Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ 2009թ. մահափորձ իրականացնելու գործով հայտնի բանդայի անդամների նկատմամբ մեղադրանքը մեղադրողը հիմնավորված է համարում։ Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունը հրապարակել է մեղադրողի` մեղադրական ճառը: Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 23-ին ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու համար անհայտ անձինք փորձել էին Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար: Հայտնաբերվել եւ կալանավորվել էին հանցագործության անմիջական կատարողներն ու մասնակիցները, թվով 8 անձ, որոնց թվում նաեւ հանցավոր խմբի պարագլուխ` «Մուսկուլ Գագո» մականվամբ Երեւանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանը, ով 1992-1997թթ. ծառայել է ՆԳ նախարարության ներքին զորքերի «Չղջիկներ» անվանումը ստացած հատուկ նշանակության ստորաբաժանումում` որպես հրամանատարի տեղակալ: Վերջինիս բնակարանի եւ ավտոտնակի խուզարկությամբ, բացի գործով անցնող իրեղեն ապացույցներից, հայտնաբերվել եւ առգրավվել է աննախադեպ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, հեռակառավարվող պայթուցիկ սարքեր: Գ. Մաթեւոսյանի տանը կից կառույցում հայտնաբերվել էր նաեւ ընդհատակյա քիմիական լաբորատորիա, որտեղից առգրավված բազմատեսակ քիմիական նյութերն օգտագործվել են պայթուցիկ սարքեր եւ թունավոր նյութեր պատրաստելու համար: Օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել էր նաեւ, որ վերոնշյալ հանցագործության պատվերը Երեւանի բնակիչ Ռաֆայել Սուրենի Մասումյանի միջոցով տվել է ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Ալբերտի Երիցյանը` դրա դիմաց վճարելով 150.000 դոլար: Հիշեցնենք, որ Ռոբերտ Երիցյանը Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին է:
Ներկայացնում ենք մեղադրական ճառը` կրճատումներով
Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ Գագիկ Մաթեւոսյանը, 2006թ. կեսերից սկսած, ձեռնամուխ է եղել քաղաքացիների, պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների վրա հարձակվելու եւ այլ հանցագործություններ կատարելու նպատակով կազմակերպված կայուն զինված հանցավոր խումբ` բանդա ստեղծելուն, օգտագործելով դիվերսիոն եւ հետախուզական գործունեության հմտությունները, որոնք ձեռք է բերել «Չղջիկներ» հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում ՀՀ սահմանամերձ շրջանների եւ ԼՂ պաշտպանությանն ուղղված մարտական գործողությունների ընթացքում` հանդիսանալով դրա հրամանատարներից մեկը: Գ. Մաթեւոսյանը բանդայի կազմում հավաքագրել է քիմիայի, տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի բնագավառների գիտելիքներով օժտված Արտակ Ղուկասյանին, պատերազմի մասնակից, ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին սպա Վազգեն Կարապետյանին, ինչպես նաեւ իր մարտական ընկերներին` Արայիկ Ոսկանյանին եւ Գրիգոր Գրիգորյանին: Գ. Մաթեւոսյանը հանցավոր խմբում պահպանել է կարգապահություն, անձնական նախաձեռնությամբ, իսկ առանձին դեպքերում` այլ անձանց պատվերով ծրագրել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ, մշակել է դրանց իրագործման պլաններ եւ բանդայի անդամների ներգրավմամբ իրականացրել անհրաժեշտ նախապատրաստական գործողություններ ու միջոցառումներ, բանդայի անդամների միջեւ կատարել է դերաբաշխում, որոշելով նրանցից յուրաքանչյուրի դերակատարումն ու մասնակցությունը կոնկրետ հանցագործության նախապատրաստմանը կամ կատարմանը, իսկ որոշ դեպքերում` բացահայտումից խուսափելու նկատառումներով զերծ է մնացել հանցավոր մտադրությունների իրագործումից կամ հետաձգել է դրանց իրականացումը:
(…) Գ. Մաթեւոսյանը բանդայի կարիքների համար կուտակել է նաեւ մեծ քանակությամբ սառը եւ նետողական զենքեր, հատուկ նշանակության հանդերձանք եւ միջոցներ` զրահաբաճկոններ, դիմակ-գլխարկներ, հետապնդումը դժվարացնելու եւ անվադողերը ծակելու համար նախատեսված ցցեր` «ոզնիներ», քողարկման եւ անճանաչելի դառնալու համար նախատեսված թատերական շպարման պիտույքներ` կեղծամներ, բեղեր եւ այլն: ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության Օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանությունից մոտ մեկ ամիս առաջ, Գագիկ Մաթեւոսյանը Վազգեն Կարապետյանին նկարագրել է Շ. Հովասափյանի բնակության վայրը եւ հանձնարարել է հետեւել նրա բոլոր տեղաշարժերին, սակայն տեղեկանալով նրանց միջեւ դեռեւս պատերազմի տարիներին հաստատված բարյացակամ փոխհարաբերությունների մասին` հրահանգել է Վ. Կարապետյանին դադարեցնել իր հանձնարարականի կատարումը:
(…) 2007թ. ամռանը Գագիկ Մաթեւոսյանը, նպատակադրվելով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել արտասահմանից ժամանած հյուրերին ընդունելու համար նախատեսված` Նորագյուղ թաղամասում` «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲ ընկերության տարածքում գտնվող առանձնատնից, Վ. Կարապետյանին մատնացույց է արել այդ շինությունը եւ հանձնարարել է պարզել այնտեղ մուտք գործելու բարենպաստ ժամանակը եւ ուղիները, սակայն վերլուծելով դիտարկումների արդյունքում նրանից ստացված տեղեկությունները, հրաժարվել է հափշտակությունն իրագործելու մտադրությունից: Այնուհետեւ, տեղեկանալով, որ «Արմենիան մոլիբդեն պրոդակշն» ՓԲԸ աշխատակիցները յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են ընկերության ողջ անձնակազմին վճարվող ամսական աշխատավարձը եւ ծրագրելով ավազակային հարձակմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող այդ գումարը, Գ. Մաթեւոսյանը Վ. Կարապետյանին ցույց է տվել ընկերության տնօրինության ներկայացուցիչներ հանդիսացող` եղբայրներ Կարեն եւ Արա Կարապետյանների քաղ. Երեւան, Աղբյուր Սերոբ փողոցի 3-րդ շենքում գտնվող բնակարանների պատշգամբները, հանձնարարելով հարձակման համար բարենպաստ ժամանակն ու ուղիները պարզելու նպատակով հետեւել տների անցուդարձին եւ նրանց ծառայողական ավտոմեքենայի տեղաշարժերին, խոստանալով հափշտակության բարեհաջող իրականացման դեպքում 50.000 դոլարի չափով վարձատրություն: (…) Գ. Մաթեւոսյանը, նպատակ ունենալով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել ՀՀ Նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ Վարուժան Գրիգորյանի եւ նրա դստեր` «Փեթակ» տոնավաճառի սեփականատեր Լուսինե Գրիգորյանի առանձնատնից, Ա. Ղուկասյանին մատնացույց է արել առանձնատունը, հանձնարարելով պարզել այնտեղ մուտք գործելու հնարավոր ուղիները, սակայն, հաշվի առնելով տարածքի տեսահսկման համակարգի առկայության մասին Ա. Ղուկասյանից ստացված տեղեկությունը, հրաժարվել է նաեւ այդ հափշտակությունն իրականացնելու մտադրությունից:
2007-2008թթ. ձմռանը, Գ.Մաթեւոսյանը, քննությամբ չպարզված անձի պատվերով, Վ. Կարապետյանին հանձնարարել է հրկիզման եղանակով ոչնչացնել «Վահագնի» թաղամասում գտնվող չբնակեցված երկու առանձնատներ, խոստանալով դրա համար վճարել նրան 5000 – 10000 դոլար, սակայն որոշ ժամանակ անց նրան կարգադրել է դադարեցնել իր հանձնարարության կատարումը, պատճառաբանելով, որ պատվերը կատարելու կարիքը վերացել է:
2007թ. աշնանը Գ.Մաթեւոսյանը, քննությամբ չպարզված անձի 100.000 դոլարի դիմաց, պատվերով Ա. Ղուկասյանի հետ ձեռնամուխ է եղել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 1-ին տեղակալ, «Մետրոշինվերանորոգում» ՓԲ ընկերության հիմնադիր Հրանտ Բեգլարյանի սպանության նախապատրաստմանը:
(…) Համարելով իր եւ զինակից ընկերների մարտական ծառայությունները եւ արժանիքները հանիրավի անուշադրության եւ մոռացության մատնված, Գագիկ Մաթեւոսյանը 2008թ. նպատակադրվել է իրականացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող Նախագահ Սերժ Սարգսյանի սպանությունները` հզոր պայթուցիկ նյութի գործադրմամբ, որի նպատակով Ա. Ղուկասյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այդպիսի պայթուցիկ նյութ ստանալու համար: Այդ նպատակով, Գ.Մաթեւոսյանի տրամադրած գումարներով, Ա. Ղուկասյանը ձեռք է բերել «աստրոլիտ» եւ որպես դրա ճայթիչ օգտագործելու նպատակով` «ազոտի եռյոդիդ» տեսակի պայթուցիկ նյութերի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրամասեր, որից հետո տնայնագործական պայմաններում, Գ. Մաթեւոսյանի տան մոտակայքում` Երեւանի Արամի փողոցում գտնվող եւ նրա եղբորը պատկանող ավտոլվացման կետում, Ա. Ոսկանյանի օժանդակությամբ, փորձել է պատրաստել նշված պայթուցիկ նյութերը: Քիմիական խառնուրդը փորձարկվել է Գ.Մաթեւոսյանի, Ա. Ղուկասյանի եւ Ա. Ոսկանյանի կողմից 2008թ. աշնանը` Քանաքեռավան գյուղի մոտակայքում, սակայն փորձարկումն ապացուցել է, որ ստացված նյութն ավարտական վիճակի չի բերվել եւ ցանկալի հետեւանքներ առաջացնել չի կարող, լրացուցիչ մշակման կարիք ունի, որի պատճառով` Գ.Մաթեւոսյանը որոշել է հանցավոր մտադրության իրականացումը հետաձգել` մինչեւ այլ հանցագործությունների կատարման արդյունքում ստացված եկամուտների հաշվին հագեցված լաբորատորիայում անհրաժեշտ ուժգնության պայթուցիկ նյութի ստացումը:
Բացի այդ, 2008թ. ամռանը Գագիկ Մաթեւոսյանն իր ծանոթ Ռաֆայել Մասումյանի միջնորդությամբ, Ռոբերտ Երիցյանից ստանալով 150.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի սպանությունն իրականացնելու պատվեր եւ միջնորդի հետ համաձայնության գալով վարձատրության գումարից 10.000 դոլարը թողնելու նրան` որպես միջնորդավճար, ձեռնամուխ է եղել սպանության նախապատրաստմանը: Սպանությունն իրագործելու նախընտրելի եղանակ համարելով թունավորումը, 2008թ. հունիսին Ա. Ղուկասյանին հայտնել է սպանության պատվերի մասին եւ առաջարկելով խոստացված 100.000 դոլար վարձատրության գումարը հավասար կիսել միմյանց միջեւ` հանձնարարել է միջոցներ ձեռնարկել խիստ թունավոր որեւէ քիմիական նյութ պատրաստելու համար, եւ այդ նպատակով վերջինիս համապատասխան նյութերի ձեռքբերման համար տրամադրել է անհրաժեշտ դրամական միջոցներ: Գ. Մաթեւոսյանի կարգադրությամբ, որպես բանդայի հավաքատեղի օգտագործվող նրա տնամերձ շինության մի հատվածն Ա. Ղուկասյանը վերածել է քիմիական լաբորատորիայի, որտեղ տեղադրվել են մուֆելային վառարաններ եւ թունավոր նյութի պատրաստման համար անհրաժեշտ այլ նյութեր ու պարագաներ: (…) Նրանց կողմից 2009թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին պատրաստվել է թունավոր նյութի անհրաժեշտ զանգվածը, սակայն Գագիկ Մաթեւոսյանը պարզել է, որ Գագիկ Խաչատրյանի ծառայողական ավտոմեքենայի դուռը, որպես կանոն, բացում է նրան ուղեկցող թիկնապահը, հրաժարվել են սպանությունը թունավորման եղանակով իրագործելու սկզբնական մտադրությունից եւ փոխարենը` սկսել են մշակել սպանությունն ուղղորդված գործողության ինքնաշեն պայթուցիկ սարքավորման գործարկման միջոցով իրականացնելու տարբերակը: (…) 2009թ. գարնանը, Ա. Ղուկասյանը, Ա. Ոսկանյանը եւ Գ. Մաթեւոսյանը` Երեւանի Արամի փողոցում գտնվող վերջինիս ավտոտնակում ինքնաշեն եղանակով պատրաստված պայթուցիկ սարքավորումը բերել են ավարտական տեսքի, դրա իրանը լիցքավորել են 1 կիլոգրամ քաշով «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի 5 պայթաղյուսներով եւ խոցող էլեմենտներ հանդիսացող մանեկները պոլիմերային սոսնձով կպցրել են պայթուցիկ սարքի մեջ:
2009թ. ապրիլի 7-ին Գ. Մաթեւոսյանը Ռ. Մասումյանից ստացել է 140.000 դոլարի չափով պայմանավորված վարձատրությունը, այնուհետեւ` հանցագործության կատարմանը ներգրավել է նաեւ Վազգեն Կարապետյանին` խոստանալով 30.000 դոլար վարձատրություն:
(…) Բանդայի անդամները որոշել են սպանությունն իրականացնել ուղղորդված գործողության պայթուցիկ սարքավորման կիրառմամբ, այն Երեւան քաղաքի Տերյան փողոցի թիվ 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շինության հենասյանն ամրացնելու եղանակով` այնպիսի դիրքով ու հաշվարկով, որ Գագիկ Խաչատրյանի շքամուտք մտնելու կամ դուրս գալու պահին սարքավորման գործադրմամբ առաջացած պայթյունի հետեւանքով իրականացնեն նրա սպանությունը: (…) Գ. Խաչատրյանի սպանությունը բանդայի անդամների կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ կիսակառույց շենքի պահակ Ալեքսան Ղազարյանի կողմից պայթուցիկ սարքավորումը հայտնաբերվել է եւ այն ուսումնասիրելու ժամանակ պայթուցիկ լիցքից դուրս եկած էլեկտրադետոնատորը պայթել է, որի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: Տեղեկանալով սպանության ձախողման եւ Արտակ Ղուկասյանի ձերբակալման մասին, Գ.Մաթեւոսյանը Գ.Գրիգորյանի հետ 2009թ. մայիսի 24-25-ն ընկած ժամանակահատվածում գիշերել են իրենց ընկերոջ` Անդրանիկ Աբովյանին պատկանող, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցում, շրջապատի հետ կապ պաշտպանելով Հայաստանից դուրս գտնվող անձի տվյալներով գրանցված հեռախոսահամարից: Այդ ընթացքում Գ. Մաթեւոսյանը հեռախոսով նախազգուշացրել է սպանության պատվիրատուի հետ միջնորդ հանդիսացող Ռ. Մասումյանին հանցափորձի ձախողման մասին, այնուհետեւ ընկերոջ` Ա.Աբովյանի հեռախոսահամարից Ա. Ոսկանյանին ցուցում է տվել կապ պաշտպանել Վ. Կարապետյանի հետ` պատվերն ավարտին հասցնելու համար: Դրանից հետո Անդրանիկ Աբովյանի ավտոմեքենայով ուղեւորվել են դեպի հայ-վրացական սահման` ՀՀ-ից Վրաստան մեկնելու մտադրությամբ, սակայն նույն օրը հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել ԱԱԾ: (…) Իր հերթին, տեղեկանալով Գ.Մաթեւոսյանի եւ բանդայի անդամների ձերբակալման եւ միջնորդ հանդիսացող Ռ. Մասումյանի փախուստի մասին, Ռոբերտ Երիցյանը 2009թ. հունիսի 1-ին նույնպես դիմել է փախուստի, ժամը 21:38-ին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնելով Երեւան-Մոսկվա թիվ 518 չվերթով:
(…) Թիվ 69104909 քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդության շրջանակներում Վրաստանում արգելանքի տակ վերցված Ռ. Մասումյանի մասնակցությամբ 15.06.2009թ. կատարված հարցաքննության տեսաձայնագրությամբ եւ 17.06.2009թ. արձանագրությամբ, որի ընթացքում Ռաֆայել Մասումյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն Վրաստանի ՆԳՆ քննիչի, թարգմանչի, փաստաբանի եւ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության պետի տեղակալ Մ. Մարուքյանի ներկայությամբ փաստացի ցուցմունք է տվել, որ Ռոբերտ Երիցյանը, ազատվելով ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի պաշտոնից, դրա մեջ մեղադրելով ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ վերջինիս վերագրելով նաեւ նրանց ընտանիքին պատկանող կազմակերպություններում իրականացվող ստուգումները, այդ ամենի արդյունքում նպատակադրվել է վարձատրության դիմաց պատվիրել վերջինիս սպանությունը: Ինքն այդ մասին հայտնել է Գ.Մաթեւոսյանին եւ նշել է պատվիրատուի` Ռոբերտ Երիցյանի անունը, ստանալով նրա համաձայնությունը, պատվիրատուի առջեւ պարտավորություն է ստանձնել իր կապերի միջոցով` 150.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց կազմակերպել Գագիկ Խաչատրյանի սպանությունը, 2009թ. ապրիլի սկզբներին Ռոբերտ Երիցյանից ստացել է գումարն ամբողջությամբ եւ նույն օրն այն փոխանցել է Գագիկ Մաթեւոսյանին: