Եթե Ոստիկանությունը չդադարեցնի ապօրինի հայտարարությունները` հավաքը ցրելու մասին, Հայ ազգային կոնգրեսը դիմելու է դատարան: Այս մասին երեկ Ազատության հրապարակում հայտարարել է Զինդատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ-ի անդամ Գագիկ Ջհանգիրյանը` տեղեկացնելով, որ երեկ իրենց հայցը մուտքագրվել է Վարչական դատարան: «Մենք պահանջում ենք Ոստիկանությունից` ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ բարձրախոսով տեղեկացնելուց: Բազմաթիվ պաշտոնյաներ մեկնաբանություններ են տվել, իբր Ոստիկանության գործողությունները օրինական են: Մեր պաշտոնյաները շատ հեռու են օրենքից եւ օրինականությունից»,- ասել է Ջհանգիրյանը:
Հիշեցնենք, որ ոստիկաններն Ազատության հրապարակում, բարձրախոսով պարբերաբար հայտարարում են, որ ՀԱԿ-ի հավաքն անօրինական է: Ոստիկանությունը հայտարարել է, որ չի խոչընդոտի հանրահավաքին, քանի դեռ այն չի խախտում կարգուկանոնը: