Քննարկել են` փակ դռների ետեւում

02/10/2011

Երեկ ԱԺ-ում փակ դռների ետեւում հանդիպել են անցած տարիներին բանակում զոհված զինծառայողների ծնողներն ու ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության, ինչպես նաեւ` Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովների նախագահները: Հանդիպումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ: Ըստ «Ազատության»` քննարկումը կիսատ թողնելով` դահլիճից բարկացած դուրս է եկել 2007թ. Ստեփանակերտի զորամասում սպանված Գեղամ Սերգոյանի հայրը: «Հենց առաջին խոսացողին ասացի` էդ ի՞նչ եք խոսում: Ասացի` դու արդեն պետք է ձեր մոտ ունենաք բոլորի գործերը, պետք է իմանայիք, թե չէ` եկել եք լսելու, այսօր կլսեք, հաջորդ անգամ էլ չեն ընդունի: Սա ժամանակ կորցնել է նշանակում»,- ասել է մահացած զինվորի հայրը: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ ասել է, թե անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել զինվորների մահվան գործերի քննության նկատմամբ: «Այս ներկայացված գործերով որեւէ մարմին իրավունք չունի միջամտել դատարանի գործունեությանը, նույնիսկ նման ցնցող դեպքերով, ինչպիսին այս սպանության կամ մահվան դեպքերն են: Խնդիրն այլ է, որ քննությունը հաճախ չի իրականացվել բավարար չափով, կամ ծնողները գտնում են, որ չի իրականացվել, հետեւաբար` մեր խնդիրն է ապահովել այդ քննության վերսկսումը, իրականացումը կամ օրենքով սահմանված որոշակի վերահսկողությունը այդ քննությունների նկատմամբ»,- «Ազատությանն» ասել է նա: