Հեռանալիս չանիծեք

04/10/2011

Երեկ, երկարատեւ մտորումներից հետո, իշխանությունները վերջապես որոշում կայացրեցին «կիսամերժել» Հայ ազգային կոնգրեսի` երկխոսությունը շարունակելու առաջարկը` վերջինիս դնելով անհարմար դրության մեջ: «Մենք անընդունելի ենք համարում իշխանությունների օրինական գործողությունները խեղաթյուրելը, անհարկի քաղաքականացնելը եւ դրանք մատի փաթաթան դարձնելու միջոցով երկխոսության վիժեցումը: Միաժամանակ հուսով ենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները վերջապես հասկացան, որ հարցեր քննարկելու եւ լուծումներ գտնելու միակ արդյունավետ ճանապարհը երկխոսության սեղանի շուրջ աշխատանքը շարունակելն է: Ափսոսում ենք, որ այսքան ժամանակ է կորցվել: Միեւնույն ժամանակ, չենք կարծում, թե ՀԱԿ-ի կողմից անցկացվող անօրինական հավաքի պայմաններում երկխոսությունը վերսկսելն այն արդյունավետ կդարձնի: Մենք կսպասենք այդ անօրինական գործընթացի ավարտին, որից հետո կքննարկենք ՀԱԿ ներկայացուցիչների հետ մեր հանդիպման մանրամասները»,- հայտարարել է ՀԱԿ-ի հետ բանակցող իշխանական պատվիրակությունը: Իսկ այն մասին, որ ՀԱԿ-ը հայտնվել է անհարմար վիճակում, վկայում է այն հանգամանքը, որ մինչեւ կեսգիշեր չպատասխանեց կոալիցիոն հայտարարությանը: Ի՞նչ է ստացվում` ՀԱԿ-ը հանրահավաք եւ նստացույց է անում` իրականում երկխոսությունը վերսկսելու համար, իշխանությունն էլ հայտարարում է` դադարեցրու` վերսկսեմ: Իրականում` ՀԱԿ-ը դեմ չէր լինի դադարեցնել նստացույցը, բայց, ինչպես ժողովրդական խոսքն է ասում` «էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու»: ՀԱԿ-ը հիմա կանգնած է մեկ կարեւոր խնդրի առաջ` ինչպես նստացույցի մասնակիցներին տուն ուղարկել այնպես, որ «սխալ չհասկանան»: