Պետք չէ մանրանալ. մեկ միլիոն՝ այսկողմ, մեկ միլիոն՝ այնկողմ

08/10/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանի 20-ամյակի առիթով Ֆրանսիան իրո՛ք արքայական նվեր է արել Հայաստանին. Օգյուստ Ռոդենի` նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լեպաժին նվիրված արձանն այլեւս մեր մայրաքաղաքի կենտրոնում է: Իսկ նախօրեին Հայաստանի իշխանություններին պակաս հաճելի «նվեր» էր մատուցել Շառլ Ազնավուրը, ում առավել հարազատ է, թերեւս, Ռոդենի մեկ այլ քանդակի` «Մտածողի» «բովանդակությունը»:

«Nouvelles dգArmenie» ամսագրին տված իր հարցազրույցում Շվեյցարիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի բնակչության իրական թվի մասին ի՛ր տեղեկությունը: Այն «ընդամենը» 1,3 միլիոնով է տարբերվում մեր պաշտոնական վիճակագիրների ներկայացրած թվից. «Քանի՞ մարդ է մնացել Հայաստանում»,- հարցնում է Ազնավուրն ու պատասխանում. «Ասում են` 2,3 միլիոն: Մինչդեռ իշխանությունները հայտարարում են 3,6 միլիոնի մասին: Բայց դա ճիշտ չէ. այդ թիվը կհասնի 1,8 միլիոնի, ապա` 1 միլիոնի»: Սակայն դեսպանին, պարզվում է, հայտնի են նաեւ արտագաղթի պատճառները: «Այնտեղ (Հայաստանում.- Լ.Ա.) մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում: Ընդհակառակը, մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ գիտեմ: Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել: Այդպես այլեւս չի կարող շարունակվել: Ցանկանում եք անդամակցել մաֆիայի՞ն: Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրում հիմնեք։ Սակայն դա ձեր երկրում, ձեր ժողովրդի դեմ մի՛ արեք»:

Երբ 2009թ. մայիսին տարածվեց տեղեկությունը, որ ՀՀ ղեկավարությունն առաջարկել է 85-ամյա շանսոնյեին դառնալ Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, (Ազնավուրը նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական դեսպանն է), Հայաստանում շատերն անակնկալի եկան: Նման առաջարկը ութսունն անց մեկին, թող որ Ազնավուրին, համարվեց մեր իշխանությունների վատ դաստիարակության դրսեւորում: Սակայն անցնում են տարիները, իսկ իրականությունն այն է, որ Ազնավուրն անհամեմատ երիտասարդ է Հայաստանը ներկայացնող բոլոր պաշտոնյաներից ու դիվանագետներից, չնայած տարիքին հատուկ տեսողական խնդիրներին` առավել լավ է տեսնում իրականությունը: Եվ, ի վերջո, իր անունով կոչված հրապարակից, հանրապետության քաղաքներում եւ գյուղերում տեղադրված բազում արձաններից, Արարատ սարին նայող կեցավայրից ամենեւին իրեն պարտավորված չի զգում խաղալ ոչինչ չտեսնող, ոչինչ չլսող միմոսի դեր:

Դժվար թե հայ դիվանագետի այս մտքերին ի պատասխան` երկրի ղեկավարը հեգնական ժպտա` իբր` տարիքն առած եւ իրականությունը այնքան էլ լավ չպատկերացնող մեկի խոսք է: Ազնավուրի այս դիտարկումները պարզապես կմատնվեն լռության եւ մոռացության: Թեեւ, եթե Հայաստանը ներկայացնող որեւէ դիվանագետ փորձեր նման գնահատականներ տալ, պաշտոնանկ կարվեր անմիջապես:

Հայաստանյան իրականությունն առանց մշուշի երեւում է ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ Ամերիկայում: Տակավին վերջերս Հայաստանում էր «Sistem of a down» խմբի մեներգիչ, ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Եվ նա չհիասթափեցրեց իր երկրպագուներին քաղցր-մեղցրություններով: Ռոք երաժիշտը շատ սթափ գնահատեց այն, ինչ կա. «Այսօր Հայաստանում բիզնեսի եւ իշխանության աթոռը նույնն է, եւ մեկը պետք է իջնի այդ աթոռից»: Թանկյանն իր աջակցությունը հայտնեց նաեւ Թեղուտի պաշտպանության խմբին` ընդդեմ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման: «Երբ ես առաջին անգամ եկա Հայաստան, հուսահատություն տեսա մարդկանց դեմքին: Դա շատ ավելի վատ է, քան աղքատությունը: Մենք պետք է իրավունքի գերակայություն հաստատենք այստեղ»:

Արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների մասին հայաստանցիներս ունենք սխալ կարծիք: Մեզ թվում է` սփյուռքահայերը նաիվ, հայաստանյան բարքերից գլուխ չհանող մարդիկ են: Որ հայրենիքի հանդեպ նրանց գենետիկ կարոտը բթացրել է իրականությունը սթափ գնահատելու կարողությունը: Սփյուռքի նախարարությունում անգամ վստահ են` բավական է որեւէ անլուրջ, արհեստական գաղափարի շնորհել սենտիմենտալ որեւէ անվանում (դիցուք` «Արի տուն», «Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ մշակույթ»), եւ սփյուռքահայերը ձեռքները կտանեն գրպանները:

Եվ դա պարզ երեւում է արդեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի` պարբերաբար անցկացվող հեռուստամարաթոններից. տարեցտարի մասնակիցների թիվն ու հավաքվող գումարը պակասում են:

Հայաստանի ու հայաստանցիների հետ միայն առաջին շփումն է լինում «մոմերի լույսի ներքո»` ռոմանտիկ, արտասուքի մեկ-երկու կաթիլով: Ավելի ուշ, արցունքները սրբելուց հետո, վրա է հասնում ոչ այնքան ռոմանտիկ իրականությունը: Կոռուպցիա, գռեհկություն, անազնվություն, անճշտապահություն… Հիշենք 88թ. երկրաշարժից հետո Հայաստան եկած, բարեգործական հիմնադրամ ստեղծած Ազնավուրին եւ համեմատենք այսօրվա Ազնավուրի հետ. Հայաստանի հանդեպ գնահատականի առումով դրանք երկու տարբեր մարդիկ են:

Նրանք, ովքեր իրո՛ք մեր մշակույթի կրողն են, սակայն հանգամանքների բերումով հեռացել են Հայաստանից, այսօր արդեն ոչ մի պայմանով չեն համաձայնի վերադառնալ հայրենիք: Խնդրեմ. երգչուհի Արաքս Մանսուրյանը: Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով նա պետք է համերգ ունենար Երեւանում, սակայն նրա մենահամերգը տապալեցին: Եվ երգչուհին ստիպված էր խոստովանել, որ արտասահմանում ինքն ավելի գնահատված է, քան հայրենիքում: Հայաստանում հայերն իրենց զավակներին տալիս են Նատալի, Էլեն, Մոնիկա, Ալեն եւ համանման անուններ: Ավստրիայում իր դստերն օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը Սիրանույշ է անվանել: Սակայն անգամ հայրենիքի հանդեպ իր անսպառ սերը քիչ է Հայաստանում բնակություն հաստատելու համար:

Սփյուռքում հաստատված մեր հայրենակիցների համար ՀՀ նախագահի բառապաշարում կան ականջ շոյող ձեւակերպումներ` «Հայաստանը հպարտ է աշխարհասփյուռ իր զավակներով», «Հայաստանը բոլորիս, այդ թվում` եւ ձեր տունն է»…

Սակայն խոսքերով ոչ մեկին չես համոզի: Վկան` Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի ներկայացրած թվերը…