Ոստիկանը կարո՞ղ է ցրել հանրահավաքը

06/10/2011

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ծուղակը կընկնի, եթե հայտարարի, որ Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա հանրահավաքներն ինքնաբուխ են: Նրա խոսքով` ինքնաբուխ հավաքը 6 ժամից ավելի չի կարող տեւել: «Եթե ասում են` շարունակում ենք այստեղ մնալ, դա չի նշանակում, որ արդեն իսկ կարող է ինքնաբուխ լինել: Մինչդեռ ինքնաբուխը նա է, որ մարդիկ ինքնըստինքյան հավաքվել են եւ ինչ-որ բանի դեմ կարծիք են արտահայտում»,- ասել է Հ. Թովմասյանը` Լ. Տեր-Պետրոսյանի իրավաբաններին խորհուրդ տալով կարդալ, թե ի՞նչ է նշանակում «ինքնաբուխ» միջազգային չափանիշներով եւ մեր օրենքներով: Հ. Թովմասյանի համոզմամբ` այս պահին Ազատության հրապարակում խաղաղ, բայց անօրինական հավաք է անցկացվում, եւ այդ ընթացքում անօրինականության մասին Ոստիկանության հայտարարությունները մտնում են նրանց լիազորությունների մեջ: «Ցանկացած իրավունքի յուրացում ենթադրում է որոշակի ընթացակարգ, որն այս պահին պահպանված չէ, օրինակ, լիազոր մարմնին իրազեկելը: Քանի դեռ հավաքը խաղաղ է, նա գոյության իրավունք ունի, թեպետ նրա մասնակիցների ու կազմակերպիչների համար այս դեպքում նախատեսված է համապատասխան պատասխանատվություն»,- ասել է նա` ընդգծելով, որ եթե հավաքն ընդունի տեւական բնույթ, ապա որոշակի մի փուլում, ինչ-որ մի պահի, հավաքի մասնակիցներին ասվելու է, որ այդ տարածքը փակ է հանգստի, մշակութային իրադարձությունների համար: Հարցին, թե ո՞վ է որոշում` ե՞րբ է եկել այն պահը, որ հավաքը պետք է դադարեցնել, Հ. Թովմասյանը պատասխանել է. «Ոստիկանության հայեցողությանն է թողնված: Նա այնքան ժամանակ կարող է սպասել, քանի դեռ չի գնահատել, որ առկա է անհամամասնություն, եւ պետք է դադարեցնել»: Հարցին էլ, թե կարո՞ղ է Ոստիկանությունն ինքնուրույն կտրուկ քայլերի դիմելու որոշում կայացնել եւ ցրել հանրահավաքը, ԱՆ նախարարը պատասխանել է. «Այն անձը (Ոստիկանության պաշտոնյա.- խմբ.), որն այնտեղ (հանրահավաքի վայրում.- խմբ.) իրականացնում է ծառայություն, կարող է այդ որոշումը կայացնել»: Իսկ թե Ոստիկանության պաշտոնյան այդ քայլն անելու մասին ՀՀ Ոստիկանապետին տեղյակ պիտի պահի՞, թե՞ ոչ, նախարար Թովմասյանը տեղյակ չէր: