Մեծանուն շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի «Les Nouvelles dգArmenie» պարբերականին տված հարցազրույցում արած հայտնի հայտարարությունները դեռեւս շարունակում են բուռն քննարկումների արժանանալ Հայաստանում: Հիշեցնենք, որ դեսպան Շառլ Ազնավուրը բավական սուր գնահատականներ էր հնչեցրել Հայաստանում տիրող իրավիճակին: Մասնավորապես արտագաղթի խնդրին անդրադառնալով` Շ. Ազնավուրն ասել էր. «Ո՞րն է ՀՀ-ից արտագաղթի գլխավոր պատճառը: Այնտեղ մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում: Ընդհակառակը, մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ գիտեմ: Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել: Այդպես այլեւս չի կարող շարունակվել: Ցանկանում եք անդամակցել մաֆիայի՞ն: Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք: Սակայն դա ձեր երկրում մի արեք, ձեր ժողովրդի դեմ մի արեք»: Նաեւ հայտարարել էր. «…Եթե իսկապես թուրքերն ազնվություն ունեն ասելու, որ իրենց խանգարողը «ցեղասպանություն» բառն է, մենք այլ բառ կգտնենք, միայն թե սահմանները բացվեն, եւ թուրքական կառավարությունը մտածի մեզ հետ երկխոսություն սկսելու մասին։ ՀՀ-ն մեծ վտանգի մեջ է, եւ բոլորը հապաղում են «ցեղասպանություն» բառի համար: Ես չեմ տեսնում` ինչպես է դա նպաստում երկրի առաջընթացին: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանությունը: Մարդիկ, ովքեր քննադատում են ինձ նման կարծիք հայտնելու համար, ո՞ւր են: Ի՞նչ են նրանք անում ՀՀ-ին օգնելու համար: Ո՞ր պահին են նրանք գումար ուղարկում: Եվ նրանք ինձ դա՞ս պիտի տան: Այդ ե՛ս եմ առաջինը նրանց դաս տվել: Ես այս մասին խոսել եմ ԱՄՆ-ից մի հայ փաստաբանի հետ, որի գրասենյակում առնվազն 300 իրավաբան է աշխատում: Նա մյուսների պես էր մտածում: Բայց երբ ես նրան բացատրեցի իմ տեսակետը, նա ինձ ճիշտ համարեց: Ես քաղաքական գործիչ չեմ: Ես դրանից ոչինչ չեմ հասկանում: Ես միայն մի բան գիտեմ` մենք մի կտոր փոքր ու դժբախտ երկիր ունենք, որն արդեն երկրորդ անգամ գրեթե մեռնում է: Եվ մենք այլ բանի մասին ենք խոսում։ Երեկ Շ. Ազնավուրի այս հայտարարությունների առնչությամբ Լիբանանում ՀՀ նախկին դեսպան Արման Նավասարդյանն ասել է, թե դեսպանը նման հայտարարություն անելու իրավունք չունի, քանի որ «դա լոյալության սկզբունքի կոպիտ խախտում է»: «Անկախ նրանից` դեսպանն ինչ անձնական կարծիք ունի, ինչ պատմական անցյալ է ունեցել իր ընտանիքը, լինելով պետության ներկայացուցիչ` պետք է ասի միայն այն, ինչ սկզբունքորեն ընդունված է արտաքին քաղաքականության շրջանակներում։ Եթե դիվանագետն այդպես է մտածում, այստեղ երեք լուծում կա` կա՛մ դրանից առաջ, կա՛մ հետո գրավոր գրի, որ հրաժարվում է դեսպանությունից, կա՛մ նրան պետք է շնորհազրկեն, սա է դիվանագիտական օրենքը: Բայց հաշվի առնենք, որ սխալը սկզբից է եկել` նրան նշանակողներից: Մեր արտաքին քաղաքականությունը կադրային քաղաքականության սխալ սկզբունքներից է ելնում»,- ասել է Ա. Նավասարդյանը:
Իսկ վերլուծաբան Երվանդ Բոզոյանի կարծիքով` Շ. Ազնավուրը կարող էր նման հայտարարություն անել որպես մեծ հայ մարդ. «Իսկապես ծիծաղելի է խոսել հայկական աշխարհի մասին, երբ ՀՀ-ն դատարկվում է, եւ այդ գործընթացը չի մտահոգում իշխանական վերնախավին: Ես ուրախ եմ, որ սփյուռքում դա նկատվել է, Արամ 1-ինը այդ միտքն առաջինը հնչեցրեց, եւ այսօր դա ասում է նաեւ Շառլը»: Միաժամանակ նա նշել է, թե ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության առումով «թամաշաների էլեմենտը» շատ մեծ է, եւ այդ մեծ շարքերի մեջ է նաեւ Շ. Ազնավուրին դեսպան նշանակելու փաստը. «Թամաշա անելը` միջազգային կենտրոնները սարքելը, Գյումրիում` ծով, Դիլիջանում ֆինանսական կենտրոն սարքելը բավական տարածված թեմա է, եւ հենց այդ թամաշայի շարքի մեջ է հայտնի Շառլին դեսպան նշանակելը»: Նրա կարծիքով` Ազնավուրին դեսպան նշանակելը սխալ քայլ էր: Ա. Նավասարդյանն էլ հավելել է, թե ինքը եւս դեմ է, որ արվեստագետը նշանակվի դեսպանի պաշտոնում` հիշեցնելով, որ Ազնավուրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպան եւս եղել է, ինչը որեւէ բան չի տվել ՀՀ-ին, եւ հայկական պատմամշակութային արժեքները շարունակել են ոչնչացվել: