ՀԱԿ-ի կողմից երկխոսությունից հրաժարվելու հայտարարությունը շտապողական հայտարարություն էր, եւ մտածելուց հետո կփոխեն իրենց կարծիքը: Այդ մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Ես չեմ կարծում, որ դրանով փակվում է երկխոսության դուռը: Մեր կողմից նախաձեռնությունն արդեն եղել է, որ մենք պատրաստ ենք երկխոսությունը շարունակելու, սակայն նման պայմաններում, հանրահավաքների շարունակականության պայմաններում, դա գրեթե աննպատակահարմար կլինի»,- ասել է նա: Նրա գնահատմամբ` նման պայմաններում սրացումներ չեն լինի. «Սովորական հանրահավաքային պրոցես է, որը ժամանակի ընթացքում կմարի, եւ իրենք ճիշտ որոշումների կհանգեն»: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ ասել է, թե ՀԱԿ իրավունքն է. դադարեցնե՞լ, թե՞ շարունակել երկխոսությունը: «Բայց կարծում եմ` իշխանությունները բացարձակապես ողբերգություն չեն տեսնում, որ ՀԱԿ-ը չի ցանկանում երկխոսել»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «Կուժեղացնե՞ն, թե՞ կթուլացնեն իրենց պայքարը, դա իրենց գործն է»: Նրա կարծիքով, եթե ՀԱԿ-ը սրացումների գնալու հնարավորություն ունենար, ապա առանց երկխոսության էլ կգնար: «Ես գրեթե չեմ կասկածում. եթե ստացվի, առանց որեւէ բանի կգնան: Թեպետ ես նախկինում էլ ասել եմ, որ բացառում եմ նման հնարավորությունը, հակված չեմ իմ երկիրը տեսնել խառը վիճակում»,- նշել է Վ. Բոստանջյանը: