Ցուցմունք չի տվել

04/10/2011

ՃՈ նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի գործը դեռ նախաքննության փուլում է, եւ հայտնի չէ, թե ե՞րբ կավարտվի: Նրա շահերի պաշտպան Մկրտիչ Վասակյանը «Ա1+»-ին ասել է, որ Մ. Օհանյանը ընկճված չէ եւ իրեն մեղավոր չի ճանաչում: Ըստ փաստաբանի` պաշտպանական կողմը նրա անմեղությունն ապացուցող փաստեր ունի եւ դա կներկայացնի եւ՛ նախաքննության, եւ՛ դատաքննության փուլում: Պաշտպանը հերքել է նաեւ մամուլում շրջանառվող լուրերը, թե Մ. Օհանյանը ցուցմունքներ է տվել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դեմ. «Ոչ բարձրաստիճան, ոչ ցածրաստիճան պաշտոնյաների դեմ ցուցմունքներ չի տվել»: Հիշեցնենք, որ Մ. Օհանյանը ձերբակալվել էր օգոստոսի 30-ին` պաշտոնական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակության կասկածանքով: Նոյեմբերի 2-ին լրանում է նրա նախնական կալանքի երկու ամիսը: