Իրենք տպում են, իրենք` արտատպում եւ իրենք էլ` տարածում

06/10/2011

Օրերս «Wek.ru» կայքում հոդված էր հրապարակվել` «Ռուսաստանում նորից հիշեցին Հայաստանի թալանչիներին» վերնագրով: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ արտատպել էին այն: Հոդվածում մասնավորապես նշված էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Վագա-ֆարմ» ընկերության 50 տոկոսի սեփականատերն է եւ որ ՌԴ` Հայաստանին տրամադրված 500 միլիոն միջպետական վարկի մի մասն ուղղվել է «Վագա-ֆարմ» ընկերության ծաղկմանը: «168 Ժամ»-ը դիմեց «Վագա-ֆարմի» հիմնադիր Վահե Վարսանյանին` պարզաբանում ստանալու նպատակով:

– Պարո՛ն Վարսանյան, միջպետական վարկի գումարներն ուղղել մասնավոր ընկերությանը, սա լուրջ մեղադրանք է:

– Բացարձակ ապուշություն է: 1993 թ.-ից, լինելով ԱԺՄ-ում, Տիգրան Սարգսյանի հետ ընկերներ ենք, ինչը դրդում է ոմանց շահարկության առարկա դարձնել նրա պաշտոնը ու իմ` ձեռնարկատիրությամբ զբաղվելը, եւ «Վագա-ֆարմի» 50 տոկոսը առատաձեռնորեն «հանձնել» են Տիգրան Սարգսյանին: Ավելի անհեթեթ է հաջորդ մեղադրանքը, թե իբր միջպետական, կեսմիլիարդանոց վարկից մի մաս ուղղվել է միջին հզորության մի ընկերության «ծաղկմանը»: Այդ ինֆորմացիայի հեղինակները, ովքեր, ի դեպ, Հայաստանից են, եթե նեղություն քաշեին եւ սուտը տարածելուց առաջ փորձեին հասկանալ` ինչ են գրում, կտեղեկանային, որ մեր ֆինանսական միջոցներն ընկերության ստեղծման օրից` 2000 թ.-ից մինչ օրս, աճել են համաչափ: Իսկ մեր գործունեության մեջ, որպես ֆինանսական ներհոսք` օգտագործվել են բացառապես «Հայէկոնոմբանկից» վերցված վարկերը: Երեւանից երկու-երեք հոգով այդ ռուսական կայքերին են մատակարարում զրպարտություններ, ակնհայտ սուտ ինֆորմացիա, ապա այդ կայքին հղում անելով` արտատպում կամ հրապարակային ընթերցումներ կազմակերպում: Եվ նման ստոր, անազնիվ ճանապարհով փորձում են «պայքարել» ավազակապետության դեմ ու դեռ այն «կազմաքանդել»: