«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ի` շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է:
«Այս սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, Տեր-Պետրոսյանն էլ այն ընդունել է, ուստի խուսանավումներ, այդ թվում` նստացույցի փոխակերպում, ավելի ծայրահեղ միջոցներ չեն լինի»,- հայտարարել է Ժ.Սէֆիլյանը: Ըստ նրա` Ս. Սարգսյանի համար շահավետ էր ոչ միայն երկխոսությունը, այլ` ՀԱԿ-ի ներկայացումն ու գոյությունը` որպես ընդդիմություն: «Խորագիրը հետեւյալն է. ընդդիմադիր դաշտը զբաղեցնել այնպիսի ուժերով, որոնք Ս. Սարգսյանի կողմից ամբողջությամբ վերահսկվում են: Այս իմաստով Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական միավորն ամբողջությամբ մտնում է այդ տրամաբանության մեջ: Եթե տեղը դատարկ մնա, որեւէ ինքնաբուխ եւ անվերահսկելի ուժի ձեւավորումն անխուսափելի է»,- ասել է նա` հավելելով, թե Ս. Սարգսյանի համար ՀԱԿ-ը շահավետ է նաեւ այն պատճառով, որ իրենց միջեւ գաղափարական առումով հակասություններ չկան: «Գլխավոր նպատակը` օր օրի թուլացնելով, մաշեցնելով Տեր-Պետրոսյանի ուժը` հասցնել մինչեւ 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախօրե: Այսինքն` այնքան մաշված հասցնել, որ Տեր-Պետրոսյանը նույնիսկ չկարողանա լուրջ բազար անել Սերժի հետ մանդատների վերաբերյալ, մնա խնդրողի դերում` ասելով. «Խնդրում եմ, այս մի խումբ մարդկանց խորհրդարան մտցրեք, էլի»,- ասել է Ժ. Սէֆիլյանը: Նրա դիտարկմամբ` երկխոսություն-հետերկխոսության ընթացքից Ս. Սարգսյանն ակնկալում է վերահսկելի պահել Տեր-Պետրոսյանի քաղաքական միավորը: «Այդ վերահսկելիությունը պահպանելով` Սարգսյանը լուծում է մի քանի խնդիրներ: Նախ` նոր քաղաքական ուժ ի հայտ չի գա, լուծում է իր կողմից անցանկալի անհատներին դուրս մղել, օրինակ` Քոչարյանին, ու մաշեցնել Տեր-Պետրոսյանի ուժը` մինչեւ ընտրությունները»:
Ի դեպ, Ժ. Սէֆիլյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է գնալ Ազատության հրապարակ, սակայն ոչ թե բարձրանալու է հարթակ, այլ շրջելու է մարդկանց շարքերում եւ զրուցելու է երիտասարդների հետ: «Այս օրերին ականատես ենք նստացույցին, ու հասարակության մոտ հարցեր են առաջացել, թե ինչու այնտեղ չենք,- ասել է նա` հավելելով,- Այնտեղ չենք, քանի որ չենք ուզում փոփոխություններ լինեն` Պողոսին հեռացնելով, Թորոսին վերադարձնելով: Միայն վեհ գաղափարների համար արժի գնալ զոհողությունների: Դժբախտաբար, մեր հորդորները չեն լսել»:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին խոսակցություններին, նա ասել է. «Քոչարյանի վերադարձը համարում եմ զրո: Մեր ժողովուրդը տակավին չի խելագարվել: Մեր ժողովրդի զգալի մասը կմերժի նրան: Նա երազում է վերադառնալ, բայց այդ երազանքն այդպես էլ կմնա երազանք»: Ժ. Սէֆիլյանի կարծիքով` ժողովրդի խնդիրների լուծումը պետք է փնտրել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Լեւոն Տեր-Պետրոսյան եռանկյունուց դուրս: