ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պատրաստվում է այս շաբաթ դիմել ՍԴ` զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով: Երեկ նա հանդես է եկել լրագրողներին ուղղված ուղերձով, որտեղ ասված է. «Զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով ես այս շաբաթ կդիմեմ ՀՀ ՍԴ: Զբաղվելով մասնավոր փաստաբանական գործունեությամբ եւ տարիներ շարունակ դասավանդելով տեղեկատվական իրավունք` 2009թ. մարտին առաջարկեցի օրենսդրական փոփոխության մի գաղափար, որի էությունն էր` ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը եւ քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանել այդ արարքների համար: Իրականում, իմ առաջարկը գրեթե բառացի կրկնությունն էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2007 թվականին ընդունված 1577 բանաձեւի: Իմ առաջարկից մեկ տարի չորս ամիս անց մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ ընդունվեց օրենք, որն էականորեն (միգուցե դրականորեն) տարբերվում էր իմ նախագծից: Խոնարհաբար ընդունելով իմ համոզմունքների ազատ արտահայտման համար լրագրողական համայնքում առկա քննադատությունն ու բացասական վերաբերմունքը` չեմ կարող հրաժարվել հետեւյալներից. 1. Խոսքի ազատությունը շատ կարեւոր արժեք է, եւ նույնքան կարեւոր է անձի (նույնիսկ Ձեր չսիրած անձի) արժանապատվությունը եւ մասնավոր կյանքը: 2. Ներկայիս օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ լավ կիրառման դեպքում կարող է արդյունավետ երաշխավորել եւ խոսքի ազատության, եւ անձի արժանապատվության իրավունքը: 3. Քաղաքացիական հայցերի ներկայիս քանակն ինքնին չէր վտանգի խոսքի ազատությունը, եթե այդ ազատությունը որոշ գործերով չվտանգեր ներկայիս օրենսդրությունն ապօրինի եւ անարդար կիրառող դատավորը: Օրենքի ներկայիս կիրառումից առաջացած դժգոհությունները վկայում են, որ ինչպես այլ, այնպես էլ խոսքի ազատության ոլորտում անօրեն դատավորը վարկաբեկում է լավ օրենքը եւ ՀՀ օրենսդրությունը, վարկաբեկում է լավ դատավորին եւ ողջ դատական համակարգը, վարկաբեկում է մեր իշխանության բոլոր թեւերին ու պետությանը: Անօրեն դատավորի գործոնի վերացումը իմ, լրագրողի, արդար դատավորի եւ մարդու իրավունքներով մտահոգ ամեն անհատի գործն է: Հետեւաբար, խոսքի ազատության պաշտպանության համար այսօր իրականում անհրաժեշտ է հանրային գործուն վերահսկողություն օրենքի կիրառման եւ արդարադատության իրականացման նկատմամբ: Այս համոզմամբ էր գրվել իմ ապրիլյան ուղերձը դատավորներին: Այս նպատակով էր մայիսին իմ կողմից հիմնվել Տեղեկատվական վեճերի խորհուրդը: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ իմ համոզմունքներն ու մոտեցումները կարող են ընկալվել որպես օրենսդրական փոփոխության գաղափարն առաջարկողի կանխակալություն, ինչպես նաեւ` հասկանալով այն պնդումը, որ օրենքի ներկայիս կիրառումը դատարանների կողմից պայմանավորված է օրենքի ոչ միանշանակ կարգավորումներով` որոշել եմ մեր այս մտահոգությունները փոխանցել ՀՀ Սահմանադրական դատարանի քննությանը»: