Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ի սահմաններում M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ տեղի ունեցած սողանքը լարված իրավիճակ է ստեղծել ամբողջ հանրապետությունում:
130մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհ` այն ամբողջովին դարձնելով անանցանելի: Փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 ավտոմեքենաներ, որոնցից, ըստ փրկարարների, շուրջ 25-ը մարդատար է: Երեկ կեսօրվա դրությամբ` սողանքի հետեւանքով 7 մարդ համարվում էր անհայտ կորած: Արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարարության` ժամը 18:05-ի տվյալներով` անհայտ կորածների թիվը նվազել է երկուսով: Ըստ այդ ժամի տեղեկատվության` անհայտ կորածների թվում են` Արմեն Սորսումատյանը (1973 ծնված, Երեւանի բնակիչ), Մեխակ Սորսումատյանը (1964թ. ծնված, Երեւանի բնակիչ), Նորիկ Միրզոյանը (1939թ. ծնված. Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուրգենի Հակոբյանը (1992թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյանը (1949թ. ծնված, Վրաստանի քաղաքացի): Իսկ նախկինում անհայտ կորածների ցուցակում նշված Գենա Սուրմանիձեն (1961թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Նուքրի Սուրմանիձեն (1981թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), 1962թ. ծնված Մամիկոն Գասպարյանը, 1984թ. ծնված Ալեքսանդր Բաղդասարովը, 1986թ. ծնված Տիգրան Մեջինյանը, 1975թ. ծնված, Գյումրու բնակիչ Վարդան Կարապետյանը, 1970թ. ծնված, Գյումրու բնակիչ Արտակը տեղեկացրել են հարազատներին, որ սողանքի պահին իրենք չեն գտնվել դեպքի վայրում կամ անվնաս են: ՀՀ Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն` սողանքի հետեւանքով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապ օգնության մեքենայով բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնց մոտ եղել են գանգի վնասվածքներ` առանց գանգոսկրի կոտրվածքների, կրծքավանդակի սալջարդ` առանց ներքին օրգանների վնասվածքների, նախաբազկի եւ սրունքի կոտրվածքներ: Մեկ տուժած տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն` աջ սրունքի դրսային պճեղի փակ կոտրվածքով, առանց տեղաշարժի, վեգոսկրի դրսային եզրի բեկորային կոտրվածքով, տեղաշարժով:
Տուժածը դուրս է գրվել հիվանդանոցից գիպսային անշարժացում, ցավազրկում կատարելուց հետո, իսկ նշյալ 7 տուժածները համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հարազատների պահանջով տեղափոխվել են Երեւան: Ընդհանուր առմամբ` տուժածների վիճակը գնահատում են միջին ծանրության: Օրվա ընթացքում լայնածավալ միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղեւորներին օգնություն ցուցաբերելու համար: Որոնողական եւ փրկարարական աշխատանքներին խոչընդոտում են եղանակային անբարենպաստ պայմանները` սողանքի վտանգը կրկնապատկելով:
Երեկ ժամը 17:30-ի դրությամբ սողանքային գոտում շարունակում էին աշխատել շուրջ 70 փրկարարներ: Պարբերաբար տեղացող անձրեւը եւ սողանքի դեռեւս ակտիվ վիճակը բարդացնում էին որոնողափրկարարական աշխատանքները` հնարավորություն չտալով օգտագործել ծանր տեխնիկան: Աշխատանքներն իրականացվում էին ձեռքի ուժով` բահերի եւ այլ գործիքների օգնությամբ: Մինչ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեին, բնակիչներից շատերը փորձում էին գտնել որոշ հարցերի պատասխաններ: «Սեպտեմբերի 30-ին Վանաձոր-Բագրատաշեն նույն ճանապարհահատվածում, որտեղ տեղի է ունեցել սողանքը, միջադեպ էր գրանցվել` ժայռը փլվել էր: Սա արդեն նախանշան էր այն մեծ սողանքի, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին, սակայն, ցավոք, այդ նախանշանին ուշադրություն դարձնող չկար` փլված ճանապարհահատվածը նորոգեցին-գնացին»,- երեկ մեզ հետ զրույցում նշեց Լոռու մարզի բնակչուհիներից մեկը: Ընդ որում` բնակիչներից ոմանք սողանքը պայմանավորեցին այդ օրը հանրապետությունում գրանցված երկրաշարժով` նկատելով նաեւ, որ նշյալ տեղանքը համարվում է սողանքային գոտի: Ընդ որում` երեկ տեղանքի ոչ սողանքային գոտի լինելու մասին ասել էր Տավուշի մարզի Փրկարարական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Վաղինակ Հովսեփյանը: Մինչդեռ դրան հաջորդեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի դիտարկումը, ըստ որի` նշյալ գոտին համարվում է սողանքային: Դեպքի հետ կապված որոշ հարցերի պատասխաններ մենք փորձեցինք պարզել ԱԻ նախարարության փրկարար ծառայության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանից: «Սողանքների առաջացման պատճառների մեջ` որպես առաջին պատճառ, ընդհանրապես նշվում է սեյսմիկ տեկտոնիկ պատճառը, այսինքն` ուժեղ ցնցումների, երկրաշարժերի, հզոր պայթյունների ընթացքում կարող են առաջանալ փլվածքներ եւ սողանքներ: Եվ երկրորդ հիմնական պատճառը ջուրը, խոնավությունն է, որը փոխում է հողաշերտը իր զանգվածից` տեղաշարժելով հորիզոնական ուղղությամբ: Հիմնական պատճառը նաեւ հողմի, քամու, անձրեւի, եղանակի փոփոխության հետ կապված ազդեցություններն են: Սրանք այն պատճառներն են, որոնք տարբեր սողանքների պատճառ են դառնում»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Ն. Գրիգորյանը: Հարցին, թե վերոնշյալ վայրը արդյոք համարվո՞ւմ է սողանքային գոտի, վերջինս պատասխանեց. «Դեռ 2004թ. Ճապոնիայի զարգացման գործակալության հետ իրականացվում էր ծրագիր, եւ անձնագրավորվում էին Հայաստանի Հանրապետության սողանքները, այս սողանքը նույնպես իր թեք լանջով, վտանգավոր հատվածով մտել էր այդ անձնագրավորման ցանկի մեջ: Սողանքի առաջացման հիմնական պատճառն այն է, որ այդ օրը, երբ բեռնատար մեքենան շրջվել էր, երկու ծանր կռունկներ էին տարել` մեքենան ոտքի կանգնեցնելու համար: Իսկ հետո 4 կողմից մեքենաներ էին կանգնել, եւ առաջացել էր խցանում: Սողանքային գոտում հայտնվել էր 35 մեքենա»: Մեր հարցին, որ սողանքից 2 օր առաջ կրկին միջադեպ էր գրանցվել. սողանքային նույն գոտում տեղի ունեցած փլվածքը (փոքր մասշտաբի) արդյոք նախանշա՞ն չէր, ինչո՞ւ քայլեր չձեռնարկվեցին, Ն. Գրիգորյանը պատասխանեց. «Իհարկե, նախանշան էր: Պատրաստվելը ո՞րն է: Պատրաստվելու խնդիր չկա: Եթե սողանքը ակտիվացել է, միեւնույն է` գալու է: Խնդիրն այն է, որ մի քանի նախապայմանները համընկան` մեքենայի վթարը, մյուս մեքենաների այդ նեղ հատվածում հայտնվելը»: Ի դեպ, նշենք, որ երեկ երեկոյան սողանքային գոտի է այցելել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այժմ գործում է շրջանցիկ ճանապարհ` Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Բագրատաշեն ուղղությամբ: