ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Դարեր ի վեր մանկավարժությունը եղել է հայ իրականության մեջ ամենահարգված մասնագիտություններից մեկը: Եվ պատահական չէ, որ բախտի քմահաճույքով որտեղ էլ հայտնվել են մեր ժողովրդի ներկայացուցիչները, առաջին հերթին կրթօջախներ ու եկեղեցիներ են հիմնել: Պատահական չէ նաեւ, որ անգամ մահաբեր Դեր-Զորում կային ուսուցիչներ, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, անապատի ավազի վրա հայ երեխաներին մեսրոպյան գիր էին սովորեցնում: Դպրոցն ընտանիքի շարունակությունն է, որտեղ երեխաները հասունանում են որպես հասարակության լիարժեք անդամներ: Պիտի գիտակցենք, որ դպրոցների եւ ուսուցիչների առկա խնդիրները յուրաքանչյուրիս ընտանիքի եւ մեր ընդհանուր ապագայի խնդիրն է, որի լուծումը մենք տալիս ենք եւ տալու ենք մեր միասնական ու հետեւողական աշխատանքով: Ուսումնատենչությունը, կրթության եւ գիտելիքի հանդեպ հարգանքը մեր անպարտելիության ու հավիտենական գոյության հիմնական երաշխիքներից են, իսկ ուսուցիչները` այդ վեհ գործի պահապաններն ու առաջամարտիկները: Կրկին շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ եւ երախտագիտություն հայտնում ձեր օրնիբուն աշխատանքի համար` մաղթելով քաջառողջություն ու հաջողություն»: