Զգուշացե՛ք ֆինանսների նախարարության հետ գործարք կնքելուց

04/10/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նկարում պատկերված տարեց այս ամուսինները դատարանի մուրճի մի հարվածով զրկվել են ամեն ինչից` բնակարանից, առողջությունից, վաղվա օրվա ապրելու հույսից եւ, որ ամենակարեւորն է` Հայաստանում երբեւէ արդարություն գտնելու փնտրտուքից: Տարիներ շարունակ այդ հարցով դիմում են համապատասխան պետական կառույցներին, որտեղից նրանց գնդակի պես «տշում» են այստեղից այնտեղ: «Դիմում եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` ուղարկում են ՀՀ ոստիկանություն: Դիմում եմ Ոստիկանություն` ուղարկում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Դիմում եմ ՀՀ դատախազություն` պատասխան չկա: Դիմում եմ ՀՀ Արդարադատության նախարարություն` ուղարկում են դատարան: Ախր ա՛յ Արդարադատության նախարար, ես դատարանի կեղծ վճիռը ձեռքիս եկել եմ քո մոտ, որ տեսնես, թե ինչ կեղծիք է անում քո վերահսկողության տակ գտնվող մարմինը, իսկ դու նորից ինձ ուղարկում ես դատարա՞ն»,- վրդովված ասում է Ժորա Ղարիբյանը` հայտարարելով, որ պետական մարմինները բյուջեից աշխատավարձ են ստանում իրենց անգործության եւ քաղաքացիների դիմումները «բանի» տեղ չդնելու համար:

 

Բանն այն է, որ Դավիթաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի 34 տան սեփականատեր Ժ. Ղարիբյանը 2004թ. պետության հետ գործարք է կնքել, որի արդյունքում պետությունն այսօր նրան թողել է առանց ոչնչի: «Պետությունը բռնադատվածների զավակներին վարկեր տրամադրելու ծրագիր էր իրականացնում: Ես, որպես այդ կարգավիճակի մարդ, պետությունից 3,5մլն դրամ արտոնյալ վարկ վերցրեցի` 25 տարվա մարման ժամկետով, տարեկան 1% տոկոսադրույքով: Վարկ վերցնելու նպատակը մեր տունը վերանորոգելն էր: Այնպես ստացվեց, որ գումարը չբավարարեց եւ մեկ տարի հետո էլ` հարեւանիցս 1մլն 200.000 դրամ պարտք վերցրեցի: Համաձայն գրավոր պայմանավորվածության` բնակարանը պիտի վաճառեի եւ պարտքով վերցրած գումարից բացի, պետք է նրան տրամադրեի եւս 300.000 դրամ»,- պատմում է Ժ. Ղարիբյանն` ասելով, որ բնակարանի վաճառքը ձգձգվել է, ինչի պատճառով հարեւանը` Ազատ Հարությունյանը դիմել է դատարան: 2007թ. Ա. Հարությունյանը ներկայացել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Ժ. Ղարիբյանից բռնագանձել իրենից վերցրած 1մլն 200.000 դրամը: Դատաքննության ընթացքում Ժ. Ղարիբյանը գումարը չվերադարձնելու փաստը պատճառաբանել է բնակարանի վաճառքի ձգձգումով եւ առաջարկել է ամսական 60.000 դրամ գումարով մարել պարտքը` մինչեւ տունը կվաճառի եւ կանխիկ գումարով կվերադարձնի ողջ պարտքը: Սակայն դատարանը չի փորձել այս երկու կողմերի միջեւ փոխհամաձայնության գալու որոշում ընդունել: Դատարանն ընդունել է մի տարբերակ, որով շահում են բոլորը, բացի բնակարանի սեփականատիրոջից: Աջափնյակ եւ Դավիթաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ոչ ավել, ոչ պակաս, արձակել է հետեւյալ վճիռը. «Ժ. Ղարիբյանից հօգուտ Ա. Հարությունյանի բռնագանձել 1.200.000 դրամ, որպես փոխառության գումար: 19.01.2007թ. սկսած մինչեւ վճռի կատարումը Ժ. Ղարիբյանից հօգուտ Ա. Հարությունյանի բռնագանձել 1.200.000 դրամին վճարման ենթակա տոկոսներ` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»: Այն, որ Ժ. Ղարիբյանը պարտավոր էր վերցրած գումարը հարեւանին վերադարձնել` վիճարկման ենթակա չէ, սակայն վիճարկման ենթակա է դատարանի գործողությունները: Դատարանը Ժ. Ղարիբյանի եւ նրա հարեւան Ա. Հարությունյանի միջեւ հաշտության եզրեր գտնելու փորձ չի արել, քանի որ կա ավելի լավ տարբերակ. Այսպիսով, գործի է անցել ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը, որի համար որեւէ գույք աճուրդի դնելու պրոցեսը շահեկան է բառիս բուն իմաստով, քանի որ մարդկանց սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վաճառվում է գրոշներով, ընդ որում` գնորդները, որպես կանոն, լինում են ընտրյալներ: Այս գործում կա հետաքրքիր մի փաստ. Ժ. Ղարիբյանը պետությունից վարկ էր վերցրել, հետեւաբար` նրա գույքը գրավադրված էր եւ չէր կարող աճուրդով վաճառվել` դրա վրա արգելանք լինելու պատճառով: Որպես վարկի ապահովման միջոց` ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության եւ Ժ. Ղարիբյանի միջեւ 2004թ. կնքվել էր անշարժ գույքի գրավի պայմանագիր, որով գրավադրվել է սեփականության իրավունքով Ժ. Ղարիբյանին պատկանող 0,0470հա չափով հողամասը, 183,1քմ տարածքով կիսակառույց տունը եւ կառուցվող տան ու գնված շինությունների նկատմամբ ապագայում ծագող իր բոլոր իրավունքները` ներառյալ օգտագործման, տիրապետման եւ տնօրինման իրավունքները կառուցման ցանկացած փուլում: Օգտվելով առիթից` ՀՀ Ֆինանսների նախարարությունն էլ իր հերթին դատարանից պահանջել է Ժ. Ղարիբյանից բռնագանձել 3,5մլն վարկային գումարն իր 89.013 դրամ տոկոսագումարով: Այլ կերպ ասած` ՀՀ Ֆինանսների նախարարությունը մի դեպքում նրա հետ 25 տարվա մարման ժամկետով պայմանագիր է կնքել, մյուս դեպքում` առիթից օգտվելով դատարանից պահանջել է բռնագանձել վարկը: «Դատարանը բնակարանս աճուրդի դնելու վճիռ կայացրեց, բայց խանգարող հանգամանք կար` բնակարանս գրավ էր դրված վարկի դիմաց: Դատարանը Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ ինչ-ինչ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո ԴԱՀԿ-ի միջոցով տունս աճուրդի դրեց, այն դեպքում, երբ իրավունք չունեին: Այդ ընթացքում ես պետության հետ գործարք, պայմանագիր ունեի: Վարկային պայմանագրերը նույնիսկ չեղյալ չհայտարարեցին, բայց դա 25 տարվա համար էր կնքված»,- վստահեցնում է Ժ. Ղարիբյանը` հավելելով, որ Արաբկիր եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ Ֆինանսների նախարարության հետ անօրինական գործարքի մեջ է մտել, ինչի արդյունքում իր հսկայական տունը «կոպեկներով» վաճառել են: Այնուամենայնիվ, բնակարանը դրվել է աճուրդի, որը ԴԱՀԿ-ն գնահատել է 52մլն դրամ: Մեկնարկային գին են սահմանել 39մլն դրամ գումարը. «Հետո, իբր ի բարօրություն ինձ, մեկնարկային գինը փոխեցին, դարձրեցին 23մլն դրամ եւ վաճառեցին 25մլն-ով: Իրենք դրել են աճուրդի, իրենք վաճառել են, իրենք մասնակցել են ու ընդամենը 25մլն դրամով վաճառել են մի հսկայական, վերանորոգված շենք-շինություն: 1,5 մլն տվել եմ հարեւանիս` պարտատիրոջը, 3,5 մլն դրամը տվել եմ ՀՀ Ֆինանսների նախարարությանը»: Ժ. Ղարիբյանին իր բնակարանի աճուրդից բաժին է հասել ընդամենը 19մլն դրամ: Այս տարեց ամուսինները վստահեցնում են, որ վերոնշյալ պրոցեսն այնքան արագ ու անակնկալ է անցել, որ չեն հասցրել ոչինչ անել: 2008թ. սեպտեմբերի 17-ին ԴԱՀԿ աշխատակից Էդուարդ Պետրոսյանը եկել է իրենց տուն եւ պահանջել անհապաղ ազատել բնակարանը: Անկողնային հիվանդ կինը` Գրետա Ավետիսյանն, այդ օրը կոմայի մեջ է եղել, ինչի պատճառով ամուսինը խնդրել է 2 օր ժամանակ տրամադրել` ապրելու տեղ գտնելու համար: «Ասաց` սա Աղվան Հովսեփյանի հրամանն ա, ազատեք տունը: Բարբարոսների նման հիվանդ կնոջս արհամարհելով` ամբողջ տունը ավերեցին, դռան փականներից սկսած` մինչեւ անգամ հայելիները, զուգարանակոնքը, լվացարանը լրիվ ջարդեցին, հանեցին: Ասում է` տան նոր տերը պիտի վերանորոգի, սրանք պետք չեն լինելու: Ես ենթադրում եմ, որ էդ ջրի գնով տունը գնել է հենց ԴԱՀԿ աշխատակիցներից մեկը»,- ասում է Ժ. Ղարիբյանը` վստահեցնելով, որ չնայած տունն աճուրդով վաճառվել է, այդուհանդերձ` ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավիթաշենի ստորաբաժանմանը հարցում կատարելիս` ստացել է մի գրություն, ըստ որի` 9-րդ փողոցի 34 տան սեփականատեր մինչ օրս հանդիսանում է ինքը: «Էնպիսի անօրինականություն են կատարել, որ չորս տարի շարունակ չեն կարողանում տունը գնած մարդու անունով սեփականություն գրանցեն, որովհետեւ տունն իմ անունով է: Նախ` Ֆինանսների նախարարության վարկի դիմաց գրավադրված էր, բայց վարկը մարելուց հետո էլ չգիտեմ փաստաթղթային ինչ կեղծիքներ են կատարել, համենայնդեպս, մինչ օրս ես եմ սեփականատեր հանդիսանում, չեն կարողանում փաստաթղթային հարցերն ի մի բերել»,- ասում է նա` վստահեցնելով, որ աճուրդից իրեն տրված 25մլն-ից վարկն ու պարտքը մարելուց հետո մնացած 19 մլն դրամով Զովունիում մի կիսակառույց են գնել եւ կիսաբետոնապատ այդ տանն են ապրում մինչեւ այսօր: Ի դեպ, Գ. Ավետիսյանն իրենց հետ կատարվածից հետո այնքան սթրեսներ է տարել, որ անգամ բուժհաստատություններում ի զորու չեն նրան օգնել. «Չեն կարողանում շաքարն իջեցնել: Բժիշկն էլ է ապշած, թե էդքան ինսուլին ստանալուց հետո ինչո՞ւ չի կարգավորվում շաքարը»: Ժ. Ղարիբյանն ասում է, որ այլեւս չի դիմելու պետական որեւէ կառույցի, քանի որ տարիների փորձը ցույց է տվել, որ դիմում-բողոքները ոչ մի ուշադրության չեն արժանանում: Ի պատասխան մեր հարցին, թե ո՞րն է մեզ դիմելու պատճառն այն դեպքում, երբ դատական պրոցեսն ավարտված է, իսկ տունն էլ` վաճառված` Ժ. Ղարիբյանն ասում է. «Քանի որ չկա մի կառույց, որը կփորձի ուսումնասիրել էս կեղծ գործը, դրա համար էլ դիմել ենք Ձեր օգնությանը: Հասկանո՞ւմ եք, ուրիշ ճանապարհ չունենք, ոչ ոք չի լսում, բանի տեղ չեն դնում մեր բողոքներին: Թերթով ենք հայտարարում, թող մեզ վերադարձնեն մեր տան գումարը: Իրենք գնահատել էին 52մլն դրամ, որից միայն 25մլն բաժին հասավ, իսկ այդ 25մլն-ից էլ վարկն ենք վերադարձրել եւ 1,5 մլն պարտքը ու հայտնվել էս վիճակում»: