Մեր տեղեկություններով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին խստորեն հրահանգել է հատկապես նախընտրական շրջանում զերծ մնալ միմյանց հասցեին հրապարակային քննադատական հայտարարություններից կամ ակնարկներից եւ մամուլում իրար դեմ պատվերներ տալուց: Խոսքը վերաբերում է հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Առաջին հերթին` Հ.Աբրահամյանին, որովհետեւ հենց նա է ԱԺ նիստերի կամ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ քննադատում կառավարության գործունեությունը: Եվ Ս.Սարգսյանի այդ զգուշացումից հետո Հ.Աբրահամյանը սկսել է վարչապետին եւ կառավարությանը «կարեւորել»: Օրինակ` նախօրեին ԱԺ հայտարարությունների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը ծավալուն անդրադարձ է կատարել եւ շատ է կարեւորել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գործունեությունը: Հ.Աբրահամյանը արձագանքել է` «Մի քիչ տխուր եք խոսում, Գագիկ Մելիքյան, ի՞նչ կա: Իհարկե, ես չգիտեմ` ով է ձեզ համար գրել, բայց ճիշտ բաներ չեք ասում: «Հազարամյակը» շատ կարեւոր ծրագիր է, շատ լավ գործեր են արել, բայց կառավարությունն էլ է գործեր կատարել: Ասում եք` մեկ էլ 20 տարի առաջ են տենց գործեր կատարել. տենց չի: Էդ գրողին ասա, թող ճիշտ բաներ գրի, տա քեզ»: Իսկ երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը դժգոհեց, որ վարչապետին ուղղած իր հարցին պատասխանեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այս դեպքում արդեն Հ.Աբրահամյանը պատգամավորներին դիտողություն արեց, թե վարչապետն ինքն է որոշում, թե որ հարցին ով պատասխանի: