Ամեն ինչ պարզ է

04/10/2011

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի կարծիքով` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններում լուրջ հակասություններ կան: «Նախ` նա հայտարարում էր, թե երբեք էլ չեն հավատացել, որ երկխոսությունն արդյունք կտա, նույնիսկ օգտագործվեց ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստի ձերբակալությունը երկխոսությունից դուրս գալու համար, եւ հանկարծ այս փուլում հայտարարվում է, թե իրենք, միեւնույն է` գնալու են երկխոսության»,- ասել է Ռ. Հակոբյանը` հավելելով, թե ՀԱԿ-ն այս ակտիվացման փուլով փորձ է անում պահել ընտրազանգվածը մինչեւ տարեվերջ` բուն նախընտրական փուլը: Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` ՀԱԿ-ին միանալու կոչին, «Ժառանգության» ներկայացուցիչն ասել է. «Այն, որ հարթակից հայտարարվում է, թե` եկեք, միացեք, եթե նույնիսկ մեզ չեք համակրում, ավելի ճիշտ` մի օրինակ է, թե ինչպես կարելի է առաջարկություն չանել: Չեմ կարծում, որ իրեն հարգող որեւէ քաղաքական ուժ կարող է գնալ միանալ ՀԱԿ-ին նման առաջարկության դեպքում»: Նրա դիտարկմամբ` առաջարկն ունենում է արարողակարգային որոշակի նորմեր, իսկ Զուրաբյանի առաջարկը չէր համապատասխանում դրանց: «Այսօր ՀԱԿ-ն անհասկանալի որոշումներ ընդունելու գործում ոնց որ մոնստր լինի: Այդպես չեն որոշումներ ընդունում ու առաջարկություններ անում»: Հարցին, թե ՀԱԿ-ի` վճռական գործողություններ սկսելու պահը արդյոք չէ՞ր համընկնում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունների հետ, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է. «Ինձ համար ամեն ինչ պարզ է. Լ. Տեր-Պետրոսյանն առաջարկում է Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի ամբողջ մեղավորությունը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, ինչն էլ նրանց համար հնարավորություն կստեղծի միասին գործելու, եւ իշխանությունը կկարողանան միասին ձեւավորել, իսկ Տեր-Պետրոսյանն էլ ներողամտորեն կվերաբերվի Սերժ Սարգսյանին»: Սակայն, ըստ Ռ. Հակոբյանի` Ս. Սարգսյանը երբեք այդ քայլին չի գնա, քանզի, թեեւ Քոչարյանի եւ Սարգսյանի միջեւ այսօր կան որոշակի հակասություններ, «բայց դա դեռ չի նշանակում, որ Մարտի 1-ով Ս. Սարգսյանն ամբողջությամբ կարող է համաձայնել Տեր-Պետրոսյանի հետ ու ամբողջ մեղքը բարդել Ռ. Քոչարյանի վրա»: