Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, թե հոկտեմբերի 4-ի դրությամբ, Մյասնիկյան պողոտայում վերջերս վնասազերծված բանդայի անդամներից բանդիտիզմի վերաբերյալ քննվող քրեական գործով կալանավորվել է 7 անձ: «Որոնցից 6-ը բանդայի անդամներ են, այդ թվում` բանդայի պարագլուխ Արտուշ Հակոբյանը` «Կասիչկա» մականունով: Մեր ունեցած տեղեկություններով, այդ մականունը ձեռք է բերել հոգեբուժական հիվանդանոցում մազերի համապատասխան սանրվածքի պատճառով: Իսկ 7-րդը բանդայի վնասազերծման ժամանակ մահացած «Եթում» մականունով Գուրգեն Հայրապետյանի ազգականն է, որը մեղադրվում է խոշոր չափի թմրամիջոց ապօրինի պահելու մեջ»,- ասել է Մ. Բաբայանը: Հարցին, թե ինչով է բացատրվում այն, որ ձերբակալված 10 անձանցից կալանավորվել են ընդամենը 7-ը, Բաբայանը պատասխանել է. «Ես ձեզ ներկայացրեցի կոնկրետ բանդիտիզմի վերաբերյալ քննվող քրեական գործով կալանավորվածների վերաբերյալ տեղեկությունը: Իսկ ձերբակալված-կալանավորվածների թիվն ավելին է եղել. ուղղակի նրանք այս պահին կալանավորված են Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով: Մի դեպքում` ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, մեկ այլ դեպքում` թմրամիջոց ապօրինի պահելու մեղադրանքով»:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Արտուշ Հակոբյանը, ով «Սուրիկի լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդին է, ժամանակին դատապարտվելուց հետո հարկադիր բուժման է ուղարկվել հոգեբուժարան, որտեղից փախել է: Այս առնչությամբ Քննչական գլխավոր վարչության Հատուկ կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալն ասել է. «Թե ինչով է պայմանավորված, որ նախկինում ինքը հոգեբուժական հիվանդանոցներում է եղել, հետո դրսում է հայտնվել, ես այս պահին այդ տեղեկությունները չունեմ: Ի՞նչ է սպասվում մեզ։ Իհարկե` օբյեկտիվ նախաքննություն, իհարկե` արժանի պատիժ հանցագործություն կատարած անձանց: Նախաքննության բազմակողմանիության եւ լրիվության սկզբունքները պարտադրում են մեզ, որ, այո, քննության առարկա դառնան նաեւ այդ հանգամանքները»: Մուշեղ Բաբայանը չի բացառում, որ նախաքննության ընթացքում գործով նոր անձինք ներգրավվեն. «Ըստ էության, այս պահին, մեր ունեցած նյութերով, տվյալներով, բանդայի ողջ կազմը հայտնի է. մեկը մահացել է, մնացածը վնասազերծված-կալանավորված են: Բայց չի բացառվում, որ նախաքննության ընթացքում ի հայտ գան մարդիկ, որոնք տարբեր փուլերում տարբեր գործողություններով, տարբեր միջոցներով օգնած, օժանդակած լինեն բանդայի անդամներին, եւ նրանք էլ ենթարկվեն պատասխանատվության: Այդ ուղղությամբ նախաքննությունը դեռեւս շարունակվում է»: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վերջերս հայտարարել էր, թե հայտնի են բանդայի պարագլուխները: Բաբայանը հստակեցրել է. «Խոսքը վերաբերում է Արտյուշա Հակոբյանին եւ մահացած Գուրգեն Հայրապետյանին: Ըստ էության, ինտելեկտուալ ղեկավարը Արտուշ Հակոբյանն էր, իսկ ավելի ուժային, բռնության հակված բանդայի անդամը, կազմակերպիչը` Գուրգեն Հայրապետյանը»: