Տեր-Պետրոսյանը պատմությունը կեղծում է

08/10/2011

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի համոզմամբ` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է սրբագրել իր անցյալը եւ խեղաթյուրել պատմությունը: «Երեւի ենթադրում է, որ իր կառավարած կամ դրանից առաջ եղած մարդիկ կամ մեռել են, կամ հեռացել են Հայաստանից, կամ հիշողություններն են կորցրել, կամ այնքան երիտասարդ են, որ ոչինչ չեն հիշում, որովհետեւ 1996թ. դեպքերը հիշում են բոլորը, մարդկանց ծեծում էին նույնիսկ խորհրդարանի դահլիճում,- ասել է Շահբազյանը` հավելելով,- Երբ 1996թ. սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը զորք էր տեղափոխվում Երեւան, որը պետք է գիշերը մաքրեր հրապարակները, ի տարբերություն Լ.Տեր-Պետրոսյանի, իրենք, այսինքն` կազմակերպիչները, ժողովրդին չուղարկեցին զորքի դեմ, այլ` տուն` հորդորելով հաջորդ օրը առավոտյան գնալ հանրահավաքի: Տեր-Պետրոսյանն ավելի է խորանում, եւ ՀՅԴ-ին սեւացնելու համար նաեւ պատմությունն է սկսում կեղծել»: