Նախարարության մեղքն է

08/10/2011

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ՀՀ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն ի վիճակի չէ վերահսկել ճանապարհաշինարարության ոլորտը, նա իր ոչ մասնագիտական կարողություններով քայքայել է «Ճանշին» կազմակերպությունների աշխատանքը»,- Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում գրել է Երեւանի թիվ 1 «Ճանշին» վարչության նախկին պետ Վահան Առաքելյանը: Նրա կարծիքով` հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզում, Թումանյանից Բագրատաշեն տանող ճանապարհահատվածի Հայաստան-Վրաստան M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում, Այրում կայարանի մոտ, սողանքի հետեւանքով ճանապարհամերձ սարի փլուզման մեղավորը ՀՀ տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ն է (տնօրեն` Հենրիկ Քոչինյան): «Զարմանալի է, որ ստրատեգիական անչափ կարեւոր այս ոլորտը վստահվել է Քոչինյան Հենրիկին, այն դեպքում, երբ նա ոչ միայն մասնագետ չէ, այլեւ տարիներ շարունակ փոշիացրել է մի ողջ մարզի ռեսուրսները: Լավագույն ելքը երկրի համար` երկուսն էլ պետք է անհապաղ հրաժարականի դիմում ներկայացնեն»,- ըստ «Ա1+»-ի` նշված է Ս. Սարգսյանին ուղղված Վ. Առաքելյանի բաց նամակում: Նա, որպես մասնագետ, վստահեցնում է, որ Հայաստանում սողանքները շատ են, եւ լուրջ մոտեցման կարիք կա, որպեսզի չկրկնվի նույն ողբերգությունը: Ըստ մասնագետի` 2007-2008թթ. իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքների արդյունքում ավելի քան 354 միլիոն դրամի չափով խախտումներ են հայտնաբերվել, սակայն «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Գեւորգյանը, առանց քրեական պատասխանատվություն կրելու, իր դիմումի համաձայն` ազատվել է աշխատանքից: «Ահա ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների վատ սպասարկման եւ վերանորոգման հիմնական պատճառներից մեկը»,- ասված է նամակում: Վարչության նախկին պետը կոչ է անում միավորվել ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների կառուցման վերանորոգման եւ նորմալ շահագործման համար իրենց հարգող ճանապարհաշինարարներին։ «Պահանջել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության համակարգից հանել «Հայավտոճան» կազմակերպությունը եւ կցել կամ ՀՀ կառավարությանը, կամ ՀՀ նախագահին` որպես ստրատեգիական նշանակություն ունեցող առանձին միավոր»,- ասված է ՀՀ նախագահին ուղղված նամակում: Ի դեպ, Վ.Առաքելյանը միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությանը խնդրում է նամակում նշված փաստերն ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին, եւ գործին տալ պաշտոնական ընթացք: