մասին: Իսկ շաբաթ օրը ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը երկխոսությունը վերականգնելու հնարավորությունը համարեց շատ քիչ` ասելով, թե այն նույնպես դադարել է այժմեական լինել: «Նույնիսկ արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններն են դադարել այժմեական լինել: Այսօրվանից մեր գլխավոր, հիմնական, միակ լոզունգը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»: Արձագանքելով ՀԱԿ ղեկավարի այս հայտարարությանը` իշխանական պատվիրակության ղեկավար Դ.Հարությունյանն «Ազատությանն» ասել է, թե մասամբ համաձայն է ՀԱԿ-ի հետ, որ արտահերթ եւ խորհրդարանական ընտրությունները այժմեական չեն: Դ. Հարությունյանի խոսքով` այժմեական չէ նաեւ Ս. Սարգսյանի հրաժարականի մասին ՀԱԿ պահանջը: