Զգուշացրել են

08/10/2011

Երեկ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա հանրահավաքի վերաբերյալ, որտեղ հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին հերթական անգամ տեղեկացնում են, որ հասարակական կարգի անհամաչափ խախտման դեպքում Ոստիկանությունը «ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը»։ «Ազատության հրապարակում անցկացվող անօրինական հավաքը տեւական ժամանակ է, ինչ կոպտորեն խախտում է հասարակական կարգը: Հավաքի մասնակիցները, անտեսելով Ոստիկանության օրինական պահանջները, Ազատության հրապարակը չեն ազատել տեղադրված վրաններից` դրանով իսկ սահմանափակելով այդ տարածքի մատչելիությունն այլ անձանց համար: Հավաքի կազմակերպիչների եւ մասնակիցների անօրինական գործողությունների արդյունքում վերանայվեց նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի վերջին հրաժեշտի արարողությունը կազմակերպելու վերաբերյալ կառավարական հանձնաժողովի որոշումը: Սույն արարողության պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության բանակցությունները հավաքի կազմակերպիչների հետ արդյունք չտվեցին: Դրսեւորելով հանդուրժողականություն եւ պահպանելով հավաքի կազմակերպիչների հետ հետեւողականորեն բանակցելու որդեգրված սկզբունքը` Ոստիկանությունը մինչ այժմ ձեռնպահ է մնացել օրինականության խախտման նման դրսեւորումների վերացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելուց` ապավինելով հավաքի կազմակերպիչների ողջամտությանը»,- ասված է հայտարարության մեջ: