Աթենքի հայ համայնքի հետ նոյեմբերի 10-ին կայացած հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն օրերս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին գրավոր հորդորել են հունվարին հանդիպում անցկացնել։ Ռ. Քոչարյանը նշել է. «Համանախագահները, թերեւս, նկատի ունեն, որ 2006 թվականն ընտրական թոհուբոհից ազատ է, եւ կարելի է ակտիվ աշխատել: Կարծում եմ, սա է միջնորդների ակտիվության տրամաբանությունը, եւ այստեղ, իհարկե, որոշակի ճշմարտություն կա: Կփորձենք հաջորդ տարի ավելի ակտիվ լինել։ Ասեմ, որ գործը տեղից շարժելու հնարավորություն ես իսկապես տեսնում եմ»: Այնուհետեւ Ռ. Քոչարյանը հավելել է. «Շտապելու խնդիր մեր առջեւ չենք դրել։ Եթե կա մեզ համար բարենպաստ տարբերակ` կարգավորելու հակամարտությունը, այդ շանսը բաց թողնելը ողջամիտ չի լինի»: