Անպատասխան հարցեր

06/10/2011

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հոկտեմբերի 3-ին Ազատության հրապարակում կայացած ասուլիսին մի քանի հարցեր էր ուղղել նաեւ «168 Ժամը»: Դրանց Լեւոն Տեր-Պետրոսյանը չանդրադարձավ: Սակայն, քանի որ, կարծում ենք` այդ հարցերը հետաքրքրում են ոչ միայն մեզ, այլեւ շատ քաղաքացիների, ստորեւ ներկայացնում ենք դրանք` ակնկալելով, որ երբեւէ Լ. Տեր-Պետրոսյանը կապատասխանի դրանց:

1. Պարոն Տեր-Պետրոսյան, եթե, ինչպես պահանջում է Հայ ազգային կոնգրեսը, մինչեւ տարեվերջ տեղի ունենան նախագահի արտահերթ ընտրություններ, Դուք կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը` որպես նախագահի թեկնածու: Եթե ոչ, ապա ո՞վ կլինի Հայ ազգային կոնգրեսի թեկնածուն:

2. Արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրությունների դեպքում Հայ ազգային կոնգրեսը, բնականաբար, հավակնելու է մեծամասնություն ստանալ ԱԺ-ում` սահմանադրական կարգի վերահաստատման նպատակն իրագործելու համար: Ի՞նչ սկզբունքով է կազմվելու Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական համամասնական ցուցակը, եւ ովքե՞ր են լինելու ցուցակի առաջին 8 հորիզոնականներում:

3. Ձեր վերջին ելույթներում բազմիցս անդրադարձել եք «Wikileaks» կայքի կողմից հրապարակված ամերիկյան դիվանագիտական նամակագրությանը` այն որակելով որպես պատմական նշանակություն ունեցող փաստաթղթերի հավաքածու: Արդյոք Ձեր գնահատականները վերաբերում են «Wikileaks»-ի առանց բացառության բոլո՞ր հրապարակումներին, այդ թվում` նաեւ նրանց, որոնցում ներկայացված են Ձեր եւ ամերիկյան դիվանագետների շփումների մասին պատմող տեղեկություններ: Իրականությանը համապատասխանո՞ւմ է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի կողմից 2008թ. նոյեմբերի 25-ին ուղարկված հաղորդագրությունը, ըստ որի` Դուք ասել եք, որ ԼՂ հարցի կարգավորմանը հասնելու պահը հիմա է, եւ առաջարկել եք ԱՄՆ-ին կոնֆերանս հրավիրել՝ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու համար, եւ թելադրել կարգավորման պայմանները` խոստանալով ընդդիմության աջակցությունը իշխանությունների կողմից ԼՂ-ի հակամարտության կարգավորման փաստաթղթի ընդունման գործընթացում։

4. 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո Հայ ազգային կոնգրեսը հայտարարում էր, որ իշխանությունների հետ չի գնա երկխոսության, քանի դեռ Հայաստանում կլինի նույնիսկ մեկ քաղբանտարկյալ: Այդպես էլ եղավ, եւ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը սկսվեց բոլոր քաղբանտարկյալների ազատումից հետո միայն: Նույն դիրքորոշումը ՀԱԿ-ը որդեգրեց նաեւ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալությունից հետո` նրա ազատ արձակմամբ պայմանավորելով երկխոսության շարունակությունը: Պարոն Տեր-Պետրոսյան, 2007 թվականին մեծ քաղաքականություն վերադառնալուց, ապա նաեւ` համաժողովրդական շարժումը եւ Հայ ազգային կոնգրեսը ղեկավարելուց ի վեր Դուք եւ ՀԱԿ-ը երբեւէ հրապարակային դիրքորոշում չեք արտահայտել Վանո Սիրադեղյանի վերաբերյալ, նրա հանդեպ հարուցված քրեական գործի կարճումը չեք ներկայացրել որպես նախապայման: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Դուք եւ ՀԱԿ-ը Վանո Սիրադեղյանին չեք համարում քաղաքական հալածյալ եւ համաձայն եք նրա նկատմամբ իշխանությունների կողմից առաջադրված մեղադրանքներին: Ինչպե՞ս կբացատրեք, որ ՀԱԿ-ն այդքան հետեւողական է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու հարցում եւ ընդհանրապես որեւէ դիրքորոշում չի արտահայտում Ձեր երբեմնի զինակցին Հայաստանից վտարելու խնդրի վերաբերյալ:

5. Ինչպես նախկինում, այնպես էլ վերջին հանրահավաքում Դուք հայտարարեցիք, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքական գործիչ չի եղել, որ նրան Հայաստան բերելը համարում եք Ձեր սխալը, եւ այլն: Ինչպե՞ս կբացատրեք, որ 1998 թվականին Դուք մասնակցեցիք նույն Ռոբերտ Քոչարյանի` նախագահի պաշտոնում երդմնակալության արարողությանը, իսկ 1997 թվականի հոկտեմբերի 27-ին ժողովրդին եւ քաղաքական ուժերին կոչ արեցիք համախմբվել նախագահի շուրջ: