Առնետների խրախճանք՝ մահամերձ կնոջ շուրջ

06/10/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նկարում պատկերված կինը Սյուզաննա Թադեւոսյանն է, որին լուսանկարել էինք դեռեւս 2009թ.-ին եւ մեր ընթերցողին էինք ներկայացրել նրա կյանքի ծանր պատմությունը: Դեռ երկու տարի առաջ Նոր Արեշ 35փ. 127/1 հանրակացարանի բնակիչները դիմելով խմբագրություն` ահազանգել էին Ս. Թադեւոսյանի ծանր կենսապայմանների մասին` խնդրելով որեւէ ելք գտնել: Այցելելով այդ տարածք` ականատես էինք եղել մի երեւույթի, որը հնարավոր էր տեսնել միայն սարսափ ֆիլմերում: Տասը տարուց ավելի անլույս ապրող Ս. Թադեւոսյանի սենյակը, որը գտնվում էր հանրակացարանի նկուղային հարկում` առնետներով ու միջատներով էր լցված, իսկ ներսում` մթության մեջ պատսպարված Ս. Թադեւոսյանը մրի, կեղտի մեջ կորած էր: Հարեւաններն ասում էին, որ Սյուզաննան շատ խելացի կին է եղել, բայց սոցիալական ծանր պայմաններից ժամանակի ընթացքում նրա մոտ խելագարության նշաններ են ի հայտ եկել: Չնայած դրան` Ս. Թադեւոսյանը մեր հարցերին շատ նորմալ էր պատասխանում` ասելով, որ անհաց, անլույս ապրելուն այլեւս չի դիմանում: 55-ամյա այս կինը սարսափելի հյուծված էր եւ օրորվելով էր ոտքի վրա կանգնում: Ձմռան ցրտին նկուղային հարկի նրա սենյակը տասը տարվա մեջ երբեւէ չէր ջեռուցվել: Ս. Թադեւոսյանը չուներ եկամտի որեւէ աղբյուր, աշխատունակ չէր, ընտանեկան նպաստ չէր ստանում, եւ առհասարակ որեւէ գումար նրա ձեռքը չէր ընկնում: Շենքի բնակիչները վստահեցնում էին, որ նա օրերով, շաբաթներով հացի երես չէր տեսնում: Պատահում էր, որ աղբանոցները քչփորելով` չոր հաց էր գտնում: Հիմնականում հարեւաններն էին խղճալով մի կտոր հաց տալիս նրան: Ս. Թադեւոսյանը հրաժարվում էր իր կյանքից մանրամասներ պատմել, միայն ասում էր, որ սիրում է կարդալ: Բանաստեղծություններ էր արտասանում եւ վստահեցնում էր, որ ցերեկվա ժամերին մեկ-մեկ գրում է: «Մութը որ ընկնում ա` ես հայտնվում եմ դժոխքում: Վախենում եմ, հասկանո՞ւմ ես, սենյակումս կռիսները վխտում են: Ամբողջ գիշեր վախից աչք չեմ կպցնում: Մեկ-մեկ, որ կռիսները թռնում են վրաս` ինձ թվում ա` վախից սիրտս ճաքում ա: Դու դա չես հասկանա…»,- մեզ հետ զրույցում ասում էր Սյուզաննան, ում հարեւանները դժգոհում էին սենյակի հակահիգիենիկ վիճակից, բայց չնայած դրան` վստահեցնում էին, որ այս կինը ժամանակին շատ կիրթ եւ բարեհամբույր մարդ է եղել: Մեկ տարի առաջ գիշերը Ս. Թադեւոսյանի երեսին հայտնված առնետը կծել էր նրա քիթ-բերանը: Երկու տարվա ընթացքում Նոր Արեշ 35փ. 127/1 հասցեի բնակիչները բազմիցս մեզ են դիմել` խնդրելով Ս. Թադեւոսյանին ինչ-որ կերպ աջակցել: Ժամանակին մենք պարբերաբար ահազանգել ենք ՀՀ Առողջապահության նախարարության Հիգիենիկ հակահամաճարակային տեսչություն` տեղեկացնելով շենքի նկուղային հարկի բնակիչ Ս. Թադեւոսյանի սենյակի հակահիգիենիկ վիճակի մասին: Դեռ այն ժամանակվանից սկսած` շենքի բնակիչները բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացրել Սանէպիդկայան, Երեւանի քաղաքապետարան, Էրեբունի վարչական շրջան` հայտարարելով, որ շենքի նկուղային հարկում հնարավոր է խոլերա տարածվի, քանի որ Ս. Թադեւոսյանի սենյակը գտնվում է սանիտարական սոսկալի վիճակում, ավելին` շենքի տակի կոյուղուց առնետները դուրս են գալիս եւ շրջում նրա սենյակով, նրա մարմնի վրայով: Բնակիչների բազմաթիվ ահազանգերն այն ժամանակ մնացել էին անարձագանք: Ս. Թադեւոսյանը դեռ մինչեւ երեկ ապրում էր նույն պայմաններում` սարսափելի վիճակում:

Երեկ վաղ առավոտյան կրկին մեզ են դիմել նշյալ շենքի բնակիչները: Նրանք վրդովված` մեզ խնդրեցին այցելել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բանից պարզվեց, առավոտյան շուտ Ս. Թադեւոսյանին հարեւանները հայտնաբերել են հատակին ընկած, ում անշարժ մարմնի վրա առնետները ողջ գիշեր խրախճանք են սարքել: «Ախր, եթե մենք 1 ժամ լույս չենք ունենում` արդեն գժվում ենք, իսկ էս կինը 10 տարուց ավելի առանց լույսի, առանց հացի ա ապրել: Էս տասը օր էր` արդեն շատ վատ էր: Սենյակից դուրս չէր գալիս, ամբողջ օրը պառկած էր: Մեջն արդեն ուժ չկար, կենդանի դիակի նման էր, չէր խոսում: Մի օր մեկս էր տաք ճաշ տալիս, մյուս օրը` մեկ այլ հարեւան: Ախր սա ի՞նչ երկիր ա, սա ի՞նչ պետություն ա, մեռանք ասելով` էս մարդը սովից մահանում ա, էս մարդն անտեր ա, անհաց ու անլույս ա, բայց մարդիկ քարացած են, իսկ պետությունն էլ թքած ունի»,- լաց լինելով ասում է հարեւանուհին` Մարիամ Պապանյանը` վստահեցնելով, որ Ս. Թադեւոսյանին սենյակում գտել են մահամերձ, անգիտակից վիճակում, հատակին ընկած: Անմիջապես զանգահարել են ՀՀ Առողջապահության նախարարության թեժ գիծ, որտեղից կապվել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Սոցապ նախարարությունն իսկույն զանգահարել է Էրեբունի վարչական շրջանի Սոցիալական բաժին եւ հանձնարարել է սոցիալական աշխատողներին ուղարկել Ս. Թադեւոսյանին օգնություն ցուցաբերելու: ՀՀ Առողջապահության նախարարության թեժ գծից տեղեկացրել են, որ շտապ օգնության բրիգադ են ուղարկում` Ս. Թադեւոսյանին «Էրեբունի» բուժկենտրոն տեղափոխելու համար: «Առողջապահության նախարարության թեժ գիծն անմիջապես արձագանքեց մեր ահազանգին: Շտապօգնության մեքենան եկավ, սոցծառայության աշխատակիցները` նույնպես, եւ Սյուզաննային տեղափոխեցին Էրեբունու հիվանդանոց: Նա անգիտակից, սառած վիճակում էր, մենք կարծում էինք` արդեն մահացել է, քանի որ մարմինն ահավոր սառն էր: Մեզ նույնիսկ թվաց, որ մահացել է, բայց մեր խուճապահար վիճակից հոգեդարձ եղավ: Մարմնի վրայով կռիսները ման էին գալիս, իսկ հատակը լրիվ կրծած-ծակած էր: Սենյակի քրջերի միջից կռիսներ էին դուրս թռչում, դա մի աննկարագրելի տեսարան էր, մինչեւ հիմա ուշքի չենք գալիս»,- ասում է Սյուզաննայի մյուս հարեւանուհին` Լարիսա Մաթեւոսյանը: Նա վստահեցնում է, որ Սյուզաննայի հագուստն այնպիսի վիճակում է եղել, որ ստիպված են եղել ձեռնոցներ հագած մկրատով կտրտելով հանել, եւ նոր հագուստով են ճանապարհել հիվանդանոց, որպեսզի բուժաշխատողները չզզվեն: Տիկին Լարիսան ասում է, որ Սյուզաննայի ոտքերն ահավոր այտուցված եւ կապտած են եղել: Մահամերձ վիճակում գտնվող Ս. Թադեւոսյանին հիվանդանոց տեղափոխելուց հետո հարեւանները հայտնվել են այնպիսի մի իրավիճակում, որ մեր այցելության ժամանակ բարկությունից բղավելով լաց էին լինում: «Ընդունարանի բաժնի վարիչ այդ տիկինը մի մուննաթով, մի արհամարհանքով ասում է, որ` չեմ կարող ընդունել: Ասում եմ` տիկի՛ն, մարդը մահանում է` օգնություն ցույց տվեք: Ասում է` «վճարունակ չի, փաստաթուղթ չունի, չեմ կարող»: Կատաղությունից, խուճապից քիչ էր մնում խեղդեի դրան: Ասում եմ` նախարարությունն է ուղարկել: Ասում է` «Կապ չունի: Եթե ընդունեմ` ո՞վ պիտի նրա համար վճարի»: Ասում եմ` ինքը անտեր ա, հարազատ չունի, մենք` հարեւաններով ենք նրան գտել էս վիճակում: Ասում է` «Դու պատրա՞ստ ես քո գրպանից 10.000 դրամ վճարել, որ նրան բուժօգնություն ցույց տամ»: Սաիյան ազգանունով բաժնի վարիչն ասում է` «Հես ա հետազոտություն կանենք ու տուն կուղարկենք»: Սոցաշխատողը, որը ներկա էր խոսակցությանը, հարցրեց` եթե հետազոտելուց հետո պարզվի նրա հիվանդությունը, դուք բուժօգնություն չե՞ք ցուցաբերի: Ասաց` «Ոչ, վճարունակ չի»»,- պատմում են հարեւանները: Վերջիններս կանգնել էին բակում, մինչեւ լրագրողը կմիջամտեր այս իրավիճակին: Ընդունարանի բաժնի վարիչը մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե բնակիչների հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: «Այո, նրան առավոտյան բերել են շտապ օգնության մեքենայով: Ես գումարի հետ կապված բան չեմ ասել` հասկանալով, որ հիվանդը վճարունակ չէ, գումարի անուն չեմ տվել: Այդ կինը խոսակցության ժամանակ շատ ագրեսիվ էր: Ինձ թվաց, թե հիվանդի քույրն է: Երբ նա ցանկանում էր գնալ` ես նրան ասացի` մի գնացեք, մենք կհետազոտենք եւ կարող է հիվանդին պահելու կարիք չլինի, այլ տնային պայմաններում խնամքի կարիք լինի: Նա սկսեց ագրեսիվ տոնով ասել, թե ինչպե՞ս կարող ենք մահամերձ վիճակում տուն ուղարկել: Եթե մենք չցանկանայինք նրան ընդունել` չէինք հետազոտի, բայց ուղարկել ենք սոնոգրաֆիայի, ռենտգենի»,- ասաց բաժնի վարիչը:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Ս. Թադեւոսյանին շտապ կերպով տեղափոխել են Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսեր, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է վիրուսային թոքախտ հիվանդությունը: Շենքի բնակիչների խոսքով` չի բացառվում, որ շենքի նկուղային հարկում արդեն տուբերկուլյոզային համաճարակ տարածված լինի, քանի որ Ս. Թադեւոսյանն արդեն 10 օր մահամերձ վիճակում է եղել: Էրեբունու պոլիկլինիկայից բնակիչներին անմիջապես տեղեկացրել են իսկույն պոլիկլինիկա այցելելու եւ հարկադիր ստուգման ենթարկվելու մասին: Աբովյանի տուբդիսպանսերի մասնագետները հավանաբար վաղը հետազոտություն կկատարեն նաեւ շենքում: