Կվերադառնա` պահանջարկի դեպքում

02/10/2011

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում չի բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն: Պատասխանելով լրատվամիջոցի հարցին, թե` քաղաքականություն իր վերադառնալու հարցը դարձել է Հայաստանի ներքաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը, իսկ 2012 թվականին ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի առաջադրվելու փաստը բուռն քննարկումների եւ բանավեճերի առարկա է դարձել` Հայաստանի ներքաղաքական գործընթացների ու երկրորդ նախագահի քաղաքական հեռանկարների վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից, Ռ. Քոչարյանն ասել է. «Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եվ դա տեղի է ունենում Հայաստանի Անկախության քսանամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ` Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկցվեն դրսից»: Նաեւ հավելել է. «Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն, այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեեւ շատ մոտ եւ Հայաստանի համար շատ կարեւոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետեւյալ երեք գործոնները. 1. Երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավման բացակայությունը, եւ, որպես հետեւանք` փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը: 2. Հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը: 3. Իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը: Այս երեք գործոնների առկայության պարագայում կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար: Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն հանդիսանում»: