«Ոչ մի ուժի հանդեպ չկա ժողովրդի վստահություն»

11/10/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Դուք մոտ երկու ամիս առաջ մեզ հետ զրույցում ասացիք, որ ՀԱԿ-ի եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը սկսել է ԱՄՆ-ը: Սակայն ԱՄՆ դիվանագիտական նամակագրությունը ցույց տվեց, որ այդ երկիրն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանը ՀԱԿ-ի ու նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ այնքան էլ «բարեկամական» տրամադրվածություն չունեն: Դուք ինչ-որ բան ճիշտ չէի՞ք հաշվարկել:

– Ամենաչսիրած, ամենաանընդունելի մարդկանց հետ Ամերիկայի դեսպանը կարող է նստել եւ զրուցել: Ամերիկան այդպիսի համակարգ է: Եվ, վերջապես, ՀԱԿ-ը շատ բարդ համակարգ է, այնտեղ շատ տարբեր ուժեր, տարբեր մարդիկ կան: Միանշանակ է, որ ԱՄՆ-ը այդ գործիքը օգտագործել է եւ էլի մտադիր է օգտագործել ու Հայաստանում ցանկացած գործիք մտադիր է օգտագործել: Նրանք հասել են այդ աստիճան ճկունության, անկախ այն հանգամանքից, թե ում ինչպես են վերաբերվում:

– Անցած շաբաթ Դուք հայտարարել էիք, թե ՀԱԿ-ը կորցրել է ժողովրդի մեջ ունեցած վստահությունը: Ինչո՞ւ եք այդպես մտածում:

– Այսօրվա դրությամբ ոչ մի ուժի հանդեպ չկա ժողովրդի վստահություն: Ժողովուրդը գտնվում է ներքին ապստամբ վիճակում: Այսինքն` ինչպես աշխարհի շատ եւ շատ տեղերում, այսօր մերոնք էլ են այդ վիճակում, ուղղակի մենք շատ փոքր ենք, իսկ խաղացողները շատ հզոր են: Եթե որեւէ մի արտաքին խաղացող փորձեց այդ վիճակն օգտագործել, կամ եթե ներսի ուժերից որեւէ մեկը մի անզգույշ քայլ արեց, ամեն ինչից կարող է բռնկվել այդ ապստամբ վիճակը:

– ՀԱԿ-ն այս անգամ կարո՞ղ է լինել այն ուժը, որ ապստամբ զանգվածը նորից իր շուրջը հավաքի:

– Ես այդ քաղաքական ուժերի մասին շատ հատուկ կարծիք ունեմ` նրանք չեն կարողանում հաղթահարել հին տրամաբանությունը: Բայց ՀԱԿ-ն ավելի շահեկան վիճակում է, որովհետեւ քաղաքականից բացի` ուներ երկու ուրիշ հատված` քաղաքացիական եւ ժողովրդական: Հիմա գնալու է իրողությունների արագ գիտակցումը, եւ դրանք տարբեր դրսեւորումներ են ունենալու: Քաղաքական ուժերը կանգնելու են այնպիսի փաստերի առաջ, որ մինչ այդ պատկերացում էլ չունեին: Ով ինչը շուտ կհասկանա, ով ինչպես կգործի, դա է հարցերի հարցը Հայաստանի համար: Առաջին հերթին հույսս քաղաքական նոր ընտրանու մեջ է, որին մտավոր տեսակետից եւ անձնական նկարագրերից տեսնում եմ: Անուններ չեմ ուզում տալ, բայց նրանք առայժմ համակարգ չեն, ավելի շուտ դաշտ են: Խնդիրն այն է, որ այդ դաշտը սկսում է ձեւավորվել որպես ցանցային համակարգ: Եվ Հայաստանի համար ֆունդամենտալ հարց է, թե ինչ ժամանակում դա կլինի:

– Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստանում բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձավ: Ոմանք ասում էին, թե դա ունի նախընտրական նպատակներ` Սարկոզին ցանկանում է գրավել Ֆրանսիայում հայ համայնքի համակրանքը: Մեկ այլ տեսակետի համաձայն` Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստանում եւ տարածաշրջանում Եվրամիության գործունեության նոր փուլի սկիզբն է:

– Աշխարհը գտնվում է խորացող ցնցումների փուլում: Ոչ ոք չի կարող կանխագուշակել, թե ճգնաժամի խորությունն ինչ աստիճանի է լինելու: Դրա անունը տնտեսական է, բայց աշխարհը գտնվում է ընդհանուր ճգնաժամի շրջանում, եւ դա սրընթաց խորանալու է: Այս իրավիճակում առաջատար երկրները, աշխարհի հզորները լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ճիգեր են գործադրում: Մրցակցությունը կտրուկ ուժեղացել է, եւ մեր տարածաշրջանը շատ կարեւոր է: Հայաստանը հիմա տարածաշրջանի բանալին է: Կոպիտ ասած` ով կարողանում է Հայաստանին տիրել, նա տիրում է նաեւ տարածաշրջանին:

– Ինչո՞ւ է Հայաստանի գործոնն այս տարածաշրջանում կարեւոր, չէ՞ որ Վրաստանն ու Ադրբեջանն էլ կան:

– Վրաստանն արդեն հայտարարել է, որ ներգրավվել է արեւմտյան համակարգի մեջ, ինչը մեծ դժգոհություններ է առաջացնում Ռուսաստանում: Ադրբեջանն, ըստ էության, ունի ղեկավար եւ ուրիշ ոչինչ: Այդ ղեկավարությունը տարբեր մանիպուլյացիաներով, մասնավորապես` երկիրը պահելով կոնֆրոնտացիոն վիճակում, ձեռնարկելով պատժիչ շատ հզոր գործողություններ` պահպանվում է ինչ-որ իրավիճակում: Սակայն շատ խոցելի` բազմազգ, բազմակրոն, բազմաթիվ կլաններ, քաղաքական երանգավորումներ ունեցող երկիր է: Ցանկացած պահի այս բոլոր կնճիռներն ի մի կբերվեն, եւ անհրաժեշտության դեպքում այնտեղ նույնպես կմխրճվեն համաշխարհային խաղացողները: Ու այստեղ շատ բան կախված է տարածաշրջանային խաղացողից` Հայաստանից: Բայց ՀՀ-ն էլ այսօր իրենից ներկայացնում է մի խեղճ միավոր, որի ընտրանին ոչինչ չսովորեց անցյալից: Ուղղակի այստեղ ամեն մեկի մեջ ինչ-որ չափով բալանսի զգացողությունը կա: Եվ եթե ՀՀ-ն այդ մրցակցության մեջ մեկի կամ մյուսի կողմ է դառնում` սա մի կարգավիճակ է, եթե ինքնուրույն միավոր է` դա մեկ այլ իրավիճակ է: Բայց ՀՀ-ն դեռ շատ հեռու է ինքնուրույն, բյուրեղացման իրավիճակից: Հիմա մենք շատ կարեւոր ժամանակաշրջանում ենք ապրում, իրավիճակը 1915թ. նախօրյակից, ըստ էության` ոչնչով չի տարբերվում: Ես չեմ ասում, թե կոնկրետ այդ վտանգն է սպառնում, բայց վտանգների համակարգը հսկայական է: Պատկերացնենք, որ աշխարհի ֆինանսական ճգնաժամը վերածվում է տնտեսականի, ինչը շատ հավանական է: Շատ երկրներ հայտնվում են կոլապսի շրջանում. սոցիալական հեղափոխություններ, ցնցումներ եւ այլն: Այս դեպքում մենք չգիտենք, թե աշխարհի ուժեղներից որն է այստեղ անջատվելու, եւ մեզ համար ինչ իրողություն է այստեղ ստեղծվում: Մեր պաշտպանության համակարգը հիմնված է միմիայն աշխարհի ուժեղների բալանսի վրա: Բայց մեր պոտենցիալն այնքան է, որ կարող ենք ամիսների ընթացքում դառնալ ճշգրիտ, բյուրեղացած:

– Դա ինչպե՞ս եք պատկերացնում:

– Եթե մի փոքր ավելի գրագետ լինենք` հիմա պետք է կտրուկ խորացնենք հարաբերություններն Իրանի հետ: Իրանը աշխարհի քիչ թե շատ ինքնաբավ երկրներից մեկն է եւ բավականին հզոր է: Իրանում այդ ցնցումների, խորը խնդիրների մասին այնքան էլ չենք լսում: Անկասկած, այդ երկիրն ունի իր կնճիռները, բայց այդ ամենն այնտեղ շատ ավելի մեղմ է, քան աշխարհի այլ երկրներում: Մեզ պետք է եղածից մի կարգ ավելի խորը հարաբերություններ:

– Կարո՞ղ եք ասել, թե այդ դեպքում Հայաստանն ինչ պետք է անի:

– Մենք Իրանի հետ պետք է ունենանք ռազմավարական երկխոսության բանաձեւ: Իրանը գլոբալ երկիր է, աշխարհում իր դերն ու նշանակությունը լավ է պատկերացնում: Աշխարհում չկա խնդիր, որն Իրանին չվերաբերի: Շատ կարեւոր է նաեւ, որ Իրանը մուսուլմանական աշխարհի ներկայացուցիչ է, որովհետեւ աշխարհում խնդիրներից մեկը կրոնների միջեւ եղած կնճիռն է: Հայաստան-Իրան հարաբերությունները դասական են, թե ինչպիսին պետք է լինի տարբեր կրոնների միջեւ հարաբերությունները: Մենք պետք է դա խորացնենք` լրացնելով տարբեր տիպի երկխոսություններով:

– Իրանի հետ հարաբերություններ խորացնելն ինչ-որ առումով նշանակում է` դեմ դուրս գալ Արեւմուտքին: Արեւմուտքը պայքարում է Իրանի դեմ, եւ երբեմն ՀՀ-ին ակնարկներ է անում ունեցած հարաբերությունների պատճառով:

– Իրանի հետ խնդիրներ ունի ճամարտակող Արեւմուտքը: Ռազմավարական հեռանկարի մեջ Արեւմուտքը տեսնում է, որ Իրանը շատ կարեւոր միավոր է, ուզում է լեզու գտնել: Իրանը աշխարհի ամենականխատեսելի եւ անվտանգ երկրներից է: Ուղղակի ինչ-որ իմաստով այն մրցակից, այլ փիլիսոփայություն ունեցող համակարգ է: Դա մինչեւ այսօր համարվում է մարտահրավեր, բայց վաղը կարող է փրկություն լինել: Մենք երկուսս իրար համար շատ կարեւոր ենք: Օրինակ` մի խնդրանք կամ առաջարկություն կարող է լինել Իրանին` ասենք` հայ-թուրքական երկխոսությունը ոչ թե պետք է լինի արձանագրություններով եւ Արեւմուտքի թելադրանքով, այլ լինի ժողովուրդների, հասարակությունների միջեւ: Եվ դա շատ ավելի հեշտ է կազմակերպել Իրանի միջոցով:

– Ն.Սարկոզիի այցը պայմանավորում եք միայն տարածաշրջանում Հայաստանի դերակատարության նշանակությա՞մբ:

– Ն.Սարկոզին այցելել է շատ կարեւոր մի տարածաշրջան եւ այդ տարածաշրջանում փորձել է ինչ-ինչ խնդիրներ կարգավորել այնպես, ինչպես դա ցանկանում է անել Եվրոպան: Մի այցով ոչ մի հարց չի լուծվում, բայց մոտ ապագան ցույց կտա:

– Հայաստանը պատրա՞ստ է կամ կարո՞ղ է բավարարել Եվրոպայի նկրտումները:

– Հայաստանը որպես միավոր` գոյություն չունի: Դա մի խաղադաշտ է, որտեղ տարբեր ուժեր են խաղում: ՀՀ ընտրանիում այդ տախտակի վրա ընդամենը ֆիգուրներ են, որոնցով խաղում են ուրիշները: Սեփական կամք, կազմակերպվածություն, ավելին` սեփական նպատակադրում Հայաստանում գոյություն չունի:

– Դուք հավանաբար նկատի ունեք այն, թե ՌԴ-ն որքա՞ն կզիջի այստեղ Արեւմուտքին: Այսինքն` ՀՀ-ն ինքնուրույն միավոր չէ եւ չի կարող Արեւմուտքին ընդունել այնպես, ինչպես Արեւմուտքը կամ ինքն է ուզում:

– Սկզբունքորեն` այո, երեք խաղացող կան: Ամերիկան, որը շատ հաճախ Բրիտանիայի հետ է խաղում, Եվրոպան եւ ՌԴ-ն: Եթե ասում եք` խանգարում է, ապա` այո: Իսկ եթե ձեզ հետաքրքրում է, թե մեզ ով է խանգարում, ապա մեր համար մեկ թշնամին մենք ենք: Մնացած ամեն ինչ մեղմ հակառակորդներ կարող են համարվել: Հիմա եկել է Սարկոզին, հզորագույն մի ֆիգուր, եւ ի՞նչն է խանգարում, որ մի կետից վերցնի, դնի մեկ այլ կետ: Խանգարում են մյուս խաղացողները, եւ էլի մի քանիսը: ՌԴ-ն վերջերս Հայաստանին ուղղված մի քանի շատ կարծր հայտարարություններ արեց, այսպես ասած, մի քանի բաց նամակ հրապարակեց Ռուսիո կամքի կենտրոններից, թե իրենք ինչ վիճակում են եւ ինչ են ուզում անել: Նրանք ասում են, որ Ռուսաստանի համար կա կենսական տարածք, որը նրանից խլել են հակառակվող ուժերը, եւ որոնք ցանկանում են ՌԴ-ին տեսնել վատ վիճակում: Եվ Ռուսաստանն ասում է, թե ցանկանում է վերականգնել կորցրածը: Այնպես որ, այսօր թե՛ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի, թե՛ ՌԴ-ի կամ Չինաստանի համար այս տարածքը կենսական է դառնում:

– Վլադիմիր Պուտինի վերադարձով այս տարածաշրջանում ավելի՞ է կոշտանում ՌԴ-ի եւ Արեւմուտքի մրցակցությունը: Կարծիք կա, որ Դմիտրի Մեդվեդեւն ավելի մեղմ խաղացող է:

– Այս աշխարհում ավելի ճիշտ է, որ երկրները ղեկավարվեն գերագույն գլխավոր հրամանատարներով, քան ազգընտիր նախագահներով: Կարծր կեցվածք է պետք: Եվ այդ տեսակետից կարելի է ասել, որ ՌԴ-ն իր ադեկվատությունը բարձրացնում է:

– Իսկ Վ.Պուտինի վերադարձը ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա ինչպե՞ս կարող է անդրադառնալ: Կարծիք կա, թե դա ազդակ է լինելու, որ Ռոբերտ Քոչարյանն ակտիվանա, ամրապնդվելու է Գագիկ Ծառուկյանը:

– Դուրսը որքան էլ որ խեղճացած է, նրա գործունեության բարդությունը, բազմաշերտությունը մի կարգ ավելի բարձր է, քան մեր քաղաքական ընտրանին կարող է պատկերացնել: Եթե ուշադիր կարդաս ՌԴ-ից եկող ուղերձները, դրանց մեջ կերեւա նրանց քաղաքականության ողջ բազմազանությունը: Այսինքն` կարող է լինել այս մեկը, բայց կարող է այս մեկով վախեցնենք այն մեկին: Կարող է երրորդով այն մյուսի հետ կազմավորենք մեկ այլ կոնֆիգուրացիա: Ես անուններ չեմ ուզում տալ, որովհետեւ դրանք կարող են լինել այնքան խելքը կորցրած անձերի, խմբավորումների խաղեր, որ իրենց մի կտոր բաժինը փախցնեն, ու ամեն ինչ նորմալ է լինելու իրենց կյանքում: Եթե ՀՀ ընտրանին չհասցնի իր արդիականացումը կատարել շատ կարճ ժամանակում, կդառնա այդ վիճակի բաղկացուցիչ մասը: