ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 30-ի ելույթին: «Ես դիտել եմ Տեր-Պետրոսյանի այդ ելույթը տեսագրությամբ: Նա հիշեցնում էր 1988թ. ՀՀՇ-ի հայտնի ԲՏՌ կանանց, ինչպես ձեւով, այնպես էլ բովանդակությամբ: Ըստ ամենայնի, Տեր-Պետրոսյանը վստահ է, որ ինքը բացառիկության կարգով ցմահ սեփականաշնորհել է քաղաքականություն վերադառնալու իրավունքը: Այլ կերպ դժվար է բացատրել իր հիստերիկ արձագանքը նախագահ Քոչարյանի օրեր առաջ արած ակնարկին: Սա, ընդհանուր առմամբ, երեւույթի վերաբերյալ: Անդրադառնամ նաեւ Տեր-Պետրոսյանի ելույթի բովանդակությանը: Նա կոնֆորմիստ է անվանում մի մարդու, ով գլխավորել է ազատագրական շարժումը Արցախում, իսկ այնուհետ` Արցախի պետությունը պատերազմի տարիներին: Մի մարդու, ով իրեն (Տեր-Պետրոսյանին) դուրս է շպրտել իշխանությունից` թույլ չտալով վաճառքի հանել ԼՂՀ ազատությունը: Կամ Տեր-Պետրոսյանը չգիտի «կոնֆորմիստ» բառի նշանակությունը, կամ էլ` ինքնասիրահարվածությունը վերջնականապես անջատել է նրա հիշողությունը` տրամաբանության հետ միասին: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը երբեք չի եղել ՀՀՇ կուսակցության անդամ, իսկ առավել եւս` ընդգրկված չի եղել այդ կուսակցության ղեկավար մարմիններում: Ինչ վերաբերում է այն մտքին, թե Քոչարյանը երբեք չի վայելել որեւէ կուսակցության աջակցությունը, ապա ՀՀՇ-ի ղեկավարին հարկ է հիշել այն հեղինակավոր կուսակցությունների քանակը, որ սատարել են նախագահ Քոչարյանին թե՛ երկու նախագահական ընտրությունների ժամանակ, թե՛ կառավարման ամբողջ շրջանում: Ինձ համար անհասկանալի է. Տեր-Պետրոսյանը ցինիկաբար ստո՞ւմ է, թե՞ տառապում է հիշողության կորստով: Թերեւս, եւ՛ մեկը, եւ՛ մյուսը: Վերջապես, Ռ. Քոչարյանի «անհանգստության» եւ «գիշերները չքնելու» մասին արտահայտված մտքերի վերաբերյալ: Կարծում եմ, հասարակությանը հայտնի է Տեր-Պետրոսյանի հանգիստ քնելու «զարմանալի» ունակությունը, նույնիսկ 2008թ. մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ բացառապես իր մեղքով 10 մարդ զոհվեց: Ով` ով, բայց Տեր-Պետրոսյանը բարոյականության եւ խղճի խայթի պատճառով առաջացած անքնությունից խոսելու իրավունք չունի, առավել եւս` Մարտի 1-ի համատեքստում: Մի խոսքով, Տեր-Պետրոսյանի այդ ելույթը խղճահարություն է առաջացնում: Գաղափարներն ու կողմնակիցներին վաճառած մարդը, ճիշտ կլիներ, որ խուսափեր այլոց հասցեին քննադատություն հնչեցնելուց եւ ելույթներ ունենար բացառապես իր հիմնական թեմային համապատասխան` աղերսներով առ իշխանություններ երկխոսությունը շարունակելու վերաբերյալ»: