Բաց նամակ ՀՀ Նախագահին

11/10/2011

«168 Ժամը» բաց նամակ էր ստացել ՌԴ քաղաքացի Ալեքսեյ Կորեպանովից` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: ՌԴ քաղաքացին խնդրում էր տպագրել բաց-նամակը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս.Ա.Սարգսյանին
Պատճենը` ՌԴ Նախագահի Վարչակազմի ղեկավար Ս.Ե.Նարիշկինին

Պատճենը` Տնտեսական համագործակցության գծով ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ի.Ե. Լեւիտինին

Հարգելի Սերժ Ազատովիչ, չնայած այն հանգամանքին, որ արդեն դիմել եմ Ձեզ, ստիպված եմ կրկին անգամ Ձեզ դիմել: Ես հասկանում եմ, որ Դուք պետության ղեկավար եք, ուստի Հայաստանի Հանրապետությունում իմ անձնական խնդիրները չեն կարող լինել Ձեր մշտական ուշադրության առարկա: Սակայն տվյալ դեպքում իմ խնդիրներն այնպիսին են, որոնք, իմ կարծիքով, գլոբալ առումով շոշափում են ՀՀ-ում ներդրումների եւ դրանց պահպանության, պետության համբավի եւ որպես գործընկեր դրա հուսալիության հարցերը, որտեղ կարելի է առանց այդ ներդրումների ճակատագիրը վտանգելու ազատորեն եւ վստահաբար ներդրումներ կատարել:

Իմ նախորդ նամակին Հայաստանի Նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանի պատասխանի հրապարակումից հետո, որում ասվում էր, որ Հայաստանի Նախագահն անձամբ է վերահսկելու Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի վիճակին առնչվող հարցերը, եւ Առաջին Ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովում ՌԴ Նախագահի Վարչակազմի ղեկավար Սերգեյ Եվգենեւիչ Նարիշկինի հետ Ձեր հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել 19.04.2011թ. Երեւանում, ես որոշեցի. «Ամեն ինչ լավ է: Կարելի է շարունակել աշխատել եւ ներդրումներ կատարել»:

Բայց չարժեր այդքան շուտ հանգստանալ: Ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Սուրեն Արտաշեսի Օսիպյանն, օգտագործելով իր պաշտոնեական անցյալը, առաջվա նման փորձում է բոլոր հնարավոր միջոցներով ճնշումներ գործադրել ՀՀ դատական համակարգի վրա: Նախկինում նա մեզ զգուշացրել էր, որ եթե մենք նրան (նրա որդուն` Վիկտոր Տեր-Հովսեփյանին) գումար չվճարենք (թեեւ նրանք այդ նախագծի մեջ ոչ մի կոպեկ չեն ներդրել), ապա նա մեզ թույլ չի տա հանգիստ ապրել եւ աշխատել Հայաստանում` օգտագործելով իր կապերը Գլխավոր դատախազությունում եւ իր մտերիմ հարաբերությունները ՀՀ Արդարադատության նախկին նախարար, իսկ այժմ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի հետ: Հիշվում են նաեւ Սուրեն Արտաշեսի Օսիպյանի որդու` Վիկտոր Տեր-Հովսեփյանի խոսքերը, որոնք նա ասել է, երբ եղել է ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի օգնականը, այն մասին, որ Դավիթն անձամբ կարող է զանգահարել ցանկացած դատավորի եւ ասել, թե ի՛նչ պետք է անել, եւ ի՛նչ որոշում պետք է կայացնի դատավորը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ս. Ա. Օսիպյանի եւ նրա որդու` Վիկտոր Տեր-Հովսեփյանի համար այնքան էլ կարեւոր չէ, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, թե՞ ոչ, եւ կարեւոր է միայն արդարադատության մարմինների վրա ճնշում գործադրելու համար կապեր ունենալու փաստը:

Ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ դատարանի որոշումներն այն պայմանագրերով, որոնց համաձայն` մենք պարտք ենք Ս. Ա. Օսիպյանի ընտանիքի անդամներին, կայացվում են նրանց օգտին, իսկ որոշումներն այն պայմանագրերով, որոնց համաձայն` Ս. Ա. Օսիպյանի ընտանիքի անդամները մեզ են պարտք`… նույնպես նրանց օգտին: Ամո՛թ է: Ե՛վ վիրավորական: Այն վեց տարիների ընթացքում, ինչ անց եմ կացրել Հայաստանում, ես հասցրեցի սիրել այս երկիրը, նրա ոգին, այստեղ ապրող մարդկանց, եւ առկա են դրա գործնական ապացույցներ.

Ռուսաստանից եւ Գերմանիայից գործընկերների հետ իրականացվող մի նախագծում ես ներդրել եմ ավելի քան չորս միլիոն ԱՄՆ դոլար, մեկ այլ նախագծում, որը կապված է ՀՀ տարածքում ապրանքների արտադրության հետ, ես` Ռուսաստանից եւ Գերմանիայից գործընկերների հետ միասին, ներդրել եմ ավելի քան երեք միլիոն ԱՄՆ դոլար եւ շարունակում եմ ներդրումներն առ այսօր, երրորդ` վերջերս մեկնարկած նախագծում ես սկզբնապես ներդրել եմ մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլար,

բացատրում եմ Ռուսաստանում բնակվող մարդկանց, որ Հայաստանում կարելի է միջոցներ ներդնել: Իմ դեպքն ընդամենը եզակի դեպք է, եւ այն օրինաչափություն չէ,

խորհուրդ եմ տալիս մարդկանց այցելել Հայաստան, եւ նրանք` Հայաստանի հետ հանդիպումից հետո, սիրահարվում են նրան` խոստանալով վերադառնալ այստեղ հաջորդ տարի կամ ավելի շուտ, դեռեւս հիմնական գործունեությունը չսկսած, այլ միայն ՀՀ տարածքում միջոցներ ներդնելով, ես եւ իմ ընկերությունը տարբեր հիմնադրամներին եւ բյուջեին վճարել ենք մոտ 150.000 ԱՄՆ դոլար` առանց աշխատավարձերի եւ հարկերի վճարման «տարբեր սխեմաներ» օգտագործելու: Հարցրեք Վիկտոր Տեր-Հովսեփյանին (Ս. Ա. Օսիպյանի որդուն). որքա՞ն է նա իր ընկերությունների (սննդամթերքի առեւտուր, ծխախոտի արտադրություն, աշխատակիցների աշխատավարձեր, փաստաբաններ) հետ միասին, փոխանցել իր հարազատ Հայաստանի բյուջեին: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ այդ թիվը մոտ է զրոյին: Ս. Ա. Օսիպյանի ընտանիքը Հայաստանը նույնացնում են կթու կովի հետ: Ընդամե՞նը:

Հարգելի Սերժ Ազատովիչ, խնդրում եմ Ձեզ մեկ անգամ եւս ուշադրություն դարձնել այն խնդիրներին, որոնք արծարծել եմ իմ նամակում, եւ պաշտպանել Հայաստանում ներդրումներ կատարելու եւ դրանց համար չվախենալու մեր իրավունքը:

Հարգանոք`

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի,
«Անսուր-Ինվեստ» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Ալեքսեյ ԿՈՐԵՊԱՆՈՎ
28.09.2011թ.