Կեղծ կարագ են վաճառել

11/10/2011

ՏՄՊՊՀ մոնիտորինգի արդյունքներով արձանագրվել է, որ տարբեր վաճառակետերում իրացվող կարագի գների միջեւ կա խիստ էական տարբերություն: Խոշոր սուպերմարկետներում 1 կգ կարագը վաճառվում է 920 դրամից մինչեւ 3000 դրամով: Գնային այս ակնհայտ անհամապատասխանությունը հիմք է հանդիսացել, որպեսզի Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն սկսի այս շուկայում: Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողները մոլորեցրել են սպառողներին։ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողների ողջ փաստաթղթաշրջանառությունը եւ հայտնաբերել է մի շարք խախտումներ: Ապա Հանձնաժողովը վաճառքի մեկ տասնյակից ավելի վայրերից կատարել է կարագի հսկիչ գնում: Գնված մթերքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում էլ լրացուցիչ կերպով հաստատվել են փաստաթղթերում առկա խախտումները: Այսպիսով, որոշ դեպքերում կարագի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, որն անհամեմատ էժան է, սակայն այն առեւտրի կետերին վաճառել են կարագի անվան տակ: Բացահայտվել են նաեւ դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը, քաջատեղյակ լինելով, որ ձեռք է բերել բուսասերուցքային սփրեդ, այն վաճառել է կարագի անվան տակ: Իսկ որոշ դեպքերում էլ սուպերմարկետներում այլ կերպ են մոլորեցրել սպառողներին. Հայտարարել են, որ ակցիայի շրջանակում անհամեմատ էժան գնով վաճառվում է կարագ, բայց, իրականում վաճառել են բուսասերուցքային սփրեդ` կարագի համար խիստ էժան, իսկ սփրեդի համար` բավականին բարձր գնով: Ի դեպ, բուսական ծագում ունեցող սփրեդի 1 կգ-ն կարագից էժան է ավելի քան 1000 դրամով: Այսպիսով, Հանձնաժողովի որոշմամբ, հարուցվում է վարչական վարույթ` օրինախախտ ներկրողների եւ իրացնող տնտեսվարողների հանդեպ: Վարչական վարույթի արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետում կտեղեկացվի հանրությանը: