«Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդին` Արտյուշա Հակոբյանը կասկածվում է վերջերս վնասազերծված բանդայի գործով: ԶԼՄ-ներն այս օրերին անդրադարձան «Սուրիկի Լավաշի» սեփականատեր Արտյուշա Հակոբյանի կողմից ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի առեւանգման միջադեպին, որը տեղի է ունեցել 1998թ.: Արտյուշա Հակոբյանը Երեւանի փողոցներից մեկում հարձակվել էր Բագրատ Ասատրյանի վրա եւ զենքի սպառնալիքով առեւանգել նրան: Իբրեւ փրկագին` Բ. Ասատրյանի հարազատներից «Մռութ» մականունով Ա. Հակոբյանը պահանջել էր 100.000 ԱՄՆ դոլար: Արդյունքում, իհարկե, Արտյուշայի գլխավորած բանդան հայտնվել է քրեակատարողական հիմնարկում: Արտյուշայի հայրը` Ս. Հակոբյանը, սակայն, երեկ ասել է, թե Բագրատ Ասատրյանը 100.000 դոլար էր վերցրել իրենից` պատգամավորական իր ընտրարշավն անցկացնելու համար: Ավելին, ըստ Ս. Հակոբյանի` Բ. Ասատրյանն այն ժամանակ ասել էր, թե ընտրություններից հետո գումարի փոխարեն Գառնիի իր ամառանոցը կտա Հակոբյաններին, սակայն ոչ ամառանոցը, եւ ոչ էլ գումարն է տվել: Ս. Հակոբյանի վարկածով` Արտյուշան իմացել է այս մասին ու Բագրատ Ասատրյանից պահանջել է իրենց գումարը, սակայն վերջինս բռնել է տվել իր որդուն: «Բ. Ասատրյանին ոչ ոք չի ծեծել, չեն առեւանգել, սուտ ա ասում: Էդ փողը մերն ա եղել, որ պետք ա մեզ տար: Բագրատ Ասատրյանը մինչեւ հիմա ինձ 100.000 դոլար փող ա պարտք, մինչեւ հիմա էլ չի վերադարձրել»,- ասել է Արտյուշայի հայրը: