Օրեր առաջ մեր թերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Ռուբիկ Չակրյանը` տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը` հանձինս ՀՀ կառավարության, իրեն տարիներ շարունակ խաբելով` «քցել» է:
Նա հայտարարում է, որ պետությունն իրեն բնակարանով ապահովելու համար հսկայական գումար է վերցրել, այնուհետեւ տարիներ շարունակ բնակարանի հատկացումը հետաձգելով` այժմ հրաժարվում է եւ գումարը վերադարձնել, եւ բնակարանը տրամադրել: «Ես տեւական ժամանակ է` բողոքներով դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարությանը, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն, բայց ստանում եմ պատասխաններ, որոնք աբսուրդ են: Դատարանը հայց չի վերցնում` ասելով, որ չի կարող պետության դեմ դատական պրոցես սկսել: Էս դեպքում մարդն ի՞նչ անի, լրիվ անպաշտպան է, եւ չկա մեկը, որ իմ օրինական իրավունքը կպաշտպանի: Պետությունը թալանում է սեփական քաղաքացուն»,- հայտարարում է Ռ. Չակրյանը, ով, թեեւ ուշացած, բայց արդեն ստիպված` դիմում է լրատվամիջոցների օգնությանը: Ռ. Չակրյանը 1980-ականներից աշխատել է «Լյուքս» կոշիկի ֆաբրիկայի Մասիսի մասնաճյուղում: Ֆաբրիկայի ղեկավարությունն ի դեմս մեր պետության` 1983թ. անօթեւան աշխատակիցներին առաջարկել է բնակարաններով ապահովել` պայմանով, որ նրանք նախապես պետք է վճարեն իրենց հասանելիք բնակարանի գումարի 65%-ը: «Այսինքն` ֆաբրիկայի աշխատակիցների շուրջ 90 հոգու գրանցելով` նրանք գումարները հավաքագրեցին, որպեսզի հենց այդ գումարներով էլ շենքը կառուցեին: Համաձայն պայմանագրերի եւ մի շարք փաստաթղթերի` բնակելի շենքը պետք է կառուցվեր Նորաշեն թաղամասում, իսկ գումարի այն փոքրիկ մասը, որը չէինք վճարել` պետք է փակեինք շենքը շահագործման հանձնելու ժամանակ: Գումարները վճարեցինք, փոխադարձ պայմանագրեր կնքեցինք, եւ իրենք մեզ` աշխատակիցներիս, հորդորեցին 3 տարի սպասել` մինչեւ շենքը կկառուցվի»,- պատմում է Ռ. Չակրյանը, ով անօթեւան լինելով` 1996թ.-ից սպասել է 3 սենյականոց իր բնակարանին, որի համար ֆաբրիկան պետության անունից կտրոններ եւ փաստաթղթեր է տրամադրել: Այդպիսով, Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասում սկսվել է շենքի շինարարությունը, որը նախատեսված է եղել ֆաբրիկայի անօթեւան աշխատակիցների համար, ովքեր ներդրել էին իրենց ստանալիք բնակարանների գումարների 65%-ը: Ռ. Չակրյանը վստահեցնում է, որ այդ ընթացքում ապրել են սոցիալական ծանր պայմաններում, վարձակալած բնակարանում: «Զույգ երեխաներ ունեմ, ովքեր այդ տարիներին գրիպով հիվանդացան: Շատ դաժան բաներ կատարվեց երեխաներիս հետ: Հիվանդանոցում սխալ բուժում արեցին: Զույգ տղաներից մեկը մանկական պարալիչ հիվանդությամբ էր ծնվել, իսկ մյուսին` գրիպով վարակվելիս, հիվանդանոցում հակաբորբոքային դեղամիջոց ներարկեցին եւ վնասեցին լսողությունը: Երեխաս համարյա կորցրել էր լսողությունը, ու էստեղի մասնագետները ոչինչ չէին կարողանում անել»,- վստահեցնում է Ռ. Չակրյանը` ավելացնելով, որ լսողության խանգարումից հետո երեխային միայն թոշակավորել են, իսկ առողջությունը վերականգնելն անհնար են համարել: Այնպես է ստացվել, որ հարազատների օգնությամբ նա երեխաներին տեղափոխել է Բուլղարիա, որպեսզի լսողությունը կորցրած տղայի բուժումն այնտեղ կազմակերպի: Ինչեւէ, երեխայի բուժման պրոցեսը երկարել է, եւ մշտապես մասնագետների հսկողության տակ լինելու պատճառով ընտանիքով տարիներ շարունակ այնտեղ են ապրել: Ռ. Չակրյանն, այնուամենայնիվ, վստահ է եղել, որ իրենց գումարներով կառուցվող շենքից բնակարան պետությունն իրեն տրամադրելու է: «2002 եւ 2005թթ. կինս հատուկ եկել է Հայաստան, որպեսզի բնակարանի հարցով զբաղվի: Դիմել է Երեւանի քաղաքապետարան, որտեղից, չգիտես ինչու, տեղեկացրել են, թե 1996թ.-ից հիմքը գցած այդ շենքի շինարարությունը դադարեցվել է, քանի որ այդ կիսակառույցը վթարային է եղել: Քաղաքապետարանից ասել են, որ պետությունը կփոխհատուցի վճարած գումարները: Այսինքն` հավատալով քաղաքապետարանի պաշտոնյաներին` համակերպվեցինք էն մտքի հետ, որ բնակարան չեն տա, բայց գոնե դրամական փոխհատուցում կտան, ու կփորձենք բնակարան գնելու նոր տարբերակ գտնել»,- պատմում է Ռ. Չակրյանը: 2010թ. նա ընտանիքի հետ միասին կրկին վերադարձել է Հայաստան` այս անգամ հայրենիքում հաստատվելու մտադրությամբ: Երեւանի քաղաքապետարանից կրկին տեղեկացրել են, որ Նորաշեն թաղամասում մեկնարկած այդ շենքի շինարարությունը տարիներ առաջ կասեցվել է, ինչի պատճառով բնակելի այդ շենքն այլեւս գոյություն չունի: Մինչդեռ Ռ. Չակրյանը միայն վերջերս պարզել է, որ Նորաշեն 11 շենքը ոչ միայն կառուցվել է, այլեւ այնտեղ բնակարաններ են ստացել կոշիկի «Լյուքս» ֆաբրիկայի նախկին աշխատակիցները, որոնք իր հետ միասին հերթագրվել էին եւ կատարել գումարի 65%-ի չափով ներդրում: Ըստ նրա, իր գործընկերներից 90 հոգի այդ շենքից բնակարան են ստացել: Այդուհանդերձ, մինչ օրս անօթեւան Ռ. Չակրյանը այս տարվա հուլիսին դիմել է ՀՀ նախագահի Վերահսկողության ծառայություն, որտեղից դիմումը վերահասցեագրվել է քաղաքապետարան: «ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի «Երեւան քաղաքի Նորաշեն թաղամասի հ.11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի կրող կոնստրուկցիաների ուժեղացման ու շինարարական աշխատանքների ավարտման մասին» հ. 1583-Ն եւ 2008թ. փետրվարի 22-ի «ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի հ. 1583-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հ. 170-Ն որոշումների հ.2 հավելվածով սահմանված ցանկի համաձայն` թվով 90 բնակարան սեփականության իրավունքով տրամադրվել է «Մասիս 3» բնակարանաշինարարական կոոպերատիվի փայատերերին, նշված ցանկում Ձեր անունն ընդգրկված չէ»,- նշված է քաղաքապետարանի Աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա. Ամյանի պատասխան գրության մեջ, որի շարունակությունը բավականին հետաքրքիր է. «Նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի փայատերերի կողմից ներդրված միջոցների չօգտագործված մասի դիմաց պետական օգնության տրամադրման մասով ամրագրված պետական պարտավորությունները համարվում են դադարեցված»: Հետաքրքիրն այն է, որ ինչպես քաղաքապետարանը, այնպես էլ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը քաղաքացուն տեղեկացնում են, որ բնակարանաշինության ցուցակից դուրս են մնացել նախկինում գրանցված 30 անձ, որոնք տարիների ընթացքում չեն ներկայացել եւ իրենց մասին տեղեկություններ չեն հայտնել: Այն, որ Ռ. Չակրյանը 10 տարուց ավելի երկրից բացակայել է` փաստում է վերոնշյալ պատճառաբանության օրինական լինելը, սակայն նա ասում է` «Այո, էստեղ չենք եղել, բայց ասում եմ` կինս եկել է Հայաստան` հատուկ բնակարանի խնդիրներով զբաղվելու: Այսինքն` ներկայացել ենք, բայց մեզ խաբել են` ասելով, թե շենքը չի կառուցվում: Իրենց պատճառ էր պետք, որ մեր փողերը փոշիացնեն: Բացի դա, այն հասցեում, որը գրանցված է եղել իրենց մոտ` ոչ մի գրություն կամ ծանուցում չի եկել: Ես նույնիսկ իմ հարազատների հասցեներն եմ գրանցել, եւ եթե իրենք տեղեկացնեին, որ ներկայանալու կարիք կա` ես կգայի անպայման: Գնացի ՀՀ Ֆինանսների նախարարություն, ինձ հեռախոսով միացրեցին ինչ-որ պատասխանատու վարչության պետի հետ: Նա ասում է` էդ շենքը չի կառուցվել եւ չի տրամադրվել շահառուներին, ոչինչ չենք կարող անել: Ասում եմ` ա՛յ ընկեր, էնտեղից եմ գալիս, ինչո՞ւ ես խաբում: Հեռախոսը կախեց…»: Ինչեւէ, բազմաթիվ դիմումներից հետո ՀՀ Ֆինանսների նախարարությունը Ռ. Չակրյանին տեղեկացրել է, որ ճիշտ է` բնակարան ստանալն անհնար է, բայց նաեւ անհնար է փոխհատուցում տրամադրելը: Փոխարենը` բնակարան չստացած եւ ցուցակներից դուրս մնացած անձանց պետությունը կտրամադրի դրամական օգնություն: Թե ինչպես է Ֆինանսների նախարարությունը 3 սենյականոց բնակարանի համար վճարած 65%-ը որպես օգնություն հաշվարկելու` արդեն կարելի է կանխատեսել: «Մի երկու տարի էլ կտեւի` մինչեւ վերահաշվարկեն, ու վերջում էլ կամ կոպեկներ կտան, կամ էլ էնքան կտանեն-կբերեն` մինչեւ զզվեցնեն: Պետությունն ինձ իբր լավություն է անում, իմ վճարած գումարները փոշիացնում է, իսկ ինձ օգնություն է տալիս»,- ասում է Ռ. Չակրյանը: